HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի հրաժեշտի խոսքը

Բարին ընդ մեզ

Սիրելի լոռեցիներ, հարգելի գործընկերներ, թանկագին բարեկամներ,

Խորապես գիտակցելով հայրենիքի, պետության և ժողովրդի առջև իմ պատասխանատվությունը, և այն, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր թիմով է ստանձնում իշխանությունն ու իրականացնում իր ծրագրերը, ստեղծված պայմաններում իմ պաշտոնեական դերակատարությունն անհամատեղելի համարելով, դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ Լոռու մարզպետի լիազորություններից հրաժարականով:

Սիրելի լոռեցիներ,

Իմ կյանքի լավագույն մասն եմ համարում հանուն հարազատ բնաշխարհի ձեզ հետ նվիրումով աշխատած տարիները, շատ դեպքերում, բառի բուն իմաստով՝ տքնել ենք, և արդյունքում հասել այն բանին, որ մարզում բոլոր բնագավառներում և ոլորտներում աննախընթաց հաջողություններ ունենք, և որ ներկայում կարողացել ենք մեկնարկել կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ նոր ծրագրեր և բազմաթիվ նոր նախատեսումներ ևս կան:

Աշխատանքային շփումներում ես ավելի մոտիկից ու խորը ճանաչեցի մեր բնաշխարհի մարդկանց, մեր ազնիվ լոռեցիներին և ձգտել եմ նրանց պես ու նրանց հետ լոռեցիաբար ազնիվ ու ջանացավ լինել: Ավելի սիրեցի ու հարազատացա ձեզ, թանկագին երկրագործներ, որ դժվարին տքնանքով ոչ միայն ձեր հացն եք վաստակում, այլև՝ բոլորի հանապազօրյա հացը: Ձեզ՝ բարիք ու զորեղություն ստեղծող հանքագործներ ու մետալուրգներ, արդյունաբերության աշխատողներ:

Շնորհակալություն բոլորիդ:

Լավագույն արդյունքներով միասին աշխատած լինելու փաստմամբ ջերմ ու շնորհակալական խոսք եմ հղում մանկավարժներին, ովքեր նոր սերնդի ուսուցման ու դաստիարակության քուրայի դարբիններն են, շինարարներին, առողջապահության աշխատողներին, մշակույթի, արվեստի գործիչներին, կարգ ու կանոնի պահապաններին, մեր զինվորներին ու հրամանատարներին, հոգևոր հայրերին, հասարակական կազմակերպություններին ու լրագրողներին, երիտասարդներին ու տարեցներին, Լոռու հետ փոխահամագործակցություն հաստատած արտասահմանյան մեր բարեկամ գործընկերներին, միջազգային կազմակերպություններին, բոլորին:

Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատող գործընկերներիս՝ բոլոր համայնքապետերին և ավագանիների անդամներին:
Շնորհակալական խոսք եմ հղում կառավարության անդամներին, գերատեսչությունների աշխատողներին, որոնց հետ բախտ վիճակվեց աշխատանքային շփումներ ունենալ և լուծել Լոռու մարզի համար կենսական շատ հարցեր:

Եվ վերջում, իհարկե, ուզում եմ իմ ջերմ շնորհակալությունը հայտնել ամենժամյա գործընկերներիս՝ մարզպետարանի ողջ աշխատակազմին: Վստահ եմ, որ նրանք հաջողությամբ կշարունակեն մեր ազգաբնակչության բարեկեցության աճի և երկրի հզորացմանն ուղղված լոռեցիների շարունակական ավանդի և ջանքերի ուղղորդումը:

Մաղթում եմ, որ միասնականության այս ավյունը փոխակերպվի ստեղծագործ աշխատանքի, նոր բնագծերի նվաճման ուժի:

Անցած յոթ տարիներն ինձ համար կառուցողական, հայրենաշահ գործունեության յուրատեսակ համալսարան հանդիսացան: Մշտապես գիտակցել եմ, որ ղեկավար լինելը մեծ պատասխանատվություն է ոչ միայն ժամանակակիցների, այլև դարավոր հայրենիքիս անցյալի և հուսալի ապագայի նկատմամբ: Որտեղ էլ որ լինեմ՝ շարքային, թե ղեկավար աշխատանքում, գործելու եմ հայ մարդու, լոռեցու կոփվածքով՝ հանուն մեր պետականության ամրապնդման, հանուն հայրենիքի հզորացման ու ժողովրդի բարեկեցության:

Բարին ընդ մեզ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter