HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ․ բոլոր գազալցակայանների ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև՝ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները: 

ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները, ըստ հաղորդագրության, 2018թ. ընթացքում կազմել են հեղուկ գազի շարժական և ստացիոնար լցակայանների վերաբերյալ 58 արձանագրություն, որոնցից 53-ը՝ շարժական գազալցակայանների վերաբերյալ, 19-ով կայացվել են որոշումներ՝ վարչական վարույթը կարճելու մասին, քանի որ վերացվել են տեխնիկական անվտանգության բնագավառի օրենսդրության խախտումները: 19 արձանագրություններից 11-ը վերաբերել են շարժական գազալցակայաններին, որոնք անցել են գործունեության ստացիոնար ձևին: 

Բոլոր գազալցակայանների ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու մասին: Միաժամանակ նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին:

ԱԻՆ-ը հավաստում է, որ իրականացված աշխատանքների արդյունքում՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Ըստ նախարարության՝ շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ԱԻՆ՝ իրենց արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ստացիոնար դարձնելու համար: Մասնավորապես՝ հեղուկ գազի ստացիոնար կայան կառուցելու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումով, ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի 2015թ. հունիսի 18-ի N 595-Ն հրամանով, ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով, ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն» շինարարական նորմերի ձեռնարկով, իսկ նախագծային փաստաթղթերը ձևակերպվում են համաձայն ՀՀ կառավարության N 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածների:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ խստիվ հետևելու է տնտեսվարողների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը, ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter