HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել

Կապիտան Էմմա Կարապետյանը ոստիկանության նախկին աշխատակից է: Յոթ տարի շարունակ նա գտնվել է հարկադիր պարապուրդում եւ, ի վերջո, համակարգից ապօրինաբար հեռացվել:

Սոցիալական ծանր պայմաններում ապրող տարեց կինն ավելի քան մեկուկես տասնամյակ «կռիվ է տալիս» ոստիկանության հետ, բայց մինչ օրս նույնիսկ չի կարողանում ստանալ տարիներով չվճարված իր աշխատավարձը: Գործը հասել է նաեւ դատարան, շրջել բոլոր ատյաններով, սակայն որեւէ բան չի փոխվել:

2006 թ. նոյեմբերին Է. Կարապետյանը երկրորդ անգամ է դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Այս անգամ նա պահանջել է, որպեսզի դատարանը պարտադրի ոստիկանությանը կատարել որոշակի գործողություններ եւ վճարի հարկադիր պարապուրդի ընթացքում իրեն չվճարած աշխատավարձը:

Թեեւ մինչ այդ Վճռաբեկ դատարանի որոշմամբ հաստատվել էր, որ վեճն աշխատանքային է, դատավոր Գայանե Կարախանյանն այն որպես այդպիսին չի դիտարկել: Գործը վարույթ ընդունելուց հետո նա դատաքննությունը սկսել է միայն 4 ամիս անց: Մինչդեռ, որպես աշխատանքային վեճ` խնդիրը պետք է լուծվեր ընդամենը 2 ամսվա ընթացքում:

Գ. Կարախանյանի դեմ տիկին Էմմայի բացարկներն, ի վերջո, հասել են նպատակին: Դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը գործը փոխանցել է մեկ այլ դատավորի` Ռուբեն Ներսիսյանին: Սակայն այսքանից հետո վերջինս նույնպես, ի հեճուկս օրենքի, դատավարությունը սկսել է 4 ամիս անց: Նա գործը վարույթ է ընդունել 2007 թ. մարտի 6-ին, սակայն դատական առաջին նիստը նշանակել է հուլիսի 6-ին: Ընդ որում` նիստը սկսելուն պես դատավորն այն հետաձգել է` առանց հաջորդ նիստի օրը նշանակելու:
 
«Դատը հետաձգվեց թարգմանիչ չլինելու պատճառով: Այնինչ, Ներսիսյանը պարտավոր էր նիստին ապահովել թարգմանչի ներկայությունը: Որովհետեւ գործի նյութերից հստակ երեւում է, որ Կարախանյանի ժամանակ դատավարությունն ընթացել էր թարգմանչի մասնակցությամբ»,- պարզաբանում է տիկին Կարապետյանը եւ նշում, որ դատավորը չի ընդունել նաեւ իր հայտնած բացարկը` «ռուսերեն ոչինչ չեմ հասկանում» պատճառաբանությամբ:

Այնուամենայնիվ, Է. Կարապետյանն այդ եւ դրան հաջորդող օրերին դատավորի դեմ իր բացարկները գրավոր ներկայացրել է դատարանի ընդունարան` միաժամանակ պահանջելով տրամադրել գործի նյութերը: Տիկին Էմման դրանք ստացել է 2 ամիս անց` օգոստոսի վերջին:

«Հուլիսի 6-ի նիստի արձանագրությունը չտվեցին: Իսկ այն, ինչ տվել էին, կարդալ եւ որեւէ բան հասկանալ հնարավոր չէր: Երկէջանոց թերթի մի կողմը պատճենահանել էին, մյուսը` ոչ»,- մանրամասնում է Է. Կարապետյանը:

Դատավորը դատաքննությունը շարունակել է միայն 3 ամիս անց` հոկտեմբերի 5-ին: Այն ընթացել է առանց պատասխանողի: Դատի ժամանակ Ռ. Ներսիսյանը կարդացել է ոստիկանության միջնորդությունը` «ծանրաբեռնվածության պատճառով դատական նիստերն իրենց ներկայացուցչի բացակայությամբ անցկացնելու խնդրանքով»: Ոստիկանությունը միջնորդել է նաեւ մերժել Է. Կարապետյանի հայցադիմումը` հայցային վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ:

Հոկտեմբերի 8-ին եւ 9-ին Ժ. Վարդանյանը, ի վերջո, անդրադարձել է տիկին Էմմայի հայտնած բացարկներին: Դրանք մերժվել են` «դատավորի գործողությունների նկատմամբ սուբյեկտիվ դիրքորոշման արդյունք լինելու հիմնավորմամբ»:
Հոկտեմբերի 11-ի նիստին Ռ. Ներսիսյանը որոշում է կայացրել կիրառել արագացված դատավարության կարգ: Սա հայտարարելուն պես, Է. Կարապետյանի պատմելով, դատավորն անմիջապես հեռացել է, եւ ինքը հնարավորություն չի ունեցել նրա դեմ իր հերթական բացարկը հայտնել:

Արդեն հոկտեմբերի 19-ին դատարանը, հիմք ընդունելով պատասխանողի միջնորդությունը, վճռել է Է. Կարապետյանի հայցը մերժել` վաղեմությունը լրանալու պատճառով:

«Ըստ աշխատանքային օրենսգրքի` այս վեճի նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելն ուղղակի անօրինություն է: Հետո` ոստիկանությունը նման միջնորդություն Ներսիսյանին չի արել: Հենց դատավորի ուղղորդմամբ նրանք այդ միջնորդությունը ներկայացրել են ավելի ուշ` վճիռը կայացնելուց հետո»,- վստահեցնում է տիկին Կարապետյանը եւ ասածները հիմնավորում նրանով, որ ոստիկանության կողմից ներկայացված 2 գրավոր միջնորդությունները (դատավարությունն առանց իրենց ներկայացուցչի անցկացնելու եւ հայցային վաղեմություն կիրառելու մասին) թվագրված են նույն օրով` հոկտեմբերի 4-ին: Սակայն դրանցից առաջինը դատարանի կողմից մուտքագրված է, իսկ երկրորդի վրա մուտքագրման կնիք չկա:

Ի դեպ, Է. Կարապետյանն իր հայտնած բացարկներից մեկում Ռ. Ներսիսյանի անաչառությունը կասկածի տակ է դրել այն հիմնավորմամբ, որ վերջինս նախկինում եղել է իրավապահ մարմինների աշխատակից: Ժ. Վարդանյանն այս փաստարկը եւս համարել է անհիմն:

Ինչեւէ, դատարանի վճիռն ուշացումով ստանալուց հետո տիկին Էմման դիմել է Վերաքննիչ դատարան` հայցադիմումի մեջ  նշելով, որ բողոքի հիմնավորումները կներկայացնի լրացուցիչ:

«Վերաքննիչ բողոք ներկայացնելու 15-օրյա ժամկետը լրանում էր, բայց գործի նյութերն ինձ այդպես էլ չէին տրամադրում: Իսկ դրանք պարտադիր էին կատարված կեղծիքներն ապացուցելու համար»,- պարզաբանում է նա:

Է. Կարապետյանին գործի նյութերը հանձնել են միայն նոյեմբերի վերջին: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարության ավելի քան 7-ամսյա ձգձգումը պայմանավորված է եղել ոչ թե ինչ-որ դիտավորության կամ դատավորի անգործության, այլ պարզապես որոշ «օբյեկտիվ» պատճառների հետ:

Ըստ գործում առկա փաստաթղթերից մեկի` Ռ. Ներսիսյանը գործը վարույթ ընդունելուց ընդամենը մեկ շաբաթ անց` մարտի 13-ին, որոշում է կայացրել դատաքննությունը սկսել ապրիլի 22-ին: Իսկ դատավորի քարտուղար Սուսաննա Կիրակոսյանի ստորագրությամբ հաստատված մեկ այլ փաստաթղթում նշված է, թե այդ օրվա «դատական նիստը չկայացավ` դատավոր Ռ. Ներսիսյանի` դատավորների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու կապակցությամբ»:

Զավեշտն այն է, որ ապրիլի 22-ը կիրակի էր: Տիկին Էմմայի խոսքերով` դատավորի ապօրինություններն ինչ-որ չափով քողարկելու միտումով այդ թղթերը շատ ավելի ուշ ուղղակի խցկվել են գործի մեջ. «Դա ապացուցում է նաեւ այն, որ օգոստոսի 28-ին ինձ տրված գործի նյութերում դրանք չկային»:

Նշենք, որ գործում կա նաեւ անաշխատունակության թերթիկ, ըստ որի` դատավոր Ռ. Ներսիսյանը սեպտեմբերի 3-ից 20-ը հիվանդության պատճառով գտնվել է անաշխատունակության մեջ: Թերթիկը հաստատված է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ-ի կնիքով եւ գլխավոր բժշկի ստորագրությամբ: Սակայն բացակայում է հիվանդության ախտորոշումն ու բուժող բժշկի ստորագրությունը:

«Հիվանդության ախտորոշումը պետք է պարտադիր գրված լինի, հակառակ դեպքում թերթիկն իրավական ուժ ունենալ չի կարող: Չեն նշվում միայն հոգեկան հիվանդությունները կամ այնպիսի ախտորոշումները, որոնք բժշկական գաղտնիք են համարվում: Հետո` թերթիկը ֆինանսական փաստաթուղթ է եւ դրա հիման վրա աշխատողին հատկացվում է որոշակի գումար,- պարզաբանում է քաղաքապետարանի առողջապահության եւ սոցապահովության վարչության աշխատակից Վանուհի Սեդրակյանը եւ ավելացնում,- չեմ կարծում, որ դատավորն այս ամենի մասին չգիտի: Ուստի, չեմ ուզում կտրուկ ասել, որ կատարվածն անօրինականություն է: Երեւի թյուրիմացություն է եղել եւ պարզապես մոռացել են հիվանդության ախտորոշումը գրել»:

Թե ինչպես է դատավոր Ռ. Ներսիսյանը նման, ըստ երեւույթին կեղծ փաստաթղթով վարձատրվել, կամ ինչու է այն հայտնվել գործի նյութերում, կարելի է միայն ենթադրություններ անել: Հավելենք միայն, որ դատարանի կողմից Է. Կարապետյանին տրված արձանագրությունում նշված է, թե «Ռ. Ներսիսյանն օգոստոսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը դատարանի վարույթում գտնվող քրեական գործով գտնվել է խորհրդակցական սենյակում»: Այսինքն` վերջինս սեպտեմբերի 3-ին եւ 4-ին միաժամանակ գտնվել է երկու վայրում՝ հիվանդանոցում բուժում է ստացել, իսկ դատարանում` քրեական գործ քննել:

«Այս կեղծիքների համար, անկախ ամեն ինչից, անպայման դիմելու եմ դատական դեպարտամենտ, որպեսզի Ներսիսյանի եւ նրան հովանավորող Վարդանյանի նկատմամբ իրականացվի կարգապահական վարույթ»,- վստահեցնում է Է. Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter