HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պարտքի մարում` կրակոցներով

Նոյեմբերի 28-ին Սիլիկյան թաղամասում (3-րդ գյուղ) գտնվող «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Մարմարի աշխարհ» խանութ-արտադրամասի մոտ հնչել են կրակոցներ:

Հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել ՍՊԸ-ի սեփականատեր Կարլեն Մարտիրոսյանը եւ նրա կրտսեր որդին` Հրանտը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն, ըստ բժիշկների, 33-ամյա Հրանտի ծունկն այլեւս իր ֆունկցիան չի վերականգնի: Գնդակը վնասել է նրա ծնկի կռճիկային հատվածը:

«Մոտ 6 ամիս առաջ խանութ հաճախորդ եկավ, ներկայացավ որպես Արման եւ ասաց, որ «Խուճուճ Էդոյի» (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Էդուարդ Մադաթյան - Ա. Դ.) փեսան է,- հիշում է Մարտիրոսյանների միջնեկ որդին` Աշոտը: - Աբովյան-Թումանյան խաչմերուկում գտնվող իր խանութի վերանորոգման համար մեզնից քար գնեց, բայց 1000 դոլար պարտք մնաց: Զանգեցի, բա` հիմա կբերեմ: Բայց էսօր-վաղը ասելով` չբերեց: Նույնիսկ սկսեց հեռախոսն անջատել, որ չզանգեմ»:

Նոյեմբերի 28-ի կեսօրին Աշոտ Մարտիրոսյանը քաղաքի կենտրոնում պատահաբար հանդիպում է Արմանին:

«Ասացի` Արման ջան, էդ 1000 դոլարը քեզ համար մեծ գումար չի: Չարժե, որ դրա պատճառով խաբես կամ հեռախոսդ անջատես: Բա` հեսա կես ժամից կգամ 3-րդ գյուղ, կասեմ»,- պատմում է Աշոտը:

Երկու ժամ անց Մարտիրոսյանների խանութ-արտադրամասի մոտ կանգնել են 5-6 ավտոմեքենաներ` մոտ երկու տասնյակ մարդկանցով:

Ա. Մարտիրոսյանի խոսքերով` «փեսա» Արմանը, «Խուճուճ Էդոյի» որդին` Արման Մադաթյանը եւ վերջինիս մորաքրոջ կամ հորաքրոջ տղան` Համիկը, մտել են խանութ ու սկսել հայհոյախառն բառապաշարով լկտի խոսակցություն վարել.

«Բա` արա, էս մեզնի՞ց եք փող ուզում: Ասացի` Արման ջան, 1000 դոլարի համար ի՞նչ ես եկել կռիվ անում: Էդ փողը քեզ նվեր, զորքդ հավաքիր, գնա»,- պատմում է Աշոտը եւ նշում, որ եկվորներից չորսը «պիստալետ են հանել, մեկը` ավտոմատ»: Բայց, բարեբախտաբար, վերջինս այն չի կիրառել:

«Երեւի խոսքերիցս վատ զգաց («փեսա» Արմանը), պիստալետը հանեց ու պահեց վրես»,- շարունակում է Աշոտը:

Սկսվել է քաշքշուկ, որը, սակայն, շատ կարճ է տեւել: Հենց խանութի դիմաց Համիկը, որը, ըստ Աշոտի, «ուռած կամ ծակված» է եղել, ատրճանակից կրակել է ընտանիքի հոր` 63-ամյա Կ. Մարտիրոսյանի ոտքին: Իսկ խանութի մյուս կողմում «փեսա» Արմանը կրակել է կրտսեր Մարտիրոսյանի` Հրանտի ոտքին:

Սկսած հրաձգությունից հետո Մարտիրոսյաններին «հյուրընկալվածներն» անմիջապես դիմել են փախուստի` դեպքի վայրում թողնելով իրենց մեքենաներից մեկը` 001us01 պետհամարանիշով «Մերսեդես - ՄԼ320»-ը:

