
Եթե Վանաձորից հրշեջ ավտոմեքենա չժամաներ, շենքի ամբողջ տանիքը կայրվեր
Լոռու մարզի փրկարար ծառայության վարչության պետ Հրաչ Անտոնյանը հունվարի 9-ին «Հետքին» հայտնեց, որ 2012թ.-ի անցած 8 օրերին մարզում գրանցվել է հրդեհի 37 դեպք: Հրդեհվել է 1 տաղավար, 1 անասնագոմ, 2 բնակարան, 1 օժանդակ կառույց և 31 չոր խոտածածկույթ ու անտառ:
Հրաչ Անտոնյանը 8 օրվա ընթացքում գրանցված մարզի անտառների և խոտածածկույթի հրդեհների 31 դեպքն աննախադեպ վատ ցուցանիշ համարեց` նախորդ տարվա ցուցանիշների համեմատ. «2011թ.-ին մարզում գրանցվել է անտառային հրդեհների 45 և խոտածածկույթի հրդեհների 75 դեպքեր»,-ասաց նա: Հ.Անտոնյանը պատրաստ չէր տեղեկատվություն հաղորդել հրդեհների հետևանքով մարզի բուսական և կենդանական աշխարհին 2011թ.-ին պատճառված վնասների մասին, սակայն ասաց, որ հրդեհների հետևանքով միայն Տաշիրում 2011թ.-ին 300-350 հա անտառ է այրվել, սոճիներ են այրվել Օձունում:
Հրդեհներից տուժել է նաև մարզի կենդանական աշխարհը: Կենդանիները փախչում են: Անցյալ տարի անտառային հրդեհների ժամանակ հրշեջները նկատել են իրենց ձագերի հետ այրված և սատկած ոզնիներ. «Սարերի հրդեհներից վերանում են նաև կաքավները»,- ասում է Հրաչ Անտոնյանը:
Վերջինս կարծում է, որ անտառային և դաշտային հրդեհների համար պատասխանատվություն պետք է կրեն անտառտնտեսությունները և համանյքները. «Էսօր մենք ստիպված գնում ենք, որ հրդեհը էդ տարածքներից հանկարծ չանցնի բնակավայրեր: Եվ այդ պահին հրդեհի մարելը միայն մեզ վրա է մնում»,- ասում է նա:
Բնակավայրերում 2012 թ.-ի անցած օրերի ընթացքում գրանցված հրդեհներից ամենածանրը, ըստ Հրաչ Անտոնյանի, Ալավերդիում հունվարի 5-ին Էնգելսի 6-րդ շենքի Ղիաս Բեժանյանին պատկանող բնակարանի պատշգամբում բռնկված հրդեհն էր: Փրկարարը գտնում էր, որ այս հրդեհի մարման գործում իր ենթակայությամբ աշխատող հրշեջները կատարել են հայրենանվեր ու հերոսական աշխատանք, որի հետ, սակայն, համաձայն չեն Ալավերդու բնակիչները:
Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքերում հրշեջ ծառայություն են մատուցում Ալավերդու հրշեջ ծառայությունը և վերջինիս Օձունի հենակետը: Այստեղ աշխատում է 24 հրշեջ, որից 9-ը աշխատում է Օձունի հենակետում, 15-ը` Ալավերդիում:
Ծառայություններին կցված է մեկական հրշեջ ավտոմեքենա: Ավտոմեքենաները տեխնիկապես վերազինված չեն, կրում են ջրի նվազագույն պաշարներ: Այդ մեքենաներից հնարավոր չի լինում ջուր մղել հրդեհի ուղղությամբ: Վերջին շրջանում, հատկապես բնակարանային հրդեհների ժամանակ, Ալավերդիում հրշեջները մշտապես արժանանում են բնակիչների նախատինքին:
Հունվարի 5-ին` առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Ալավերդու Էնգելս թաղամասի 6-րդ շենքի 4-րդ հարկի 22 բնակարանի պատշգամբում բռնկված հրդեհը նույնպես այդ դեպքերից էր:
Հրդեհն առաջացել է պատշգամբի լուսամուտից դուրս հանված փայտե վառարանի ծխատարից: «Տանիքի շիֆերի տակը տախտակ ա, տրուբեն կպել ա էդ տախտակին, ու հրդեհ ա բռնկվել»,- ասում է տանտեր Ղիաս Բեժանյանը:
Նախորդ դարի 60-ական թվականներին կառուցված Էնգելսի 6 շենքի կոնստրուկցիաները հիմնականում փայտից են, այդ պատճառով էլ շենքը խիստ հրդեհավտանգ է:
Ըստ Էնգելս թաղամասի 6 շենքի բնակիչների` Ղիաս Բեժանյանի բնակարանի հրդեհը մարվել է 3, 5 ժամվա ընթացքում: Բնակիչները 10:30-ի սահմաններում հրդեհը նկատելուն պես զանգահարել են հրշեջ ծառայություն. «Հրշեջ ավտոմեքենան եկավ, բայց ոչ շլանգներ ունեին, ոչ էլ ջուր ունեին կարգին: Շլանգները լրիվ պատռված ու տրաքած էին, եթե նորմալ մի հատ հրշեջ մեքենա լիներ, հարևան բնակարանին հրդեհը չէր հասնի»,- ասաց Էնգելսի 6 շենքի բնակիչ Հովսեփ Յարալյանը:
Բնակիչներն ասում են, որ եթե Վանաձորից հրշեջ ավտոմեքենա չժամաներ, շենքի ամբողջ տանիքը կայրվեր: Թե ինչու Վանաձորից ժամանած հրշեջներին հաջողվել է հրդեհը մարել, իսկ ալավերդցի հրշեջներին` ոչ, Հրաչ Անտոնյանը պատասխանեց. «Ասեմ, ուղղակի Երևանը Վանաձորից տարբերվում է, թե չէ: Երևանը մայրաքաղաք է, այնտեղ պետք է լինեն առաջնային նորացված մեքենաներ: Նույնն էլ Վանաձորը. համեմատած մարզի համայնքների հետ»:
Համայնքներում հրշեջ ծառայությունների տեխնիկայի հնամաշությունը Հրաչ Անտոնյանը գաղտնիք չհամարեց. «Դրանք 25-30 տարվա մեքենաներ են, նախկինում այդ մեքենաները շահագործման ենթակա չեն եղել, բայց մենք հնարավորություն չունենք նոր մեքենաներ հատկացնելու, չունենք: Ավտոմեքենաները կապիտալ վերանորոգման ենթարկելն ավելի թանկ է, քան նորը ձեռք բերելը»:
Պարզվեց, որ արդեն մի քանի օր է` Ալավերդու հրշեջ ծառայությունը չունի պետ. «Այսօր մենք հարմար թեկնածու ենք փնտրում»,- ասաց Անտոնյանը: Այդուհանդերձ, փրկարար ծառայության վարչության պետը մեզ հետ ողջ զրույցի ընթացքում անվերջ կրկնում էր, որ հրշեջները հերոսական աշխատանք են կատարում: «Ո՞րն է նրանց հերոսական աշխատանքը, երբ չեն կարողանում մարել ամենափոքր հրդեհը»,-հարցրինք պարոն Անտոնյանին:
«Ոնց չեն կարողանում, եթե հրշեջները չհասնեին շենքի ամբողջ տանիքը կնստեր»,- պատասխանեց նա:
Վերջինս անտեսում էր այն կարևոր հանգամանքը, որ հրդեհված Էնգելսի 6 շենքից ընդամենը 200 մետր հեռավորության վրա գտնվող հրշեջ ծառայության ավելի օպերատիվ աշխատանքի դեպքում հրդեհը չէր տարածվի հարևան բնակարանի վրա և սոցիալապես անապահով Անահիտ Անտոնյանի ընտանիքին չէր պատճառի նյութական մեծ վնասներ:
«Ուղղակի մեր հրշեջ ավտոմեքենայի ջրի պարունակությունը քիչ է: Ասենք` այնտեղ 5 րոպեում ջուրը փչում է ու պրծնում է: Ու նորից պետք է գնա, վերալիցքավորի, դրա հետ կապված էսօր հիդրատներ չունենք, որ, ասենք, փողոցում կանգնացնենք, շլանգները միացնենք, գնա, հազար ու մի խնդիրներ կան»,-խոստովանեց Հրաչ Անտոնյանը:
Իսկ հրդեհը չի սպասել վերալիցքավորման գնացած հրշեջ ավտոմեքենաների վերադարձին: Հ. Անտոնյանից նաև տեղեկացանք, որ Ալավերդու և Օձունի հրշեջ ծառայությունների հրշեջ ավտոմեքենաները կրում են 2տ 150 լ ջուր, իսկ Վանաձորինը` 4 տ ջուր:
Բոլոր դեպքերում, Հրաչ Անտոնյանը դրական էր համարում, որ Էնգելսի 6 շենքում երկու բնակարան է վառվել. «Էտենց բան չկա, որ նման շենքերում հրդեհ բռնկվի ու շենքը չնստի»,- ասում է Լոռու մարզի փրկարար ծառայության վարչության պետը:
Մեկնաբանել