
«Տարոն-Ավիան» նոր կառավարությանը մրցակցային դաշտի կարգավորման առաջարկ է ներկայացրել
«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրեն Լեւոն Քարամյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ մայիսի վերջին Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությանն են ներկայացրել առաջարկություն, որի իրականացման դեպքում ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները Հայաստանից: Առաջարկությունը վերաբերում է ավիացիայի հայկական շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելուն: Հարցին, թե արդյոք օպերատորը դժգոհ է եղել նախկին իշխանությունների վարած քաղաքականությունից, Քարամյանը նշեց, որ խնդիրը մրցակցային դաշտը կարգավորելն է, եւ խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների հետ մրցակցության մասին է:
Հիշեցնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում բազավորվող «Տարոն-Ավիան» 2017-ին այդտեղից թռիչքներ էր իրականացնում դեպի Կրասնոդար, Սամարա, Մոսկվա («Դոմոդեդովո»), Դոնի Ռոստով: Ավելի ուշ այս վերջին ուղղությունը փոխարինվեց Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան չվերթով: Վերջին անգամ ավիաընկերությունը սեփական չվերթ կատարել է այս տարվա հունվարի 14-ին Երեւանից դեպի Մոսկվա եւ հետադարձ ուղղությամբ: Դրանից հետո ընկերությունը դադար է վերցրել:
Այս դադարը պարտադրված է, քանի որ հայաստանյան ուղեւորափոխադրումների ոլորտում առաջին քայլերն անող («Տարոն-Ավիան» հիմնադրվել է 2007-ին որպես բեռնափոխադրող) ընկերությունը ռուսական գիգանտ ընկերությունների կոշտ մրցակցության պատճառով հայտնվեց «խաղից դուրս» վիճակում:
Անշուշտ, սրան հանգեցրեց նաեւ Հայաստանի հռչակած «բաց երկնքի» քաղաքականությունը: Որքան էլ նախկին կառավարության պաշտոնյաներն ու ՔԱԳՎ-ի ղեկավարությունը հայտարարեն, թե շուկայական հարաբերություններ են, ավիաընկերություններն են որոշում իրենց քաղաքականությունը, փաստ է, որ այսօր «բաց երկնքի» ծրագիրը Հայաստանին կանգնեցրել է կոտրած տաշտակի առաջ, ու միայն «Ավիակոմպանիա Արմենիան» է ընդամենը 1 օդանավով կանոնավոր փոխադրումներ կատարում, իսկ չարտերային թռիչքների համար էլ երբեմն դիմում վրացական գործընկեր «Georgian Airways»-ի օգնությանը՝ նրանից ինքնաթիռ վերցնելով: Շեշտենք, որ ավիացիայի ոլորտի բազմաթիվ մասնագետներ տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանի նման փոքր երկրի համար, որը գտնվում է չավարտված պատերազմի պայմաններում, չափազանց ռիսկային է «բաց երկինք» հռչակելը:
Այն բանից հետո, երբ «Տարոն-Ավիան» դուրս մղվեց ասպարեզից, «Աէրոֆլոտի» դուստր «Պոբեդան» դեպի Գյումրի է թռչում ոչ միայն Մոսկվայից, այլեւ Սանկտ Պետերբուրգից ու Ռոստովից: Քանի որ «բաց երկնքի» քաղաքականությամբ թռիչքների ուղղությունների եւ քանակի սահմանափակում չկա, ռուսական կողմը, օգտագործելով իր մեծ ավիապարկն ու օդանավերի տեղերի քանակը, չվերթների պարբերականության ու գնային քաղաքականության միջոցով ի զորու է կարճ ժամանակում փակուղի մտցնել հայկական ցանկացած ավիաընկերության:
Լեւոն Քարամյանը մեզ նաեւ հայտնեց, որ կառավարությանն են ներկայացրել իրենց 9-ամսյա գործունեության (2017-ի ապրիլից մինչեւ 2018-ի հունվար) պատկերը: Ավիաընկերության առաջարկությունը կառավարությունն արդեն ստացել է: Եթե «Տարոն-Ավիան» հայկական երկինք վերադառնա, ըստ Լ. Քարամյանի, կրկին կիրականցնեն դեպի Ռուսաստան թռիչքներ:
Հիշեցնենք, որ հայկական օպերատորը 4 հատ «Boeing 737-500» տիպի օդանավ ունի, որոնցից 3-ն (EK-73772, EK-73775, EK-73776) այս պահին շահագործվում են Աֆրիկայում: Իսկ Գյումրիում մնացած օդանավը (EK-73797) գարնանը՝ Նովրուզի օրերին, օպերատորը վարձակալությամբ հանձնել էր մեկ այլ հայկական ընկերության՝ «Atlantis European Airways»-ին, որը Երեւանից թռչում էր Իրան՝ այնտեղից բերելով իրանցի զբոսաշրջիկների:
«Տարոն-Ավիայի» կոմերցիոն տնօրենը հայտնեց, որ EK-73797-ը Գյումրուց կրկին տեղափոխվել է Երեւան՝ նույն «Atlantis»-ի թռիչքների իրականացման համար: Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, օդանավը Գյումրուց Երեւան է ժամանել հունիսի 2-ին:
Ամսի 3-ին այն պիտի մեկներ Ստամբուլ, սակայն չվերթը չեղարկվել է: Հաջորդ թռիչքը նախատեսված է այսօր գիշերը:
Ինչպես արդեն գրել ենք, «Atlantis»-ն ունի 2 օդանավ, սակայն դրանք վարձակալության է հանձնել հունական «Ellinair»-ին ու, փաստորեն, ինքն է ուրիշից օդանավ վարձակալում:
Լուսանկարը՝ «Տարոն-Ավիայի» ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել