HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիլիջանի մի շարք փողոցներում անձրևից հետո բնակարանների ծորակներից կեղտաջուր է հոսում

Դիանա Ղազարյան

Նկարչուհի Հասմիկ Սողոմոնյանը Դիլիջանում է բնակվում մեկ տարեկանից: Ասում է` ինչ հիշում է, Դիլիջանում անձրևից հետո խմելու ջուրը օրեր շարունակ անպիտան է դառնում, և ստիպված են լինում այդ օրերի խմելու ջուրը բերել մոտակա աղբյուրներից և ցայտաղբյուրներից: Հասմիկը բնակվում է Դիլիջանի Կալինինո թաղամասում, սակայն նրա տեղեկություններով՝ քաղաքի շատ թաղամասերում նույն վիճակն է:

Հասմիկը պատմում է, որ անձրևից հետո խմելու ջրի մատակարարումը դադարեցնում են, լինում են դեպքեր, երբ մի ամբողջ օր խմելու ջուր չեն ունենում։ «Գետի ջուր է: Նույնիսկ չես ցանկանում կպնել, ուր մնաց օգտագործես: Այստեղ ոչ ոք տան ծորակից ջուր չի խմում: Մենք այդ ջուրը չենք խմում, աղբյուրներից ենք բերում»,- ասում է նա:

Դիլիջանում վերջին անգամ անձրև երեկ է եկել, և կրկին խմելու ջրի ծորակից աղտոտված ջուր է հոսել: Հասմիկը մեզ է փոխանցել երեկ Կոմիսարներ փողոցից արված տեսանյութ և լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես է անձրևից հետո խմելու ջրի ծորակից ժանգագույն և ցեխոտ ջուր հոսում:

Հասմիկն ասում է՝ Դիլիջանում խմելու ջրի խնդիրը տարիներ շարունակ չի լուծվում, և ամեն անգամ անձրևից հետո նույն իրավիճակը կրկնվում է: Բազմիցս դիմել են նախկինում ջրամատակարարմամբ զբաղվող «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը, սակայն անհասկանալի պատասխաններ են ստացել և հարցը այդպես էլ չի լուծվել: Հասմիկն ու Դիլիջանի այլ քաղաքացիներ այս պահին քննարկում են հանրապետության ջրմատակարարումն ապահովող «Վեոլիա Ջուր» ընկերությանը դատի տալու հարցը: Կարծում են՝ տարիներ շարունակ ձգձգվող խնդիրը լուծելու համար սա միակ ելքն է։ «Բնակիչները վճռական են տրամադրված և, խնդրի շուտափույթ ու վերջնական լուծում չստանալու դեպքում, պատրաստ են դիմել դատարան»,- ասաց Հասմիկ Սողոմոնյանը:

Նշենք, որ Դիլիջանի խմելու ջրի խնդրով 2015 թվականին Դիլիջանի «Օրհուս» կենտրոնի համակարգող Ա. Հարոյանը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ հայտնելով իր մտահոգությունների մասին: Հանձնաժողովից պարզաբանել են, որ Դիլիջանում խմելու ջրի բարձրորակ ստորերկրյա ջրաղբյուրների բացակայության պայմաններում ջրամատակարարումը իրականացվում է մակերևութային ջրաղբյուրներից՝ քաղաքը սնուցող երեք կայանների միջոցով:

Հանձնաժողովից հայտնել են, որ մակերևութային ջրառով է պայմանավորված արտաքին գործոնների ազդեցությունը ջրի որակի կազմավորման վրա: Հանձնաժողովի փոխանցմամբ՝ հատկապես գարնանային արագ ձնհալի շրջանում ստեղծվում է արտակարգ իրավիճակ ջրի մաքրման կայաններում, երբ արագ հոսող լեռնային փոքր գետերի ջրի պղտորությունը գերազանցում է մաքրման կայան մտնող ջրի որակի համար նախատեսված սահմանային նորմերը։ «Արդյունքում, մաքրման կայանների կառուցվածքները, անկախ տեխնոլոգիական և շահագործման ռեժիմներից, չեն հասցնում մաքրել ջուրը և ապահովել բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակը՝ պահանջվող հիգիենիկ նորմերի համաձայն», - նշել են հանձնաժողովից:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter