
Հայ-մոլդովական 5-րդ ընկերական մրցավեճը՝ այսօր
Այսօր՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ավստրիայի Կեմատեն ին Տիրոլ քաղաքում տեղի կունենա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին մեր ընտրանին գլխավոր մարզչի պաշտոնը կրկին ստանձնած Վարդան Մինասյանի ղեկավարությամբ 1-1 խաղաց Մալթայի հետ:
Այս տարի Հայաստանի հավաքականն արդեն 3 ընկերական խաղ է անցկացրել. Էստոնիայի հետ՝ 0-0, Լիտվայի հետ՝ 0-1, Մալթայի հետ՝ 1-1:
Մոլդովայի հետ մրցավեճը լինելու է նախկին խորհրդային հանրապետությունների 5-րդ հանդիպումը, որոնք բոլորն էլ ընկերական բնույթ են կրել: Ընդ որում՝ Հայաստանի ընտրանին պատմության մեջ իր առաջին հանդիպումն անցկացրել է Մոլդովայի դեմ Երեւանում 1992-ի հոկտեմբերի 14-ին, որն ավարտվեց 0-0: 2000 թ. փետրվարի 2-ին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում Լառնակայում մեր թիմը մոլդովացիներին հաղթեց 2-1 հաշվով. աչքի ընկան Ռաֆայել Նազարյանն ու Կարեն Դոխոյանը: 2008-ի մայիսի 5-ին Տիրասպոլում գրանցվեց 2-2. մեր թիմից գոլի հեղինակ դարձան Մարկոսն ու Լեւոն Պաչաջյանը: 2009-ի օգոստոսի 12-ին Երեանում կայացավ հերթական ընկերական մրցավեճը, որում հյուրերը հաղթեցին 4-1 հաշվով. մերոնցից հեղինակության գոլը խփեց Արարատ Առաքելյանը:
Այսպիսով՝ ազգային հավաքականների մակարդակով հայ-մոլդովական ֆուտբոլային դիմակայությունում հավասարություն է՝ 1-ական հաղթանակ եւ 2 ոչ-ոքի, գոլերի հարաբերակցությունն ի վնաս մեզ է՝ 5-7:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն այս պահին 98-րդն է, Մոլդովան՝ 173-րդը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, երեկ մեր ընտրանին նախախաղային մարզում է անցկացրել: Մի շարք վարժություններ կատարելուց հետո ֆուտբոլիստները երկկողմանի խաղ են անցկացրել: Ի տարբերություն Մալթայի հետ հանդիպման՝ արդեն հավաքականի տրամադրության տակ են Ղազախստանից ժամանած Մարկոսն ու Էդգար Մալաքյանը: Վերջինիս թիմակից Կամո Հովհաննիսյանը չի կարողացել մեկնել Ավստրիա փաստաթղթային խնդիրների պատճառով:
Լուս.՝ ffa.am-ի
Մեկնաբանել