Նախարարը հանձնարարել է բացառել հրդեհային և տեխնիկական անվտանգության կոպիտ խախտումներով կայանների շահագործումը
Հունիսի 4-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին:
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 24735 ահազանգ, մարզերում իրականացվել են թեմատիկ դասընթացներ և ուսումնական վարժանքներ: Հ. Եմիշյանը նշեց, որ վերահսկվում է տրված բոլոր հանձնարարականների կատարումը, ընթացքի մեջ են ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության և փրկարարներին որակյալ համազգեստով ապահովման հարցերը: Նախարարին զեկուցվել է նաև Բելառուսում կայանալիք պատանի փրկարարների միջազգային մրցումներին ՀՀ ԱԻ նախարարության մասնակցության նախապատրաստական աշխատանքների մասին:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի ժ/պ Վահագն Օհանյանը զեկուցել է, որ, ըստ նախարարի հանձնարարականի, շարունակվում են ստուգումները համակարգի տարբեր ստորաբաժանումներում, անդրադարձել ներդրումային ծրագրերի ուղղությամբ տարվող աշխատանքներին: Վ. Օհանյանը նաև նշել է, որ արդիականացվում են ԱԻՆ կառավարման համակարգի հարցերը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումների ավարտի մասին, որից հետո կներկայացվեն արդյունքներն ու առաջարկությունները: Տեսչության պետը նշել է նաև, որ ընթացքի մեջ է 22 հրդեհի դեպքի հետաքննություն: Անդրադառնալով շարժական գազալցակայանների խնդրին՝ Ա. Մկրտչյանը նշել է, որ տվյալ ոլորտում դեռ բաց են խնդիրները:
Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարել է հետևողական լինել մարզերում շարժական գազալցման կայանների շահագործման ընթացքին և բացառել հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների բազմաթիվ կոպիտ խախտումներով կայանների շահագործումը: Այդ նպատակով նախարարը հանձարարել է նաև պաշտոնական նամակով դիմել Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մարզերում խնդիրը վերջնականապես կարգավորելու ուղղությամբ:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ուսումնական վարժանքների կազմակերպման և հրշեջ-փրկարարական հենակետերի վերանորոգման աշխատանքների մասին։ Նախորդ շաբաթ Արցախում գրանցվել է 303 ահազանգ:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին:
Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետներում կազմել և ներկայացնել ՓԾ թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչությունում հաշվառված ծառայողական մեքենաների տվյալններն ու շահագործման տարիները, պատշաճ կազմակերպել հունիսի 26-27-ը Երևան քաղաքում կայանալիք ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված տարածաշրջանային պլատֆորմի ընթացիկ աշխատանքները:
Նախարարը կրկին անդրադարձել է համակարգի կադրային քաղաքականությանը և հանձնարարել ծրագրեր մշակել՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողներին նախարարությունում աշխատանքի ընդունման ուղղությամբ:
Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը կրկին շեշտել է, որ դեմոնոպոլիզացման գործընթացը պետք է ավարտել մինչև շաբաթվա վերջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել