Հունիսի 1-ին Սիսիանի շրջանի Գորհայք համայնքի գյուղացիներին հայտնել են, որ այսուհետ 1 լիտր կաթը 150 դրամի փոխարեն ընդունելու են 140 դրամով։ Գորհայք համայնքի 4 գյուղերը (Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ և Գորհայք) կաթը հանձնում են «Բորիսովկա» ՍՊԸ-ին, որը նույն համայնքում աշխատեցնում է պանրի գործարան։ Ընկերության հիմնադիր Մյասնիկ Գրիգորյանն ի պատասխան գյուղացիների բողոքի՝ ասել է, որ ինքն է որոշում, թե կաթն ինչ գնով ընդունի․ ոչ մարզպետը, ոչ էլ վարչապետն իրեն չեն կարող գին թելադրել։ Երեկ գյուղացիները, որպես բողոքի նշան, մոտ 1 ժամով փակել էին Սյունիքի մարզով անցնող միջպետական ճանապարհը։ Նրանք մթերած կաթը թափել են ճանապարհի մեջտեղը՝ նշելով, որ ավելի լավ է կաթը թափեն, քան վաճառեն նման գնով։
Դեռ մայիսի կեսերին նույն ընկերությունը կաթի ընդունման գինը 160 դրամից իջեցրել էր 150-ի։ Գյուղացիների բողոքից հետո մարզպետարանից նամակ էին ուղարկել, որ «Բորիսովկա» ՍՊԸ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ կաթի գինն այսուհետ կպահպանվի 150 դրամի սահմաններում։ Ընդամենը օրեր անց ընկերությունը ևս 10 դրամով իջեցրել է ընդունման գինը՝ դարձնելով այն 140 դրամ։
Սյունիքի մարզի Գորհայք համայնքի բնակիչները դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին՝ պարտավորեցնել կաթ ընդունող «Բորիսովկա» ՍՊԸ-ին պահել կաթի գինն անփոփոխ, այլապես իրենք ստիպված կլինեն կրկին, բայց ավելի երկար ժամանակով փակել միջպետական ճանապարհը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել