HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արայիկ Հարությունյանը նախաձեռնելու է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» աուդիտ

Խորհրդարանում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկումը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին խնդրեց անդրադառնալ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ում առանձնապես խորոշ չափերով յուրացում կատարելու դեպքին և հարուցված քրեական գործին։

Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի 6-ին ՀԵՀ գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 միլիոն դրամի փոխառության պայմանագիր: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի համար տարօրինակ էր Կարեն Ավագյանի դիմումը։

«Շատ տարօրինակ է, որ որևէ հիմնադրամի տնօրեն կարող է մեկ օրում 326 միլիոն հենց այնպես ստորագրել, որպես փոխառություն վերցնել ու երկու ամիս անց նոր հայտնաբերվի այդ ամենը: Որպես տվյալ հոգաբարձուների խորհրդի անդամ՝ առաջիկայում պատրաստվում ենք նախաձեռնել խորհրդի նիստ, որտեղ կնախաձեռնվի հիմնադրամի աուդիտ։ Այս հիմնադրամը տարիներ շարունակ  եղել է ՀՀԿ-ում երիտասարդների ներգրավման կարևոր օղակներից մեկը, և որ ամենակարևորն է՝ չգիտեմ ինչ պայմանավորվածության արդյունքում ռեկտորները հարյուրավոր միլիոն դրամներ փոխանցել են այդ հիմնադրամին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ԵՊՀ-ն այս տարի պետք է փոխանցեր 130 միլիոն դրամ։

Նախարարի խոսքով՝ ժամանակին ասել են, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է բուհերի ղեկավարներին՝ բյուջեի 2%-ը տվեք և դուք կազատվեք ԱԱՀ-ից։ «Հիմա բուհերը ԱԱՀ չեն վճարում, բայց շարունակում էին «իներցիայով» այդ գումարները վճարել, ու այն բանից հետո, երբ ռեկտորներին կոչ արեցի դադարեցնել այդ վճարումները, հիմա հարյուրավոր միլիոն դրամներ մնում են բուհերին»,- ասաց նախարարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter