HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրը կերկարաձգվի

Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի նախագահ Հարություն Արմենյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի  Թրփանճեան հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը  հանդիպել են  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:   

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, քննարկվել են հետագա ծրագրերն ակտիվացնելու, առողջապահական համակարգին անհրաժեշտ լուծումներ գտնելու ու մարզերում առկա կադրային խնդիրներին ուղղորդված մոտեցում ցուցաբերելու հարցեր:

Թրփանճեան  գյուղական զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող «Ձեռներեցներն առողջապահության ոլորտում» ծրագիրն ունի մի քանի ուղղություն: Մասնավորապես, աջակցում է բժիշկ շրջանավարտներին և ոլորտի փորձառու մասնագետներին՝ համայնքներում բացելու և գործարկելու մասնավոր, անհատական կաբինետ-կենտրոններ՝ օգնելով ցածր տոկոսադրույքով վարկերի դիմելու հարցում: 

Արմենյանի փոխանցմամբ՝  իրենց օժանդակությամբ 11 տարվա ընթացքում շուրջ 350 բիզնես է ստեղծվել Հայաստանում, Արցախում և Ջավախքում: «Կարող ենք և պատրաստ ենք ծրագիրը երկարաձգել ևս մի քանի տարով՝  բարելավելու առողջապահական ծառայությունների որակն ու հասանելիությունը գյուղական տարածքներում»,-ասել է Հարություն Արմենյանը: 

Ծրագրի շրջանակներում նաև վերապատրաստվում են բժիշկներն ու բուժքույրերը, մասնակցում ձեռնարկատիրությանն առնչվող դասընթացների: 

Նկատի ունենալով մարզերում անհրաժեշտ կադրերի պակասն ու բուժհաստատությունների հեռավորությունը հատկապես գյուղական շրջաններից՝ Հարություն Արմենյանը շեշտել է իրենց պատրաստակամությունը՝ մասնակցություն և ներդրում ունենալու այս առումով իրականացվող փոփոխություններին: 

Նախարար Թորոսյանը կարևորել է ծրագրային ուղղություններն ու ընդգծել, որ դրանցով շեշտադրվող մի շարք նպատակների իրականացումն, իրոք, շատ կարևոր է: Այս պարագայում անհրաժեշտ է առավել ուղղորդված դարձնել ջանքերն ու քայլերը: Թորոսյանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի իրականացմանն առնչվող մի շարք տեխնիկական հարցերում: 

«Շատ կարևոր է մոտիվացնել երիտասարդներին՝ գնալ աշխատելու մարզերում՝ անհատապես կամ խմբերով ներգրավելով նրանց բիզնես նախագծերում: Այս առումով քաղաքականության մշակման հարցում կարևորում ենք ձեր աջակցությունը»,-նշել է Թորոսյանը: 

Հանդիպման ժամանակ շեշտվել է նաև մարզանքը գյուղական բնակավայրերում կենսակերպ դարձնելու կարևորությունը, հանքերի, մասնավորապես, Ամուլսարի շահագործման ազդեցությունը հարակից շրջանների բնակչության առողջության վրա: Վերջին հարցի մասով Վարդուհի Պետրոսյանը  պատրաստակամություն է հայտնել նախարարին տրամադրել որոշ հետազոտությունների արդյունքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter