HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Երևակայության գավաթի» հաղթողները

Երեկ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացավ «Երևակայության գավաթ Հայաստան 2011» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը:

«Երևակայության գավաթը» ՏՏ ոլորտի ուսանողների համար նախատեսված, աշխարհում առաջատար ամենամյա միջազգային մրցույթ է, որն անցկացնում է «Մայքրոսոֆթ» կորպորացիան: Մրցույթի նպատակն է օգնել երիտասարդ մասնագետներին բացահայտելու իրենց ներուժը տեխնոլոգիաների և նորարարությունների ստեղծման մեջ:

Այսօր մրցույթին մասնակցում է աշխարհի ավելի քան 100 երկիր ու տարածաշրջան: Արդեն չորրորդ տարին է, մրցույթն անցկացվում է նաև Հայաստանում' «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Մայքրոսոֆթի» հայաստանյան գրասենյակի և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի համատեղ վարչարարությամբ:

Այս տարի միջազգային մրցույթի թեման է «Պատկերացրու աշխարհը, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են աշխարհի հրատապ խնդիրների լուծմանը»: Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին «Իքս-թիչ», «Eco-Friends» և «ANAKA» թիմերը' զբաղեցնելով համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը:

Հաղթող թիմերը ստացան «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի սահմանած դրամական պարգևները. 1-ին մրցանակ' 300.000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակ' 250.000 ՀՀ դրամ, և 3-րդ մրցանակ' 150 000 ՀՀ դրամ: «Իքս-թիչ» թիմը «ԱրմենՏել» ընկերությունից նաև ստացավ դյուրակիր համակարգիչ: Մյուս թիմերը հրավիրվեցին «ԱրմենՏելի» գլխավոր գրասենյակ' խրախուսական նվերներ ստանալու:

«Իքս-թիչ» թիմի գաղափարը ենթադրում է օնլայն գլոբալ ուսումնական պորտալի ստեղծում, որը մարդկանց հնարավորություն կտա գտնել մատչելի ուսումնական ծրագրեր ամենատարբեր թեմաներով, իսկ մասնագետներին' գտնել բազմամարդ լսարան: Ծրագիրն ուղղված է համատարած կրթության ապահովմանը և գործազրկության կրճատմանը:

2011թ. ամռանն առաջին տեղը զբաղեցրած «Իքս թիչը« կմեկնի Նյու Յորք' Հայաստանը ներկայացնելու «Երևակայության գավաթի» միջազգային եզրափակիչ մրցույթում:

«Նորարարությունը պարզապես տեխնոլոգիան չէ, նորարարությունը մտածելակերպ է, որը պետք է շարունակաբար խրախուսվի մեր երիտասարդների շրջանում»,- մրցանակաբաշխության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Իսկ «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ «Երևակայության գավաթ» միջազգային ուսանողական մրցույթը վառ օրինակ է, թե ինչպես է խոշոր բիզնեսը խրախուսում երիտասարդների նորարարական տեխնոլոգիական նախաձեռնությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter