
Կավատը դատապարտվեց 5 տարի ազատազրկման
Վարդուհի Զաքարյան
Հունվարի 31-ին Երեւանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում ավարտվեց չորս ամիս առաջ սկսված կավատության եւ մարդկանց առեւտրի մեղադրանքով հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Դատախազությունը 2006թ.-ին Մայրանուշ Հարությունյանին, Սուսաննա Նիկողոսյանին եւ Ռուզաննա Բաղդասարյանին մեղադրանք էր ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածով (կավատություն), իսկ Գայանե Մելքոնյանին` 261-րդ եւ 132-րդ (մարդկանց առեւտուր) հոդվածներով:
Դատարանում գործով իբրեւ տուժող անցնողՀասմիկը (հոդվածում տուժողների անունները փոխված են ) պատմեց, որ 2005-ին իր ծանոթ Քնարիկ Ղանդիլյանն իրեն առաջարկել է մեկնել Դուբայ` բարձր աշխատավարձով մատուցողուհի աշխատելու: «Գտնվելով նյութական ծանր վիճակում եւ խնամքիս ունենալով երկու անչափահաս երեխա՝ համաձայնվել եմ»,-պատմեց Հասմիկը:
Որոշ ժամանակ անց Քնարիկը նրան տարավ Գայանե Մելքոնյանի տուն: Վերջինս հենց նույն պահին զանգել է Դուբայ` Իրինա Ենոքյանին, որից հետո Հասմիկին հայտնել է, որ վաղն իսկ Գյումրիից պետք է մեկնի Երեւան, այնտեղից էլ` Դուբայ: Անակնկալի եկած Հասմիկին Քնարիկը հանգստացնում է եւ ասում, թե ինքն արդեն տեղեկացրել է նրա մորը՝ ասելով, որ Երեւանում աշխատանք է գտել աղջկա համար:
Դուբայ հասնելուն պես Իրինա Ենոքյանը վերցրել է Հասմիկի անձնագիրը եւ պարբերաբար ծեծի միջոցով նրան ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: 2005-ի դեկտեմբերին ոստիկանությունը կալանավորել է Հասմիկին, 2006-ի հունվարին վտարվել է երկրից:
«Շատ վատ պայմաններում էի ապրում, դրա համար էլ մտածում էի փող աշխատելու ուղղությամբ: Մայրս չէր աշխատում, իսկ ես սովորում էի: Ուսմանս վարձը տատիկս էր տալիս, երբեմն էլ մորեղբայրս էր Ռուսաստանից գումար ուղարկում: Դասից տուն վերադառնալու ճանապարհին հանդիպել եմ իմ ծանոթ Անուշ Հարթենյանին եւ զրույցի ընթացքում պատմել, որ սոցիալական վատ պայմաններում եմ ապրում: Անուշը ասաց, որ մի ծանոթ կին ունի, որը ինձ կարող է արտասահման ուղարկել, եւ լավ գումար կվաստակեմ»,- պատմեց Նազիկը:
Հենց նույն օրն էլ Նազիկը Անուշի հետ այցելում է Գայանե Մելքոնյանին: Գայանեն Նազիկին վստահեցնում է, որ ինքը լավ կապեր ունի Թուրքիայում եւ կարող է նրա համար բարձր վարձատրությամբ աշխատանք գտնել: Զրույցին ներկա են եղել նաեւ Քնարիկ Ղանդիլյանն ու Լիա Բագարյանը, ովքեր հաստատել են Գայանեի խոսքերը: Հաջորդ օրը Նազիկը նորից այցելեց Գայանեին: Վերջինս հայտնում է, որ իր ծանոթ Մելինեն ժամանում է Թուրքիայից, սակայն նորից վերադառնալու է, եւ հենց նրա հետ էլ կարող է մեկնել:
«Հարցուփորձ արեցին, թե ինչ կարող եմ անել: Հետո էլ ասացին, որ լավ փող կարող եմ աշխատել, բնակարան ունենալ, հարազատներիս օգնել: Կոնկրետ մատուցողուհու աշխատանք ինձ Մելինեն է առաջարկել, Գայանեն ոչինչ չի խոստացել: Նույնիսկ չգիտեմ՝ Մելինեն ինձ համար վճարե՞լ է Գայանեին, թե՞ ոչ»,- պատմեց Նազիկը:
Մի քանի օրից մատուցողուհի աշխատելու նպատակով Նազիկը Մելինե Գեւորգյանի, ոմն «չախկալ» Գայանեի եւ Նելլի Մնացականյանի հետ ճանապարհվում է Թուրքիա: Ճանապարհածախսը վճարել էր Մելինեն: Թուրքիայում Նազիկին մի շարք անակնկալներ էին սպասվում: Մելինեն հայտնում է, որ Նազիկի ճանապարհածախսը կազմել է 400 ԱՄՆ դոլար, եւ նա պետք է ոչ թե մատուցողուհի աշխատի, այլ` մարմնավաճառ, քանի որ այդ արհեստն այնտեղ ավելի լավ է վարձատրվում: Ուշադաս քաղաքում Մելինեն աշխատում էր ազգությամբ քուրդ Մուժդատի հովանու ներքո: Մուժդատը աղջիկներին սպառնում է, որ հրաժարվելու դեպքում նրանց կվաճառի Անթալիայում կամ էլ Ստամբուլում գործող կավատներին:
«Սկզբում վախեցանք, քանի որ օտար քաղաքում էինք հայտնվել եւ լեզու էլ չգիտեինք: Հետո համաձայնվեցինք: Ի վերջո, պարտքը պետք է վերադարձվեր: Թեպետ անձնագիրս մոտս էր եւ հյուրանոցից դուրս գալու հնարավորություն ունեի, բայց չեմ փախել: Երեք ամիս կիսովի աշխատեցի Մելինեի հետ: Հետո մի որոշ ժամանակ էլ մշտական ընկերոջս հետ ապրեցի, որից հետո վերադարձա Հայաստան»,- դատարանում պատմեց Նազիկը:
Նազիկը դատարանում հայտարարեց, որ ամբաստանյալների հանդեպ պարտք ու պահանջ չունի: Իսկ այս պատմության մեջ իրեն տուժող է համարում միայն այն պատճառով, որ իրեն խաբել են եւ չեն ասել, թե Թուրքիայում ինչ ճանապարհով է գումար վաստակելու:
Ցուցմունքներ տալու համար դատարան էին ներկայացել նաեւ վկաներ, որոնից յուրաքանչյուրը պատմեց իր պատմությունը, թե ինչպես է ամբաստանյալների միջոցով մեկնել Թուրքիա` կոնկրետ մարմնավաճառությամբ զբաղվելու: Սակայն նրանցից ոչ մեկն ամբաստանյալների հանդեպ պարտք ու պահանջ չուներ, քանի որ սեփական նախաձեռնությամբ ու կամքով էին մեկնել՝ հենց մարմնավաճառությամբ գումար վաստակելու համար:
Զարմանալի է, բայց եւ տուժողը, եւ վկաները հրաժարվեցին իրենց նախաքննական ցուցմունքների կոնկրետ այն հատվածից, որտեղ ներկայացրել են Սուսաննա Նիկողոսյանի` հանցագործությանը մեղսակից լինելու եւ իրենց հավաքագրելու մասին: Ի դեպ, Սուսաննա Նիկողոսյանը հենց այն ամբաստանյալն է, որին մեկ ամսվա տարբերությամբ մեղադրանք է ներկայացվել միեւնույն բնույթի երկու տարբեր գործերով, եւ որի պատճառով էլ տվյալ քրեական գործերն իրար են միացվել:
Գործով մեկ այլ տուժող՝ Լարիսան, պատմեց, որ սոցիալապես ծանր վիճակում էր գտնվում, եւ ապրուստի հիմնական աղբյուրը դստեր նպաստն է եղել, երբեմն եղբայրն է արտասահմանից գումար ուղարկում: Ինչպես ինքն է ասում` շատ խիստ կարիքի դեպքում նաեւ մարմնավաճառությամբ է զբաղվել: Լարիսան իր ծանր վիճակի մասին պատմել է հարեւանուհի Գայանե Մելքոնյանին, որի ծանոթների միջոցով էլ վարսահարդար աշխատելու պայմանով 2004-ին մեկնել է Տրապիզոն: Տրապիզոնում նրան դիմավորել է իջեւանցի Գոհարը:
«Գոհարն ասաց, թե այստեղ վարսավիրի մասնագիտությամբ լավ գումար չես աշխատի, եւ ճանապարհածախսի համար տված պարտքը շուտ մարելու համար պետք է մարմնավաճառությամբ զբաղվեմ: Ես հրաժարվեցի, բայց անձնագիրս ձեռքիցս վերցրեցին ու ճնշելով փողոց հանեցին: Մոտ 6 ամիս աշխատեցի, բայց գումարն ամբողջովին Գոհարին էի տալիս: Միայն մի անգամ 100 ԱՄՆ դոլար է տուն ուղարկել: Հետո մայիս, թե հունիս ամիսն էր, ինչքան գիտեմ, 2.000 դոլարով ինձ վաճառեց Ֆերման անունով մի կավատի»,- պատմում է Լարիսան: Վերջում տուժողը հայտարարեց, թե կոնկրետ Գայանե Մելքոնյանի հանդեպ ոչ մի պահանջ չունի, քանի որ վերջինս իրեն խաբեությամբ չի ուղարկել եւ ոչ էլ այլ աշխատանք է խոստացել:
Գործով մեկ այլ վկայի՝ Սյուզաննա Հակոբյանի ցուցմունքը գրեթե նույն բովանդակությունն ուներ. նա Գայանե Մելքոնյանի հարեւանուհին է եւ հերթական զրույցներից մեկի ժամանակ ցանկություն է հայտնել Թուրքիա մեկնելու մասին: Գայանե Մելքոնյանն էլ Սյուզաննային ծանոթացրել է Թուրքիայում լավ կապեր ունեցող իր ծանոթների հետ: Վերջինս Թուրքիայում աշխատել է ամբաստանյալ Մայրանուշ Հարությունյանի ղեկավարության ներքո, հետո բավարար գումար աշխատելուց հետո վերադարձել է Հայաստան, իսկ Գայանեի հանդեպ պահանջ չունի: Վերջում Սյուզաննա Հակոբյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքները, որոնք չեն համապատասխանում իրականությանը, գրել է քննիչի թելադրանքով: «Մի ահավոր հայհոյանքներ են տալիս ու ստիպում, որ իրենց ուզածը գրեմ: Դե, գրեցի, բայց հենց դուրս եկա, նույն գործով վկա Կարինեի հետ բողոք գրեցի քննիչի դեմ»,- պատմեց Սյուզաննա Հակոբյանը:
Դատարանում բացի Գայանե Մելքոնյանից, մյուս ամբաստանյալներն իրենց մեղավոր ճանաչեցին եւ դատարանից մեղմ պատիժ խնդրեցին:
Դատավոր Սուրիկ Կոստանյանը մերժեց Գայանե Մելքոնյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանի` գործը նորից նախաքննության ուղարկելու պահանջը եւ վճռեց Գայանե Մելքոնյանին առաջադրվող երկու հոդվածներով էլ մեղավոր ճանաչել եւ ազատազրկել 5 տարի ժամկետով, իսկ Սուսաննա Հակոբյանին` 2 տարի ժամկետով: Մայրանուշ Հարությունյանի եւ Ռուզաննա Բաղդասարյանի հանդեպ որպես պատժամիջոց նշանակվեց պայմանական փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել