
Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք և հայ-վրացական հարաբերությունների վարչապետի բանաձևը
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունն այցելում է Սամցխե-Ջավախք և Ծալկա: Նիկոլ Փաշինյանի ջավախքյան այցը մեկնարկեց Ծալկայի շրջանի հայաբնակ Այազմա գյուղից: Փաշինյանը կարճատև կանգառ կատարեց այստեղ և բնակչությանը հավաստիացրեց, որ հայ-վրացական հարաբերությունների նոր մակարդակը է ձևավորվել, որը կարտահայտվի նաև Վրաստանի հայության և հայաբնակ շրջաններում:
Երկարաժամկետ և ռազմավարական առումով զարգացում ապահովելու համար Նիկոլ Փաշինյանը պարզ բանաձև առաջարկեց Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի և Ծալկայի շրջանի հայության համար. «Վրաց ժողովուրդը և Վրաց պետությունը պետք է համոզված լինի, որ ՀՀ-ի և հայության գործողություններում չկա որևէ դավադրություն Վրաց պետության և վրաց ժողովրդի նկատմամբ: Միաժամանակ, հայ ժողովուրդը և Հայոց պետությունը պետք է համոզված լինեն, որ Վրաստանի գործողություններում չկա որևէ դավադրություն ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ»:
Այս արդյունքին հասնելու համար, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հարաբերություններում բացարձակ անկեղծություն, ազնվություն և պարզություն է պետք:
«Ես ուրախ եմ, որ այս այցի շրջանակներում մենք շատ լուրջ հիմք ենք դրել, որպեսզի հայ-վրացական հարաբերությունները զարգանան հենց այս հունի ներքո»,- ասաց վարչապետը:
Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի և թավշյա հեղափոխության ընթացքում զգացել են Սամցխե-Ջավախքի հայության աջակցությունը, սերն ու հոգատարությունը ՀՀ-ի և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ: Հետևաբար, Հայաստանում կերտված հաղթանակը պատկանում է նաև իրենց:
Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում կատարած կանգառի ժամանակ էլ նա պատմեց, որ արդյունավետ այց է ունեցել Թբիլիսիում, և պատահական չէ, որ իր առաջին պաշտոնական այցը հենց Վրաստան է կատարել, քանի որ դա ընդգծում է հայ-վրացական հարաբերությունների կարևորությունը, առանձնահատուկ նշանակությունն ու մակարդակը:
Փաշինյանը համոզված է, որ այս այցի արդյունքներով հայ-վրացական հարաբերություններն էական և որակական փոփոխություններ են ապրելու, որոնք կյանքի կոչելու համար Փաշինյանը նույն բանաձևն առաջարկեց, ինչի մասին հայտարարել էր Այազմայում:
Եվ այդ հենքի և հարաբերությունների համատեքստում, ըստ վարչապետի, պետք է լուծվեն սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրները, որ առկա են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում և հայաբնակ շրջաններում: Այդ հարցերին զուգընթաց անընդհատ ու շարունակական պետք է բարձրացվեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակը և որակը:
«Ինչպես Հայաստանի Հանրապետությունից, մենք պետք է ամեն ջանք գործադրենք, որ արտագաղթն ի վերջո կանգնի և սկսվի հակառակ պրոցեսը: Մենք համոզված ենք, որ Վրաստանի կառավարության մեր գործընկերները նույն քաղաքականությունը կվարեն Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի, հայաբնակ բոլոր գյուղերի ու բնակավայրերի նկատմամբ: Եվ ես համոզված եմ, որ այս ճանապարհով մենք հասնելու ենք համընդհանուր հաղթանակի: Մենք պետք է շահագրգռված լինենք, որ Վրաց պետությունը լինի կայուն և ուժեղ, և Վրաստան պետությունը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստան պետությունը լինի կայուն և ուժեղ: Եվ մեր հարաբերությունները պետք է կառուցվեն փոխշահավետ, եղբայրական, բարեկամական համատեքստի և բովանդակության վրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը համոզված է, որ իր այս այցն էլ զարկ կտա պաշտոնական այդ հարաբերություններին:
Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում վարչապետ Փաշինյանը նշեց, որ իր և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի միջև հաստատվել են անձնական ջերմ հարաբերություններ, ընկերություն, և ՀՀ-ն ունի լավ բարեկամ այժմ, ով ջանք չի խնայելու Հայաստան-Վրաստան բարեկամությունը խորացնելու համար:
Սաթխայում Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս նոր հարաբերություններ համատեքստում ոչ միայն արտագաղթն է դադարելու, այլև ներգաղթ է տեղի ունենալու, և ներդրողներ են գալու Ջավախք՝ ներդրումներ կատարելու նպատակով:
Նույնաբովանդակ էին նրա ելույթները Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում և Նինոծմինդա քաղաքում:
Նիկոլ Փաշինյանի վերջին կանգառն Ախալքալաքում էր, որտեղ ջավախքյան ամենամարդաշատ ընդունելությունն էր: Այստեղ Սուրբ Խաչ եկեղեցի այցելելուց հետո նա Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպեց ջավախքահայերին Ախալքալաքի Մշակույթի տանը:
Ջանելիձեն իր ելույթում անդրադարձավ տարածաշրջանի ծրագրերին, այդ թվում նշեց, որ այս տարի վերանորոգվելու է Նինոծմինդայից վրաց-հայկական սահման տանող ճանապարհը, և արդեն իսկ վերանորոգման համար մրցույթ է հայտարարված:
Փաշինյանն իր ելույթում հիշեցրեց, որ Հայաստանում սիրո և համերաշխության հեղափոխության արդյունքում է, որ ինքը դարձել է վարչապետ, և սիրո և հաերաշխության ուղերձով էլ իր պաշտոնական առաջին այցն է կատարել Վրաստան:
Նա շեշտեց, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ ջերմ և ընկերական հանդիպման ընթացքում, որտեղ անկեղծ հայացքների փոխանակում է տեղի ունեցել, վերահաստատվել է, որ երկու կողմն էլ վճռական է` հայ-վրացական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, բարեկամության և եղբայրության նոր լիցք հաղորդելու հարցում:
«Վրաստանի հզորությունը Հայաստանի հզորությունն է, Հայաստանի հզորությունը Վրաստանի հզորությունն է: Վրաց ժողովրդի հզորությունը հայ ժողովրդի հզորությունն է, հայ ժողովրդի հզորությունը վրաց ժողովրդի հզորությունն է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հետևաբար, եղբայրական ժողովուրդը պետք է ամուր կանգնի կողք-կողքի, ուս-ուսի, հզորացնի ժողովրդին, հավատը, վստահությունը և ընդհանուր ապագան:
Այս այցի արդյունքում Փաշինյանը համոզվել է, որ Վրաստանում հաստատված է Հայաստանի և հայ ժողովրդի համար բարեկամ կառավարություն:
Փաշինյանը նաև խնդիր չի տեսնում այն հարցում, որ երկու երկրները տարբեր տեսակետներ ունեն արտաքին քաղաքականության հարցում, քանի որ կարևորն այն է, որ երկուսն էլ նույն տեսակետն ունեն հայ-վրացական հարաբերությունների հարցում:
Լուսանկարները՝ վարչապետի պաշտոնական կայքից
Մեկնաբանել