
Շերամապահություն՝ Աղավնատուն գյուղում. Սոնա Ղազարյանը սպասում է առաջին «բերքահավաքին»
Ամալյա Մարգարյան
Սոնա Ղազարյանը շերամապահության իր առաջին փորձն անում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Ասում է՝ որոշել էր Հայաստանում այնպիսի մի գործ անել, որը սպառման մեծ շուկա կունենա։ Մետաքսագորգի վարպետների հետ հանդիպումից հետո որոշել է, որ պետք է շերամապահությամբ՝ մետաքսաթել գործող որդերի բազմացմամբ զբաղվել։ Սոնան ասում է, որ Հայաստանում մինչեւ 1991թ.-ը շերամապահություն եղել է, սակայն վերացել է, նաեւ ոլորտում մասնագետներ չկան։
Շերամապահության առաջին փորձի համար ընտրել են Աղավնատուն գյուղի բնակիչ Ավագ Միսակյանի թթենու այգին։ «Որոշեցինք փորձնական, երեք տուփ գրենայից՝ շերամորդի ձու (մեկ տուփում՝ 24 հազար ձու), սկսել։ Տարածքը հարմար էր, սնունդը կար։ Արդեն քառասուն օր է՝ հետեւում ենք շերամորդերին, կերակրում, մի քանի օրից «բերքահավաք» կանենք»,- ասում է Սոնա Ղազարյանը։
Շերամապահության համար հարկավոր է սնունդ՝ թթենու տերեւներ եւ ճյուղեր, ինչպես նաեւ համապատասխան պայմանները՝ խոնավություն, ջերմություն, մաքուր տարածք։ Շերամորդը սնվում է միայն թթենու տերեւներով։
Շերամորդը կյանքի հինգ հասակ ունի. «Առաջին հասակում ձվից դուրս եկած մետաքսորդը մի քանի միլիմետր է, ուտում է մանրացված եւ նոր դուրս եկած թթենու տերեւները, իսկ 5-րդ հասակի վերջում որդերին կերակրում են թթենու ճյուղերով, հասնում է մոտ 8 սմ-ի։ Կենդանին սկսում է զգալ, երբ է բավարար սնունդը, օրգանիզմը սկսում է մաքրվել, հրաժարվում է սննդից»,- պատմում է Սոնան։
8-10 օրվա ընթացքում շերամորդը բերանով իր շուրջը հյուսում է մետաքսե ամուր պատյանը՝ բոժոժը, որի թաղանթը կազմված է 1000–1500 մ երկարություն ունեցող մետաքսաթելից։
Բոժոժի ներսում թրթուրը վերածվում է հարսնյակի, հետո դառնում թիթեռ ու ծակելով բոժոժը` դուրս գալիս. «Թելը ստանալու համար պետք է մինչեւ թիթեռի դուրս գալը բոժոժը հատուկ ջերմային պայմաններում մշակվի, որպեսզի չվնասվի մետաքսաթելը։ Իսկ բոժոժից դուրս եկած թիթեռը նորից ձվադրում է, հետո մահանում»,- պատմում է Սոնան։
Աղավնատան բնակիչ Ավագ Միսակյանը ասում է, որ երբ իրեն դիմել են իր թթենիների այգում շերամաապահությամբ զբաղվելու համար, համաձայնվել է: Ինքը գյուղատնտեսությամբ է զբաղվում. որոշել է, որ շերամապահությունը չի խանգարի։ Ավագը պատմում է, որ Աղավնատուն գյուղում շերամապահություն է եղել, նույնիսկ պահպանվել է գյուղի թթանոցը։ Ասում է, որ այս գործում կարեւոր է ուշադիր լինելը, իր տղայի՝ Հովհաննեսի հետ 24 ժամ հետեւում է մետաքսաորդերին, կեր տալիս, մաքրում տարածքը, հետեւում ջերմաստիճանային պայմաններին։
Շերամապահության մեջ իրենց առաջին փորձը կատարողները հույս ունեն, որ մի քանի տարուց հետո արտադրանքի ծավալն այնքան կմեծանա, որ Հայաստանում մետաքսաթելի մանման գործարան կկառուցվի։
«Մոտ հարյուր բնագավառ կա, որտեղ շերամորդը օգտագործվում է, զրահաբաճկոնների, օդապարիկների արտադրության մեջ, դիմահարդարման քսուքների արտադրության մեջ...»,- ավելացնում է Սոնան։
Սոնան ինքն իրեն շերամապահ դեռեւս չի համարում։ Նշում է, որ բնագավառի զարգացման համար համապատասխան մասնագետներ են հրավիրելու, ինչպես նաեւ սահմանամերձ մարզերում հետաքրքրվողներին ապահովելու են թթենիների տնկիներով, գրենաներով, կազմակերպելու են սեմինարներ, որպեսզի մյուս տարի մայիսին ունենան խումբ, որը պատրաստ կլինի զբաղվել շերամապահությամբ։
Տեսանյութը եւ լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի
Մեկնաբանություններ (12)
Մեկնաբանել