HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ավանի զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալը չի կալանավորվել. դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել

Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում զանգվածային անկարգությունների գործով մեղադրյալ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Այսօր`հունիսի 5-ին, քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին «Հետք»-ին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ  ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք` բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները:

Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում զանգվածային անկարգությունների փաստով քրեական գործ է հարուցվել, որի նախաքննության ընթացքում հունիսի 1-ին որոշում է կայացվել Կարեն Տոնոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ նույն օրը` հունիսի 1-ին, Տոնոյանին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) մեղադրանք է առաջարդվել և դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Հունիսի 2-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է մեղադրյալ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալին վերագրվող հանցագործությունը վերջինիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Դատարանը դատական ակտով արձանագրել է Տոնոյանին վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածի բացակայությունը և հանգել հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է մեղադրյալ Տոնոյանի կողմից քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարած լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած:

Այլ խոսքով, ըստ Գոռ Աբրահամյանի մեկնաբանության՝ դատարանը գտել է, որ միջնորդության քննարկման ժամանակ ներկայացված փաստական տվյալները և ապացույցները քանակական և որակական տեսանկյունից բավարար չեն քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով վերագրված արարքին մեղադրյալի առնչությունը փաստելու և որպես դրա հետևանք՝ նրան անազատության մեջ պահելու համար:

«Դատախազությունում դատական ակտի, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության, կից ներկայացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կարեն Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը պատշաճ վերլուծությամբ չի գնահատել ներկայացված ապացույցները, արդյունքում կայացրել է անհիմն և չպատճառաբանված դատական ակտ, որի դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2018թ. հունիսի 5-ին բերվել է վերաքննիչ բողոք»,- ասաց Գոռ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter