HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորները` «Ֆեյսբուքում»

Մի քանի տասնյակ պատգամավորներ գրանցված են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ոմանք ակտիվ մասնակցում են քննարկումներին, կարծիքներ են հայտնում եւ մեկնաբանություններ են թողնում հրապարակումներ տակ, պատգամավորներից ոմանք էլ «Ֆեյսբուքում» իրենց նկարներն են տարածում եւ անթաքույց «հիանում են» օգտատերերի գրառումներից, թե ինքը «լավն է», «շորիկը լավ սազում է» եւ այլն:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այն պատգամավորների թվին է պատկանում, ովքեր ներգրավված են ակտիվ քննարկումներին եւ սուր բանավեճերի մեջ են մտնում: Օրինակ՝ պատգամավորի այսօրվա վերջին գրառումը կիսահումորային բնույթի է. «Քանի որ առաջիկայում բոյկոտը մոդայի նման մի բան է դառնում, առաջարկում եմ ազգովի բոյկոտենք Հայաստանը եւ արտագաղթենք: Իշխանությունը միանգամից կհանձնվի, քանի որ ոչ մի ընտրող չի մնա երկրում, ու ոչ մի ընտրություն չի լինի»:

Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուքում» գրանցվել է ավելի քան 1 տարի առաջ: Պատգամավորն ասում է, որ ինքը ցանցային կառուցվածքների սիրահար է, որտեղ չկան կոշտ հիերարխիաներ: «Ֆեյսբուքը» Ստյոպա Սաֆարյանի համար հենց այդպիսին է:

«Այնտեղ մի իշխանություն կա` մտքի, դիպուկ խոսքի իշխանություն` համոզման միջոցով: Հետագայում այն իմ համար դարձավ նաեւ իմ եւ «Ժառանգություն» կուսակցության գաղափարները, արած գործերը նաեւ այդ լսարանում տարածելու, մարդկանց իրազեկելու հնարավորություն: Իսկ դրանից հետո էլ հասկացա, որ այն նաեւ քաղաքականության ու որոշումների ընդունման վրա ազդելու բավականին մեծ ներուժ ունի: Այն թույլ է տալիս արագ ինքնակազմակերպվել, արագ ակցիաներ իրականացնել, արագ տարածել ինֆորմացիան, արագ փնտրել ինֆորմացիա` մի խոսքով հիրավի արժեւորեց «ժամանակը ոսկի» է ասույթը»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ նրա` այն, ինչ անում էր ժամերի կամ օրերի ընթացքում, հիմա «Ֆեյսբուքի» միջոցով անում է րոպեների ու վայրկյանների ընթացքում: «Այն մեծ հնարավորություն է տալիս սփյուռքում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներին ճանաչել ու մտքեր փոխանակել: Բայց սրան ավելացել է նաեւ սոցիալական ցանցերի ունեցած ոչ քաղաքական բնույթի մի նշանակություն: Հրաշալի մարդկանց եմ հանդիպում ու շփվում: Շատ սրամիտ, կատակասեր ու ուրախ մարդկանց եւ, երբ «Ֆեյսբուք» մտնելու հնարավորութուն չի լինում, նրանց բոլորին շատ կարոտում եմ»,-ավելացրեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը նույնպես «Ֆեյսբուքի» օգտատեր է: Պատգամավորի ասելով՝ ինքը սոցիալան ցանցում գրանցվել է սոցիալական շփումների համար, քանի որ զբաղվածության եւ ժամանակի առումով հնարավորություն չի ունենում լայն սոցիալական շփումները հասցնել ցանկալի մակարդակի:

«Ժամանակակակից սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս տեղեկատվության, մտքերի ու կարծիքների փոխանակման համար: Կոնկրետ իմ համար օգտակար նշանակություն ունեն: Իհարկե, մամուլը, քաղաքական հասարակական գործունեություն ամեն օր բավարար տեղեկատվություն ապահովում է, բայց կոնկրետ անձանց, որոնք ակտիվորեն ներգրավված չեն քաղաքական, հասարակական գործընթացներում, բայց ակտիվ են սոցիալական ցանցերում, նրանց տեսակետն իմանալը շատ օգտակար է»,- ավելացրեց պատգամավորը:

Արտակ Զաքարյանն ասում է, որ ինքն ակտիվությամբ չի մասնակցում քննարկումներին, բայց ժամանակ հատկացնում է, մեկնաբանությունները, կարծիքները կարդալու եւ տեղեկանալու համար: Ա. Զաքարյանի ասելով՝ եղել են դեպքեր, երբ ընտրողները «Ֆեյսբուքի» միջոցով են հարցեր բարձրացրել եւ լուծումներ են ստացել:

«Պետք է ուրախությամբ ասեմ, որ հնարավորություն է տրված որոշ մարդկանց օգտակար լինել, խորհուրդներով օգնել եւ նրանց խորհուրդներն էլ լսել եւ հաշվի առնել»,- հավելեց Արտակ Զաքարյանը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Կարեն Ավագյանը, «Ֆեյսբուքում» աչքի չի ընկնում: Նա միայն տարածում է իր եւ ՀՀԿ-ին վերաբերող նյութերն ու հրապարակումները եւ մեկնաբանություններ նույնպես չի թողնում: Կարեն Ավագյանն ասում է, որ «Ֆեյսբուքի» բոլոր գործիքներից եւ հնարավորություններից օգտվում է:

Ըստ պատգամավորի` «Ֆեյսբուքի» միջոցով հնարավորություն է ստեղծվում ներկայացնել իրենց աշխատանքը եւ դրանց վերաբերյալ հավաքել կարծիքներ, ինչու չէ՝ նաեւ ընկերական շփումներ է հաստատում:

«Որպես պատգամավոր ավելի հրապարակային տեղերում եմ հանդես գալիս: Ամենաբարձր ամբիոնը Ազգային ժողովի ամբիոնն է, եւ ինձ չի թվում, որ քննարկումներից խուսափում եմ: Ես բաց եմ բոլոր տեսակի քննարկումների համար, սակայն «Ֆեյսբուքի» քննարկումների մասն առանձնացրել եմ, եւ իրականում ինձ չի հետաքրքրում, քանի որ հնարավորություն ունեմ մարդկանց իմ կարծիքը ներկայացնել ոչ միայն «Ֆեյսբուքի» միջոցով»,- ասում է Կարեն Ավագյանը:

«Ֆեյսբուքում» անձնական էջ ունի նաեւ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Նա ԱԺ նախագահ ընտրվելուց հետո է սոցիալական ցանցում գրանցվել: Ս. Նիկոյանը նույնպես չի ներգրավվում ակտիվ քննարկումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter