«Եթե թերթերն իմանան, կսատկացնենք»
Նոյեմբերի 15-ին անհայտ անձինք դաժանաբար ծեծել են Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) «Սարգիս Տխրունի» ուսանողական միության ղեկավար Նարեկ Գալստյանին:
Դրան նախորդած իրադարձությունները հաշվի առնելով` որոշ ընդդիմադիր կուսակցություններ եւ գործիչներ կատարվածը բնորոշեցին իբրեւ իշխանությունների կողմից իրականացված քաղաքական ահաբեկչություն:
Նարեկը դեռ 20 տարեկան չկա, սովորում է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրայում: 2003-2006 թթ. եղել է «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերտի» երիտասարդական ծրագրի ղեկավարը: 2006 թ. սեպտեմբերի 21-ին ընտրվել է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ: Նա միաժամանակ կուսակցության մամլո խոսնակն է:
«Մենք արմատական ընդդիմություն ենք եւ առաջիկա նախագահական ընտրություններում միասնական թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցը: Մինչեւ վերջին պահը կանգնելու ենք հիմնադիր նախագահի կողքին` որպես գործող իշխանություններից ազատվելու միակ երաշխիք»,- ասում է Ն. Գալստյանը:
Նոյեմբերի 13-ին նա իր ընկերոջ` կուսակցության վարչության անդամ Էդմոնդ Մակարյանի հետ քաղաքի կենտրոնում շենքերի պատերին փակցրել է թերթիկներ` «Սարգսյան Սերժին հայը կմերժի» գրառումով: Օպերայի մերձակայքում ժամը 23:30-ի սահմաններում տղաներին մոտեցել են ոստիկաններ: Քիչ անց նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը:
«Հենց օպերայի հրապարակի մոտ Նազարյանը մի քանի անգամ ապտակեց ինձ: Հետո մեզ տարան բաժին»,- հիշում է Նարեկը:
«Ի±նչ գնահատական կարող ենք տալ մի իշխանության, երբ գեներալ-մայորն իրեն թույլ է տալիս ձեռք բարձրացնել 19-20 տարեկան երիտասարդների վրա,- հարց է բարձրացնում ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը,- անգամ թռուցիկը բերանն են մտցրել եւ ասել` պիտի ուտես»:
Տղաներին մի քանի ժամ պահել են ոստիկանության Կենտրոնի բաժնում:
«Քաղմասում կողքից խփողներին հաշվի չեմ առնում. հիմնական դերակատարները Նազարյանն ու Կենտրոնի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանն էին: Իսկ երբ մեզ բաց էին թողնում, Մեհրաբյանն ուղղակի ասաց` եթե թերթերն իմանան, կսատկացնենք»,- պատմում է Նարեկը:
Տղաները չեն ընկրկել. հաջորդ օրը կատարվածի մասին որոշ թերթեր գրել են:
Ընդամենը մեկ օր անց` նոյեմբերի 15-ի առավոտյան, Ն. Գալստյանը տնից դուրս է եկել եւ տաքսով ուղեւորվել կուսակցության գրասենյակ: Նորք-Մարաշ համայնքում` հեռուստաաշտարակի մոտ, տաքսու ճանապարհը կտրել է մգացված ապակիներով մուգ գույնի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա, որից իջել են սպորտային գլխարկներով 3 երիտասարդ: Նրանք տաքսու վարորդից վերցրել են մեքենայի բանալիները, շպրտել այն եւ սկսել Նարեկին ծեծել: Հարվածները հիմնականում ուղղված են եղել տղայի գլխին: Հեռանալուց առաջ ծեծողներն ասել են. «Լրագրողներին եթե մի բան ասես, էս անգամ հաստատ կսպանենք»:
«Դրանցից մեկի դեմքը ծանոթ էր: Նրան տեսել էի նախորդ օրը «Զվարթնոց» օդակայանում, երբ դիմավորում էի մեր կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին»,- հիշում է Նարեկը:
Տաքսու վարորդի կանգնեցրած պատահական մեքենան նրան տեղափոխել է հիվանդանոց: Նարեկի գլխին մոտ 20 կար է դրվել: Նա արդեն հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն գլխացավերը դեռ չեն անցել:
«Պարզ է, որ այս ամենը քաղաքական պատվեր էր: Բայց ի հեճուկս նրանց` սկսելու ենք պայքարել ուժերի գերլարումով, որովհետեւ այսօր արդեն մեր առջեւ գոյության խնդիր է դրված»,- ասում է Ն. Գալստյանը:
«Իրավապահներին հանձնարարված է. ամենայն լրջությամբ պետք է գործը քննեն,- միջադեպի կապակցությամբ մեկնաբանել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը: - Բայց ես մի բան կցանկանայի ասել` ընտրություններ են գալիս եւ, ինչպես միշտ, ում հետ ինչ պատահի, կապելու են քաղաքականության հետ»:
Նախագահը, սակայն, չի անդրադարձել Նարեկի եւ նրա ընկերոջ նկատմամբ իրականացված ոստիկանական բռնարարքին, որոնց հեղինակները հստակ հայտնի են:
«Ոստիկանությունն առանց վերեւների հրահանգի չի գործում»,- համոզված է ԱԴՀԿ ատենապետ Լ. Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել