Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առանձնապես խոշոր չափերով յուրացում է կատարել. հարուցվել է քրեական գործ
Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում անցկացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Այսպես, հիշյալ նյութերում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վ․ Թ․-ն, իրեն ենթակա ծառայողների գործուղման ծախսերի հատուցման նպատակով պետական բյուջեից տրամադրված ֆինանսական միջոցները հափշտակելու դիտավորությամբ, պատասխանատու այլ աշխատակիցների միջոցով 2014թ.-ի սեպտեմբերից հավելագրել է վարչության ծառայողների գործուղումների ընթացքում կատարված ծախսերի հատուցմանն ուղղված գումարները:
Այնուհետև, նույն ծառայողների հետ պայմանավորվածության համաձայն, Վ. Թ․-ն իր աշխատակցի միջոցով նրանցից յուրաքանչյուր անգամ հավաքել է հավելագրված գումարները և պետական բյուջեից յուրացման եղանակով հափշտակել իր վստահությանը հանձնված, ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի հասնող 4.500.000 ՀՀ դրամը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել