HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Վախենում եմ, որ մի օր էլ իմ տան դուռը կփակվի»

Օգոստոսի 21-ը Ադրբեջանին սահմանակից Վահան գյուղի երիտասարդության օրն է: «Մեկ-երկու տարի առաջ այդ օրը մեծ շուքով նշեցինք: Նույնիսկ Երեւանից, արտասահմանից հյուրեր ունեինք: Մտածեցինք` ամեն ինչ շարունակական կլինի: Բայց այս տարի միմյանց թեթեւ շնորհավորել ենք, որովհետեւ երիտասարդության շարքերը նոսրացել են, էլ տոն սարքել չստացվեց»,- ասում է 23-ամյա Կարեն Զարգարյանը:

Գեղարքունիքի մարզի Վահան գյուղը հիմնադրվել է 1925թ.: Բնակչության հիմնական մասը ժամանակին բռնագաղթել է Արծվաշենից: Գյուղը սկզբում կոչվել է Ռուբենակերտ, այնուհետեւ դարձել Օրջոնիկիձե, իսկ 1991թ. վերանվանվել Վահան: Նկատի է առնվել այն հանգամանքը, որ այն վահանի պես պետք է պաշտպանի Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասը: Այս դերը Վահանը լիովին կատարել է` ադրբեջանցիների հետ մարտերում կորցնելով 17 վահանցի:

«Պատերազմի տարիներին ոչ ոք գյուղը չի լքել»,- հպարտությամբ նշում են գյուղացիները:

«Նույնիսկ ռմբակոծության տակ դպրոցում դաս ենք արել: Պարապմունքները դադարել են ընդամենը մի քանի օր,- հիշում է դպրոցի տնօրեն Ջուլիետա Դալլաքյանը:- 1992 թ. սեպտեմբերի սկզբին ադրբեջանցիները գրավեցին սահմանապահ ուղեկալը: Վտանգն այնքան մեծ էր, որ փոքր երեխաներին գյուղից տեղափոխեցին: Իսկ բարձր դասարանցի տղաներից շատերը հասուն տղամարդկանց պես` զենքը ձեռքներին, մտել էին խրամատներ: Շուտով ուղեկալն ազատագրվեց, եւ 3-4 օր անց դպրոցը կրկին գործում էր»:

Վահանի դպրոցում այսօր սովորում է 190 աշակերտ, իսկ Խորհրդային Միության տարիներին նրանց թիվը 400-ից ավելի էր: Նվազման տեմպն արագացել է հատկապես վերջին տարիներին: Այս տարի դպրոցն ունեցել է 18 շրջանավարտ, մինչդեռ ընդունել է ընդամենը 8 առաջին դասարանցի:

«Բնակչության աճը կտրուկ ընկել է, որովհետեւ երիտասարդությունը հեռանում է: Միայն անասնապահությամբ նրանց գյուղում չես պահի: Մնացողներն էլ ուղղակի չեն ամուսնանում»,- ասում է Ջ. Դալլաքյանը: Նրա որդիներից մեկը 35, մյուսը 34 տարեկան է: Երկուսն էլ ամուսնացած չեն` աշխատանք չունենալու պատճառով:

«Գյուղում շատ տներ կան, որ կողքով անցնում ես` ձայն չի լսվում, դռները փակ են: Ջահելները գնացել են, տարեցներն էլ` մահացել,- շարունակում է Ջ. Դալլաքյանը,- հիմա խոսում եմ եւ ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում: Վախենում եմ, որ մի օր էլ իմ տան դուռը կփակվի»:

1235 բնակիչ ունեցող Վահանում կա ընդամենը 28 աշխատատեղ: Գյուղապետարանում աշխատում են 6, իսկ դպրոցում` 22 հոգի: Գյուղի մշակույթի տունը եւ մանկապարտեզը չեն գործում, թեեւ հատկապես մանկապարտեզ ունենալն այլեւս օրախնդիր չէ:

Վարսիկ Դալլաքյանը դպրոցում աշխատում է որպես օպերատոր-տեխնիկ: Սակայն գյուղում ամուսնանալու, առավել եւս ապրելու մտադրություն նա չունի: Ասում է, որ Երեւանից սպասում է աշխատանքի հրավերքի: «Վահանը շատ լավ է հանգստանալու համար: Բայց մշտական բնակության համար հարմար չէ: Այստեղ ձանձրալի է. աշխարհից կտրված, լճացած վիճակում ենք»,- ասում է Վարսիկը:

Վահանում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է եւ դաշտավարությունը:

«Կոմբայն չունենալու պատճառով գյուղացիները հացահատիկային կուլտուրաներ շատ քիչ են ցանում: Խոտ ու կարտոֆիլ. սա է հիմնականը: Լավ բերք ստանալու համար բնակչությունը հողը չի պարարտացնում. հնարավորություն չկա: Եղած ապրանքն էլ իրացվում է տեղում` ցածր ինքնարժեքով: Վահանը մայրուղուն կապող ճանապարհն անմխիթար վիճակում է, ինչի պատճառով մարդիկ չեն կարողանում շուկայի հետ ազատ կապնվել»,- նշում է գյուղապետ Վանուշ Ապրեսյանը եւ հավելում,- ժամանակին մոտ 50 գյուղացի «Հայգյուղբանկից» վարկ վերցրեց: Անասուն գնեցին, հող էին մշակում: Բայց եկամուտ չստացան. տոկոսադրույքը բարձր էր` մինչեւ 29 %»:

Վ. Ապրեսյանը, այնուամենայնիվ, լավատես է եւ վստահեցնում է, որ բոլոր խնդիրներն էլ կամաց-կամաց լուծվելու են: «Վահանը ներառված է գյուղական աղքատության հաղթահարման ծրագրում: Բացի այդ, կառավարությունն արդեն մեծ աջակցություն է ցուցաբերում մեզ: Համայնքի կարիքները հոգալու համար այս տարի հատկացվել է 38 մլն դրամ»,- տեղեկացնում է գյուղապետը: 

«Ճիշտն ասած` մենք մեզ հույս ենք տալիս, բայց իրականում հույս չկա, որ Վահանն ուշքի կգա: Ես որ գյուղից գնամ, էլ հետ չեմ գալու»,- ասում է Վարսիկը:

«Այստեղ երիտասարդներին քաշող բան չկա: Հիմա էլի գյուղական աշխատանքների ժամանակն է` խոտ հնձել, հավաքել, անասուն պահել: Ձմեռը համատարած պարապություն է, անորոշություն: Արդեն հիմա, որ մտածում եմ ձմռան մասին, սկսում եմ նեղվել»,- ավելացնում է Կարենը: Ի դեպ, վերջինս ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ շուտով աշխատանքի է անցնելու մայրաքաղաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter