HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թել ու գրիչ՝ առանց տեսողության. Իզաբելային ոչինչ չի խանգարում

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Իզաբելա Սուլթանյանը գրում է գիտական հոդվածներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ, զբաղվում է մակրամեով (ձեռարվեստի տեսակ) ու զարդագործությամբ։  

Իզաբելան 6 տարեկանում խաղալիս, հարվածի հետևանքով, կորցրել է տեսողությունը։

«Ամեն ինչ չի, որ պետք է տեսնել, նոր անել: Մի քիչ էլ պետք է զգալ, հոգի դնել մեջը: Լավագույն դաշնակահարները, երգիչները իրենց ամենալավ գործերն աչքերը փակ են նվագում, երգում: Ինչո՞ւ, որովհետև աչքերը պետք չեն: Ավելի կարևոր օրգաններ կան, որոնց մասին, երևի, մենք տեղյակ չենք»,- ասում է Իզաբելան՝ միացնելով թելի մի ծայրը մյուսին:

Իզաբելան սովորել է հոգեբանություն և լեզվաբանություն: Պատմում է, որ համալսարանում երբևէ չի զգացել իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք և դեմ է հատուկ պայմանների հայեցակետին. «Էնքան է նշվում՝ հատուկ պայմանների կարիք ունեցող մարդ: Ես երկու համալսարան եմ ավարտել, որտեղ հատուկ պայմաններ չեն եղել: Եղել են դժվարություններ, բայց դրանք ավելի շատ կապված էին հենց դասախոսների հետ: Դասախոսը միայն չպիտի գրի գրատախտակին, պիտի նաև հաշվի առնի, որ լսարանում կա ուսանող, ում համար պետք է դա արտասանել»:

Մակրամեով ու զարդարվեստով վաղուց է զբաղվում: Իր խոսքով՝ մանկուց սիրել է այն ամենը, ինչն անմիջական կապ ունի ստեղծագործելու հետ: Այդպես էլ ուսանողական տարիներին սկսեց գրել բանաստեղծություններ և պատմվածքներ, իսկ այսօր ամենամեծ երազանքը ժողովածու հրատարակելն է։

«Շատ է եղել, որ մարդիկ իմ գրածը կարդում են, ասում՝ քո մասի՞ն ես գրել: Չէ, իմ մասին չեմ գրում: Պատճառ էլ չեմ կարող գտնել, ասել: Թեմաներս շատ տարբեր են»,- ասում է Իզաբելան:

Նա նաև ինտելեկտուալ խաղի հեղինակ է, որը ստեղծել է տեսողության խնդիրներ ունեցողների համար, սակայն խաղալ կարող են բոլորը: Այն առաջին անգամ ներկայացվել է Գյումրիում: «Մտքի գրոհ» կոչվող խաղի կանոնները հետևյալն են. կա 2 խումբ, ամեն մեկում՝ 10 հոգի, որոնցից 5-ը՝ հաշմանդամություն ունեն, մյուս 5-ը՝ ոչ: Խաղավարը հնչեցնում է հարց, որի պատասխանը խմբերը քննարկում են: Տարբերակներ չեն տրվում: «Նպատակը հենց այն է, որ խնդիրները չպետք է միանգամից ասոցացվեն մտավորի հետ: Պատահում է՝ մի տեղ եմ գնում մեկի հետ, կողքինիս են հարցնում, թե իմ անունն ինչ է: Բայց չէ՞ որ ես ինքս էլ կարող եմ այդ հարցին պատասխանել»,- ասում է հեղինակը՝ մեկնաբանելով խաղի ձևաչափը: Ըստ նրա՝ ինտելեկտուալ լինելը բացարձակապես կապ չունի հաշմանդամություն ունենալու հետ: Ցավալի է համարում այն հանգամանքը, որ մարդիկ հաճախ հաշմանդամություն ասելիս մտավոր խնդիրներ են պատկերացնում:

«Հաշմանդամություն» բառին դեմ է: Ասում է՝ բոլոր մարդիկ էլ ինչ-որ չափով «հաշմանդամ են», այսինքն՝ ինչ-ինչ կարողություններից զուրկ: Վստահ է, որ հաշմանդամության մատնանշումը անջրպետ է ստեղծում մարդու և հասարակության միջև։

«Կուզեի՝ ավելի շատ վստահություն լիներ մարդկանց նկատմամբ, որ առաջին հերթին մարդու կարողություններին նայեն, ոչ թե ֆիզիկական կարգավիճակին: Հաշմանդամություն են ասում, դրա կողքին դնում են մարդու իրավունք, հավասար իրավունքներ: Քանի դեռ տերմինի նկատմամբ չկա վերանայում, կարծրատիպերը չեն կոտրվի»,- ասում է Իզաբելան:

Մայրաքաղաքի հարմարեցվածության մասին խոսելիս նա դարձյալ չի ցանկանում առանձնացնել մարդկանց որևէ խումբ: Նրա կարծիքով՝ հարմարեցված պայմաններ անհրաժեշտ են բոլորին. «Կուզեի՝ գազելներ չլինեին: Մյուս կողմից՝ դա ոչ մեկին հարմար չէ: Ձեզ էլ հարմար չի, չէ՞: Հաշմանդամ էլ չեք, չէ՞: Տեսնու՞մ եք, որ կապ չունի (ծիծաղում է)»:

Անդրադառնալով դպրոցներում ներառական կրթության հարցին՝ ասում է՝ արժե առանձին աշխատել միայն նրանց հետ, ովքեր մտավոր խնդիրներ ունեն և հետևաբար՝ վարքի յուրահատկություններ, մնացած դեպքերում ներառականության լավագույն տարբերակ է համարում մեկ ընդհանրություն լինելը։

«Ամեն մարդ անհատականություն է: Ամեն մարդ ունի իր համար հատուկ կարիքներ ու պայմաններ: Պետք չէ առանձնացնել: Նույն դասարանում եղած 30 հոգին, ինչ է, նույն ունակություննե՞րն ունեն: Բայց չէ՞ որ էդտեղ ոչ ոք չունի, օրինակ, մտավոր խնդիր»,- ասում է Իզաբելան:

Նա վստահ է՝ յուրաքանչյուր մարդ խտրականության ենթարկվելիս խնդիրը պետք է փնտրի իր ներսում. «Եթե քո հանդեպ խտրականություն է դրսևորվում, ոչ թե պիտի տրվես այդ խտրականությանը, այլ խտրականությունը ենթարկես քեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter