HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարությունը ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ

Կառավարության վարած արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն է, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ՀՀ միջազգային հեղինակության բարձրացումը։

Այս մասին նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում՝ արտաքին քաղաքականություն հատվածում։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում այս կառավարությունը, ինչպես նախորդը, խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում՝ բացառապես խաղաղ կարգավորմամբ։

«Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններ են։ Կառավարությունը, սակայն, համոզված է, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով էական նշանակություն ունի խաղաղության հաստատման համար համապատասխան մթնոլորտի առկայությունը և կողմերի ագրեսիվ հռետորաբանության բացակայությունը»,- ասված է ծրագրում։ Կառավարության համոզմամբ՝ Արցախը որպես հակամարտության կողմ պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղ հանգուցալուծման գործընթացում։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը ևս որդեգրել է ՀՀԿ-ի «և-և»-ի արտաքին քաղաքականությունը՝ հարաբերությունները խորացնել և՛ ՌԴ-ի, և՛ ԵՄ-ի հետ։ Կառավարությունը ջանքեր է գործադրելու ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագրի կիրարկման և ՀՀ քաղաքացիների համար  ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, ըստ ծրագրի, կառավարությունը ջանքեր է գործադրելու ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ այդ նպատակը դիտարկելով առաջնահերթությունների թվում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա։ Կառավարությունը  ՌԴ-ի հետ ՀՀ ռազմական համագործակցությունը դիտարկում է որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր բաղադրիչ»,-ասված է ծրագրում։

Կառավարությունը մտադիր է նաև ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում բարեկամական գործընկերությանը զարկ տալ, տարբեր ոլորտներում խորացնել հարաբերությունները հարևան Վրաստանի և Իրանի հետ, ընդլայնել փոխգործակցությունը Մերձավոր Արևելքի գործընկեր երկրների հետ, զարգացնել համագործակցությունն Ասիայի, Աֆրիկայի և Օվկանիայի պետությունների հետ։

Կառավարությունը կարևորում է նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը, ինչպես` ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ԱՊՀ համագործակցություն, Ֆրանկոֆոնիայում Հայաստանի մասնակցության խորացում։

Անդրադարձ կա նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Կառավարությունը համոզված է, որ միայն ոճիրի ճանաչման միջոցով է հնարավոր կանխարգելել նման հանցագործությունները»,- նշված է ծրագրում։

Կառավարությունը կարևորում է նաև արտաքին քաղաքականության ոլորտում օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանության, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը, արտակարգ իրավիճակներում ՀՀ քաղաքաացիներին օգնություն տրամադրելը։

Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացվելու է հունիսի յոթի արտահերթ նիստում։

Լուսանկարը՝ Primeminister.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter