HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Եղեգնաձորի բժշկական կենտրոնը վարկով սարքավորումներ չի կարող գնել, քանի դեռ բժշկին 40 հազար դրամ է վճարում

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ի ռենտգեն սարքը 34 տարեկան է, եւ բնականաբար, դրանով արված ախտորոշումը չի կարող գոհացնել բնակչությանը: «Եղեգնաձորում ոչ ոք բժշկի չի դիմում, որովհետեւ սարքավորում չկա, շտապօգնության ծառայություն չկա, մարդիկ հիվանդանալիս Երեւան են գնում կամ, վատագույն դեպքում, Վայքի հիվանդանոց»,- դժգոհում են Վայոց ձորի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Վայքի բուժմիավորումը հագեցած է արդիական սարքավորումներով, սակայն, ինչպես «Վայք բուժական միավորում» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանն է ասում, այդ հարցում ինքն առանձնապես ջանքեր չի գործադրել, դիպվածով է ստացվել: Սարքավորումները ձեռք են բերել Ամուլսարի ոսկու հանքը շահագործող ընկերության՝ «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսավորմամբ: Ամուլսարի հանքավայրի աշխատողները բուժզննումն անցնում են Վայքում: «Լիդիան Արմենիան» բուժմիավորման տնօրենին որակյալ ծառայություն մատուցելու պահանջ է ներկայացրել, տնօրենն էլ պահանջել է ապահովել անհրաժեշտ սարքավորումներով, վերակենդանացման բաժանմունք բացել: Բուժմիավորումում մեկ տարի առաջ հեմոդիալիզի բաժանմունք են բացել, վերելակ են տեղադրել, շարունակում են լաբորատոր եւ անհրաժեշտ այլ սարքավորումներ ձեռք բերել:

«Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանը

Եղեգնաձորի բնակիչները գուցեեւ անտեղյակ են «Լիդիանի» նախաձեռնությունից, բայց, համեմատության մեջ դնելով Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի եւ Վայքի բուժկենտրոնների վիճակը, դժգոհության սլաքն ուղղում են «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Անահիտ Կարապետյանի դեմ:

«Եղեգնաձորի բուժկենտրոնի տեխնիկակական հագեցվածությունն այսօրվա պահանջներին չի բավարարում, որովհետեւ շատ վաղուց չի թարմացվել: Սակայն, մեր կազմակերպչական ներուժով կարողանում ենք եղածը սարքին պահել, որպեսզի բնակչության կարիքները հոգանք: Ռենտգեն սարքը 1984թ. արտադրանք է, այն աշխատեցնելու, մինիմալ արդյունք ստանալու համար, պարբերաբար, մեծ ներդրում ենք անում: Այդ հարցում մեզ շատ է օգնում թվային ֆլյուրոգրաֆիան»,- ասում է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Կարապետյանը:

Թվային ֆլյուրոգրաֆիան կենտրոնի ամենաթարմ սարքավորումն է, այն մոտ 10 տարի առաջ առողջապահության նախարարությունն է տրամադրել: Լաբորատորիան, որտեղ կլինիկական եւ բիոքիմիական հետազոտություններ են կատարում, նույնպես արդիական սարքավորումներ չունի:

Ա. Կարապետյանը բուժկենտրոնը ղեկավարում է ստեղծման օրից` 2008 թվականից, եւ ասում է, որ անցած 10 տարիներին հնարավոր բոլոր առիթների դեպքում սարքավորումների պահանջ է ներկայացրել առողջապահության նախարարներին: Նախորդ նախարարը խորհուրդ է տվել վարկ վերցնել՝ սարքավորումներ գնելու համար:

«Նախարարությունն ասում է, որ պետական ֆինանսավորման 1/3-ի չափով վճարովի ծառայություն պետք է մատուցեք, բայց ինչպե՞ս, ինչո՞վ»,- հարցնում է տնօրենը: Վճարովի ծառայությունները մարզային բուժկենտրոններում շատ քիչ տոկոս են կազմում, վճարովի ծառայություն մատուցում են այլ տեղամասերից կամ պայմանագրով եկած հիվանդներին,  սոցփաթեթի շահառուներին: Հավելավճարներ են գոյանում նաեւ սուր եւ անհետաձգելի դեպքերում կատարված բժշկական օգնությունից, սակայն, Ա. Կարապետյանի ասելով, դրանք բավարար եկամուտ չեն վարկով սարքավորում ձեռք բերելու համար: Բացի այդ, վճարովի ծառայություններից գոյացած բյուջեի 60%-ը վերադարձվում է որպես աշխատավարձ, մնացած 40%-ը հազիվ բավարարում է շտապօգնության մեքենաներն ու սարքավորումները սարքին պահելուն:

Տնօրենը հայտնեց, որ շտապօգնության 3 մեքենաներից մեկը՝  «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, 2008թ. սեփական միջոցներով են գնել, որպեսզի ձմռանը հեռավոր գյուղեր կարողանան գնալ (շտապօգնության ծառայությունը սպասարկում է ամբողջ Եղեգնաձորի տարածաշրջանը): Ունեն եւս 2` չինական արտադրության մեքենա, որոնք մի քանի տարի առաջ նախարարությունն է տրամադրել:

Սարքավորումներից բացի, մարզերում հրատապ է բժշկական կադրերով ապահովելու հարցը: «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ն ամեն տարի մրցույթ է հայտարարում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի տեղի համար: «Անհրաժշտությունը մեծ է, բայց ոչ ոք չի ցանկանում 40 000 դրամով աշխատել: Մեկ այլ մասնագետի եթե հնարավոր է փոխարինել, այս դեպքում չենք կարող: Վայքի բուժմիավորման անեսթեզիոլոգի  համար արտոնյալ պայմաններ ենք ստեղծել, որպեսզի համատեղի աշխատանքը մեր կենտրոնի հետ: Երբ նա արձակուրդ է գնում, մենք հանգիստ չենք քնում: Եթե մեր մասնագետն ունենանք, նյութապես էժան կլինի, բարոյապես հանգիստ կլինենք»,- հայտնեց տնօրենը:

Ընդհանրապես մարզերում նեղ մասնագետների մեծ պահանջ կա, կադրերը ծերանում են, իսկ սերնդափոխությունը չի ապահովվում: Տկն Կարապետյանն ասում է, որ իրենց կենտրոնի երկու շատ պրոֆեսիոնալ վիրաբույժները տարիքային առումով «կարմիր գծից» անդին են, փոխարինողներ են անհրաժեշտ, բայց ոչ ոք չի ցանկանում ցածր աշխատավարձով աշխատել:

Անահիտ Կարապետյանը կարծում է, որ այդ հարցը լուծում կստանա, եթե մարզերի բուժաշխատողների համար վճարման գործակից սահմանվի: «Երեւան քաղաքում եւ մարզում աշխատող բժիշկների վարձատրման կարգի ինդեքսացիա պետք է լինի: Արժանապատիվ չէ բժշկի աշխատավարձը, միաժամանակ շատ դժվար է՝ առանց հանգստյան օրերի, գիշեր-ցերեկ, բարձր պատասխատվությամբ»,- նշում է նա:

Տնօրենի ներկայացրած վիճակը, ինչպես նաեւ բնակչության դժգոհության պատճառները նկարագրված են նաեւ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում: «Նորագույն բժշկական տեխնիկայի բացակայությունը, բուժհիմնարկների շենքային պայմանների անմխիթար վիճակը, մասնագետների բացակայությունը մարզի բնակիչներին ստիպում է առողջական խնդիրների առաջացման դեպքում այցելել մայրաքաղաքի հիվանդանոցներ, որն ստեղծում է հավելյալ ծախսեր եւ մատչելի չէ մարզի բնակչության համար»։

Ծրագրում ասվում է, որ մարզի ապահովվածությունը բժշկական կադրերով (22.4 բժիշկ 10 000 բնակչի հաշվով) ավելի քան երկու անգամ ցածր է, քան միջին հանրապետական ցուցանիշը: Հիվանդանոցային մահճակալների քանակով մարզը կրկին զիջում է միջին հանրապետական ցուցանիշին` առկա է 15.75 մահճակալ 10 000 բնակչի համար, հանրապետության 41.79-ի դիմաց։ Վերջին տարիներին աճել է արտահիվանդանոցային բժշկական օգնության դիմելու մակարդակը, միջինում 3.7 դիմում մեկ բնակչից, միեւնույն ժամանակ այս մակարդակը շարունակում է ավելի ցածր մնալ, քան միջին հանրապետական ցուցանիշը, որը կազմում է 4.0 դիմում մեկ բնակչի հաշվով:

«Հիվանդներին ո՞ր դեպքերում եք ուղեգրում Երեւան» հարցին տնօրենը պատասխանում է, որ ռիսկի բոլոր խմբերը Երեւանում են սպասարկվում, ծննդաբերության դեպքերում՝ երկրորդ կեսարյան հատումը, սրտի ստենտավորումը, բարդ կոմբինացված պոլիտրավմաների (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ) դեպքերը, որի ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխում են Երեւան:

Ներկայացված բոլոր հարցերի լուծումը «Եղեգնաձորի բժշկական կենտրոն»-ի տնօրենը կապում է Եղեգնաձորում նոր կառուցվող բժշկական կենտրոնի հետ: Կառավարությունը որոշել է Վայոց ձորի մարզի համար մեկ հիվանդանոց կառուցել, որում կմիավորվեն Վայքի եւ Եղեգնաձորի հիվանդանոցները եւ կսպասարկի ողջ մարզի բնակչությանը: Ա. Կարապետյանը հուսադրված սպասում է շինարարության մեկնարկին. «Լավ գաղափար է, կկահավորեն, նորագույն տեխնիկա կտրամադրեն, որը փրկություն կլինի բնակչության համար»: Երկու համայնքներում կմնան առողջության առաջնային պահպանությունը եւ շտապօգնության կայանները, իսկ տեղերից հիվանդները կտեղափոխվեն նորակառույց հիվանդանոց:

Նոր բժշկական կենտոնը կառուցվելու է Համաշխարհային բանկի (ՀԲ) ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում: Ծրագրով նախատեսված էր «Ճառագայթային բուժման կենտրոն» կառուցել, սակայն Կառավարությունը դիմել է ՀԲ-ին՝ Ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարներն այլ ուղղություններով վերաբաշխելու նպատակով (Վայոց ձորում եւ Գեղարքունիքում հիվանդանոց կառուցելու)։ Հիմնավորել են, որ դոլարի փոխարժեքի տատանման արդյունքում 35 մլն դոլարը դարձել է 32 մլն դոլար, որը բավարար չէ «Ճառագայթային բուժման կենտրոն» կառուցելու համար: ՀԲ-ի համաձայնությունը ստանալուց հետո 07.04.2018թ. վարկային համաձայնագրի փոփոխությունը հաստատվել է եւ ապրիլի 25-ին ուժի մեջ է մտել:

Ապրիլի 5-ին Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Հարություն Սարգսյանը ՀԲ-ի առողջապահական թիմի ղեկավարի, ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի հետ քննարկել էր Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու համար հողհատկացում կատարելու հարցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter