HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ոստիկանությունը առաջարկում է հանրահավաքն անցկացնել «Ուսանողական» պուրակում

Արցախի ոստիկանությունը հայտրարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք նույնությամբ․ 

2018 թվականի հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանի դիմացի ճանապարհին իրականացվել է խաղաղ հավաք, որը վերսկսվել է հաջորդ օրը ժամը 11:00-ի սահմաններում և գիշերային դադարով շարունակվում է մինչ այժմ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը արձանագրում է, որ ի սկզբանե ապահովել է հավաքի մասնակիցների ԱՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված հիմնարար իրավունքի անխոչընդոտ իրականացումը՝ կարգավորելով հավաքի վայրի ճանապարհատրանսպորտային երթևեկությունն այնպես, որ այն չխոչընդոտի հավաքի իրականացմանը: Բացի այդ որևիցե իրավական կամ վարչական ներգործություն հավաքի մասնակիցների նկատմամբ չի իրականացվել: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ից ի վեր քաղաքացիներից ստացել ենք մի շարք բողոքներ և դժգոհություններ տեղաշարժման ազատության իրենց սահմանադրական իրավունքի սահմանափակման կապակցությամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հավաքը անց է կացվում Ստեփանակերտի տրանսպորտային կարևոր հանգույցի՝ ավտոկայանի մերձակա ճանապարհին:

Կարևոր է ընդգծել, որ հավաքների ազատության  սահմանադրական իրավունքն անհրաժեշտ է հավասարակշռել այլ սահմանադրական իրավունքներին, այդ թվում ազատ տեղաշարժվելու իրավունքին: Հավաքների ազատությունը չպետք է անհամաչափ սահմանափակի այլ քաղաքացիների տեղաշարժման ազատությունը, իսկ սահմանափակման համաչափությունը որոշելիս ի թիվս այլոց, հաշվի է առնվում հավաքի անցկացման վայրը և տևողությունը:

Ելնելով վերոգրյալից հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին առաջարկում ենք հավաքը շարունակելու մտադրության դեպքում այն իրականացնել Արցախի պետական համալսարանի դիմացի «Ուսանողական» պուրակում:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար լիազորվել է ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Գագիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter