HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանի նորանշանակ դեսպանը Հայաստանի արտգործնախարարին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

Հունիսի 4-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը:

ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսաստանյան օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձել են բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրասնիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter