HY RU EN

Սեդա Ղուկասյան

Վալերիյ Օսիպյան․ «Մենք կարմիր գիծ ենք գծել»

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է՝ Ոստիկանությունում կոռուպցիոն էլեմենտներ չկան։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Օսիպյանը՝ անդրադառնակով այն հարցին, որ, ըստ ԱԱԾ նորանշանակ պետի հայտարարության, Ոստիկանության որոշ ստորաբաժանումներում կոռուպցիոն սխեմաներ են գործել։

«Ես վստահորեն հայտարարում եմ, որ այսօր Ոստիկանությունում չկան կոռուպցիոն էլեմենտներ, վստահորեն ասում եմ՝ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել։ Չեմ բացառում, հնարավոր է՝ իմ գործընկերներից մեկ-երկուսը․․․»,- ասաց Օսիպյանը։

Ոստիկանապետը չհերքեց, որ Ոստիկանության որոշ ստորաբաժանումներ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել։

«Այո, ոստիկանությունում եղել են նման ստորաբաժանումներ, բայց որ ասեմ համատարած երևույթ է եղել, չէ, հիմնականում այն ստորաբաժանումներ են, որ բոլորդ էլ գիտեք, որոնք առնչվում են քաղաքացիների հետ, հիմնական խնդիրը ՃՈ-ում է եղել»,- ասաց Օսիպյանը՝ վստահեցնելով, որ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ։

Ճշտող հարցին՝ կլինե՞ն նաև պաշտոնատար անձինք, որոնք պատասխաատվության կենթարկվեն, Օսիպյանը պատասխանեց․ «Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ լինի ոստիկանապետ Օսիպյանը, թե կրտսեր սերժանտ Կիրակոսյանը, տարբերություն չկա։ Մենք կարմիր գիծ ենք գծել»։

Իսկ արդյոք կարմիր գիծն անցնողներ չե՞ն եղել՝ հարցին, Վարելիյ Օսիպյանը պատասխանեց, որ չեն եղել, եթե լինեն, խնդրում է ԶԼՄ-ներին տեղեկացնել իրեն։

Օսիպյանի խոսքով՝ նախատեսվում է նաև Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձի բարձրացում: Այդ թեմայով արդեն կառավարությունում քննարկումներ ունեցել են, ծրագրում են հունվարից այն բարձրացնել։ Ոստիկանությունում կվերանայվի նաև աշխատակիցների թիվը, կլինեն կրճատումներ։ Օսիպյանի խոսքով՝ Ոստիկանության համապատասխան սարքերի համալրում նախատեսված չէ, հնարավոր է նաև վերանայվի եղածը։