Ա. Մարտիրոսյանի պատմելով` քիչ անց ժամանած իրավապահները մեքենայում հայտնաբերել են տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Է. Մադաթյանի որդու փաստաթղթերը:

Նշենք, որ թաղային հեղինակություն Է. Մադաթյանը` «Խուճուճ Էդոն», 1999 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր: Սակայն մեկ տարի անց նրա պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` տրանսպորտի եւ կապի նախարար նշանակվելու կապակցությամբ: Իսկ արդեն 2004 թ. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում` ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես` նախագահ Ռ. Քոչարյանի, այն ժամանակվա վարչապետ Ա. Մարգարյանի, ՍԴ նախագահ Գ. Հարությունյանի եւ այլոց դեմ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով:

Ավելի ուշ մամուլին տված հարցազրույցում Է. Մադաթյանին առաջադրված մեղադրանքը բացարձակ անհեթեթություն եւ «սարքած գործ» համարեց Էրեբունու համայնքապետ Մհեր Սեդրակյանը («Թոխմախի Մհեր»): Ի դեպ, վերջինս «Խուճուճ Էդոյի» որդու` Արման Մադաթյանի աներն է:

Ուշագրավ է նաեւ այն, որ այս տարվա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պատգամավորության թեկնածու առաջադրվելու հետ կապված դատական գործընթացի ժամանակ Է. Մադաթյանի պաշտպանը եւ հարազատները նշել են, թե հարկ եղած դեպքում նրա ներկայությունը կարող են մեկ ժամվա ընթացքում ապահովել: Ասվածը հաշվի առնելով` որոշ լրագրողներ եզրակացրին, որ «Խուճուճ Էդոն» քաղաքում է: Սրան ի պատասխան` գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մեկնաբանեց. «Հուսով եմ` ոստիկանությունը հիմք կընդունի այդ տեղեկատվությունը եւ կձեռնարկի համապատասխան միջոցներ` որոնողական աշխատանքներն ակտիվացնելու»:

Անցել է 6 ամիս, բայց իրավապահների ակտիվությունը դեռեւս արդյունք չի տվել: Հիմա էլ պետք է հուսալ, որ նույն այդ «ակտիվության» շնորհիվ կհայտնաբերվեն նաեւ «Խուճուճ Էդոյի» որդի եւ փեսա Արմանները:

Նոյեմբերի 29-ին ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որում նշված է. «... ոմն Արման եւ Համիկ իրենց մոտ եղած ատրճանակներից կրակ են արձակել Մարտիրոսյանների ոտքերին, պատճառել մարմնական վնասվածքներ...
Զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 9մմ տրամաչափի փամփուշտի 2 պարկուճ եւ գնդակի 2 բեկոր:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արմանի եւ Համիկի անձը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ»:

Նոյեմբերի 30-ին ժամը 21:30-ի սահմաններում 1985 թ. ծնված Հմայակ Հովհաննիսյանն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին եւ հայտնել, որ  «Հայր եւ որդի Մարտիրոսյաններ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-արտադրամասի մոտ «Վիկինգ» տեսակի ատրճանակից կրակ է արձակել եւ դիմել փախուստի. «Ձեռնարկվում են օպերատիվ միջոցառումներ մյուս մասնակիցներին եւ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հ. Հովհաննիսյանը կալանավորված է»,- տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնից:

«Մենք ավելի շատ ոչ թե քարի վաճառքով, այլ մշակմամբ ենք զբաղվում: Տուն ենք կառուցում, բարիք ենք ստեղծում ու լավությունից բացի ուրիշ բան չենք անում: Բայց տեսեք, թե ինչ են անում»,- ասում է Ա. Մարտիրոսյանը եւ նշում, որ ուզում է Հայաստանից հեռանալ. «Որովհետեւ ընտանիքիս անվտանգության համար ոչ մի երաշխիք չունեմ: Եթե 1000 դոլարի համար կարող են գալ օրը ցերեկով կրակել, բա որ 10 հազար դոլար լիներ, ի՞նչ կանեին: Երեւի տուն ու տեղս կվառեին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter