HY RU EN

Սեդա Ղուկասյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը՝ ըստ Կառավարության ծրագրի

Կառավարության ծրագիրը հունիսի մեկի գործադիրի նիստում հաստատվել է, հունիսի 7-ի ԱԺ արտահերթ նիստում այն կներկայացվի խորհրդարանին: Կառավարության ծրագրի առաջնահերթություններից է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչն էլ թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ծրագրային կետերից մեկն էր:

Եթե իր ծրագրային կետերը ներկայացնելիս Փաշինյանը հայտարարում էր, որ ըստ քաղաքական համաձայնության՝ խորհրդարանը չի ընդունում ժամանակավոր կառավարության ծրագիրը, և խորհրդարանն իրավունքի ուժով լուծարվում է, ու նշանակվում են ատահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա կառավարության ներկայացրած ծրագրով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում:

Ըստ ծրագրի՝ թավշյա հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ է դարձել, որ վեցերորդ գումարման խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, ինչը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացնում:

Կառավարության հիմնավորմամբ՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների գրավականն առաջնահերթ «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունն է:

Ծրագրում արտացոլված են հետևյալ դրույթները.

.Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնակա ընտրակարգի:

.Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով:

.Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով:

.Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին:

.Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցությունների գործադրումնեըը, ճնշումներն ու ընտրակաշառքը: Այս նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում:

.Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխոթյուններ:

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել է ապրիլի 15-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին՝ մանրամասն ներկայացնելով ծրագրային կետերը և ընդգծելով՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքար ասելով առաջին հերթին նկատի ունեն ընտրությունների կեղծման դեմ պայքար: Առաջին քայլը, Փաշինյանի խոսքով, մատնահետքերի համակարգի կատարելագործումն էր այնպես, որ ընտրողների տվյալները համակարգված լինեն և այդ կերպ բացառվեն կրկնաքվերակությունները, երկրորդ քալը ընտրական ցուցակների մոբիլիզացումն է:

«Եթե քաղաքացին դուրս է գալիս երկրից և չի վերադառնում օրինակ մեկ շաբաթվա ընթացքում, համակարգն ավտոմատ հանում է նրան ընտրական ցուցակից, եթե վերադարձավ, համակարգը ներառում է անունը, սա հնարավորություն կտա բացառել բացականների անուները ընտրական պրոցեսում»,- ասել էր Փաշինյանը:

Երրորդ քայլն ընտրական հանցագործությունները քննող մարմնի ստեղծումն է, որի ղեկավարի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը:

Կառավարության ծրագրում տեղ գտած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թերևս ամենավիճահարույց դրույթը նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի համար ռեյտինգային ընտրակարգի բացառումն է, ինչի մասին արդեն Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը խոսել է հունիսի մեկի ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Հարությունյանի վստահեցմամբ՝ ռեյտինգային համակարգը շատ օգտակար  է:

Հարությունյանը նաև շեշտել է՝ պատրաստ են ԸՕ-ի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քնարկումների, սակայն քննարկումներում պետք է ընդգրկված լինեն բոլոր խորհրդարանական ուժերը:

Ըստ Սահմանադրության՝Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: