HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց Շիրխանյանին ու մյուսներին կալանքից ազատելու մասին միջնորդությունները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր առավոտից մեկնարկել էր «զինված խմբի» գործով դատական նիստը: Այս գործով վերջին անգամ նիստ էր տեղի ունեցել ապրիլին՝ այսպես ասած՝ «թավշյա հեղափոխությունից» առաջ:

Հայաստանում իշխանությունը փոխվել է, և զինված խմբի գործով պաշտպաններից շատերը կարծում են, որ իրավիճակի փոփոխությունը պետք է ազդի նաև իրենց պաշտպանյալների գործի վրա:

Այսօրվա դատական նիստին 8 ամբաստանյալի' Վահան Շիրխանյանի, Արթուր Վարդանյանի, Էդվարդ Ներսիսիյանի, Հարություն Սարիբեկյանի, Վլադիմիր Առաքելյանի, Խաչիկ Ավետիսյանի, Արա Պողոսյանի, Գևորգ Ջնդոյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին: Ըստ քրեական գործի' «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»:

Փաստաբան Հովիկ Արսենյանը նշեց, ըստ մեղադրանքի' ամբաստանյալները բռնությամբ փորձել են զավթել իշխանությունը, սակայն այն իշխանությունը, որի նկատմամբ իբր ոտնձգություն են փորձել կատարել ամբաստանյալները, այլևս չկա, հեռացած է: Արսենյանի խոսքով՝ նման պայմաններում ամբաստանյալների խափանման միջոցը անհապաղ պետք է փոխվեր:
«Թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, հարգելի՛ դատարան»,- դատավոր Արմեն Բեկթաշյանին դիմելով՝ ասաց Հովիկ Արսենյանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել:

Պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը հիշեց, որ հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է ու դատավորին առաջարկեց ամբաստանյալներին ազատել կալանքից. նրանցից շատերն, Ավետիսյանի խոսքով, երեխաներ ու թոռներ ունեն:

Ամբաստանյալ Արա Պողոսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկում իր պաշտպանյալը հիվանդություն է ձեռք բերել ու փաստեց, որ չեն պահպանվում անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները:

Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը խոսեց այն մասին, որ կալանքի հիմքերը ժամանակի ընթացքում նվազում են, և չեն կարող նախաքննության սկզբնական շրջանում առկա կալանքի ենթադրյալ հիմքերը առ այսօր նույնությամբ պահպանված լինել: Փաստաբանը խոսեց նաև Քրեական դատավարության օրենսգրքում վերջերս կատարված փոփոխության մասին, որի համաձայն' կալանքի հիմքերը խիստ նեղացել են:

Ամբաստանյալ Արթուր Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը շեշտեց, որ իր պաշտպանյալի անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ, նշեց նաև, որ անձնագրի ժամկետը շուտով լրանում է, ուստի Վարդանյանը ազատության մեջ մնալու դեպքում չի կարող թաքնվել վարույթն իրականացնող մարմնից:

Ամբաստանյալ Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը հիշեցրեց իր պաշտպանյալի առողջական ծանր վիճակի մասին:
Երկրում իրավիճակ փոխվելու, ինչպես նաև այլ հիմքերով ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազները միևնույն բանն էին ասում. ամբաստանյալների կալանքի հիմքերը պահպանվում են:

Խոեցին նաև ամբաստանյալներից ոմանք: Արթուր Վարդանյանը նշեց, որ Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանությունը հեռացել է, և այդ ոչ լեգիտիմ իշխանության կողմից իրենց ներկայացված մեղադրանքը չի կարող լեգիտիմ լինել:

Գևորգ Ջնդոյանը նշեց, որ իրենք քաղբանտարկյալներ են:

Էդվարդ Ներսիսյանը, ով հայտնի է «Ապար» անունով, դատավորին դիմելով՝ ասաց, որ դահլիճում ներկա բոլոր անձանցից միայն դատավորին է տրված արդարին ու սրիկային որոշելու հնարավորությունը:

Դատարանը միջնորդությունները լսելուց հետո հեռացավ խորհրդակցական սենյակ և շուրջ հինգուկես ժամ անց՝ ուշ երեկոյան հրապարակեց դրանց վերաբերյալ որոշումները:

Այս ընթացքում ամբաստանյալների հարազատները հույս ունեին, որ նրանցից գոնե ոմանք՝ տարեցները, առողջական խնդիրներ ունեցողներն ազատ կարձակվեն, սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավոր Բեկթաշյանը հրապարակեց միջնորդությունները մերժելու վերաբերյալ իր որոշումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter