ՊԵԿ-ը պայմանագիր է կնքել Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված ընկերության հետ
Պետական եկամուտների կոմիտեն այս տարվա ապրիլի 13-ին ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված «Այյունեթվորքս» ընկերության հետ:
Պայմանագրի արժեքը 234 մլն դրամ է: Ընկերությունը պարտավորվել է Պետական եկամուտների կոմիտեում ներդրված էլեկտրոնային համակարգերի և համալրող միջոցների սպասարկման ծառայություն մատուցել: «Այյունեթվորքս»-ը պետք է ապահովի գործող «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի անխափան աշխատանքը՝ ծրագրում կատարելով շտկումներ, փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով ՊԵԿ-ից ստացված հանձնարարականերին, պահանջներին և օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև հարկային վարչարարության դրույթներին: Ընկերությունն ամսական կտրվածքով պետք է ՊԵԿ-ին հաշվետվություններ տրամադրի՝ մատուցված ծառայությունների ծավալի չափի վերաբերյալ:
Այս ծառայություններն ընկերությունը ՊԵԿ-ին պետք է մատուցի 2018-ի ապրիլից մինչ դեկտեմբերի 15-ը:
Հիշեցնենք, որ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. մարտին: Ընկերության հիմնադիրները եղել են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հորեղբոր որդին՝ Հայկ Խաչատրյանը և Ալեքսանդր Եսայանը: Վերջինս «Յուքոմ» ընկերությունում 3,17% բաժնետեր է:
«Այյունեթվորքս» ՍՊԸ-ում Ալեքսանդր Եսայանն ունի 40% բաժնեմաս: Մնացած 60%-ը պատկանում է Արամ Անտոնյանին: Հայկ Խաչատրյանն այս ընկերությունից դուրս է եկել 2016թ. հունվարին:
Պետական եկամուտների կոմիտեն հաճախ է պայմանագրեր կնքել այս ընկերության հետ: Օրեր առաջ հայտնել էինք, որ Վերահսկիչ պալատն իրականացրել է ՊԵԿ-ի կողմից պետական միջոցների օգտագործման և մի շարք այլ գործառույթների նկատմամբ հսկողություն: Ուսումնասիրության արդյունքում Վերահսկիչ պալատը պարզել էր, որ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ի հետ ՊԵԿ-ը 2015թ. դեկտեմբերին կնքել է մոտ 499 մլն դրամ ընդհանուր արժեքով պայմանագիր: Դրա շրջանակներում մաքսային ծառայությունների համար՝ մոնիթորինգի նպատակներով, 2017թ. ապրիլին մատակարարվել է 224 հատ BOSCH տեսախցիկ, սակայն ստուգման ժամանակ տեսախցիկներից 36 հատը պահեստավորված են եղել, և հայտնի չի եղել դրանց հետագա ճակատագիրը:
Հավելենք, որ 2015 թվականի դեկտեմբերին էլ ՊԵԿ-ը պայմանագիր էր կնքել «Այյունեթվորքս» ընկերության հետ, որով ընկերությունը մինչև 2017 թվականի ապրիլի 28-ը մոնիթորինգային կենտրոնի տեղադրման աշխատանքներ պետք է իրականացներ հանրապետության բոլոր մաքսատներում և մաքսակետերում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել