HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոլոգիական մարտահրավեր

Վանաձորցի Գագիկ Դավթյանը մտադիր է փոքր հիդրոէլեկտրակայան կառուցել Վանաձոր գետի վրա ու այն անվանել խորհրդային պատվավոր էներգետիկի կոչում ստացած հոր' Ռաֆայել Դավթյանի անունով: Գործարարն արդեն ընտրել է տեղանք' Վանաձոր գետի ափի 1.7 հա տարածքը:

Մինչ շինարարական աշխատանքները սկսելը, Գագիկ Դավթյանը դիմել էր Վանաձորի քաղաքապետին՝ խնդրելով ՀԷԿ կառուցելու համար տարածք հատկացնել: Սակայն ավագանին մի քանի անգամ մերժեց գործարարի դիմումը: Ավագանու անդամները նպատակահարմար չգտան Վանաձոր գետի տարածքում ՀԷԿ կառուցելու թույլտվություն տալ: Որքան էլ քաղաքապետ Սամվել Դարբինյանը փորձում էր ներկայացնել այլընտրանքային էներգիա ունենալու ու Վանաձորով հոսող գետերի հարստության օգտագործման անհրաժեշտությունը, ավագանու անդամներն անդրդվելի էին:

«Անընդունելի եմ համարում հանգստի այդ գոտին օգտագործել տնտեսական նպատակներով»,-ասում է ավագանու անդամ Վահան Մխիթարյանը:

Ավագանու «համառությունը» Գագիկ Դավթյանը բացատրում է նրանց անտեղյակությամբ: «Լրիվ ուրիշ բան էին հասկացել: Կարծում էին, որ ջրամբար եմ ուզում կառուցել»,-ասում է գործարարը: Չնայած ավագանու մերժմանը' նա կրկին պատրաստվում է դիմել քաղաքապետին ու բացատրել ավագանու անդամներին, թե ինչ է իրենից ներկայացնում հիդրոէլեկտրակայանը: Ըստ նրա՝ կայանն աշխատելու է միայն գետի վարար ժամանակ՝ մարտ ամսից սկսած, եւ գետից վերցվելու է վայրկյանում մոտ 20 լիտր ջուր: «ՀԷԿ-ն ամսական արտադրելու է 1.3-1.5 մեգավատտ էներգիա: Վանաձոր գետի այդ հատվածում փոքր ջրափոս է լինելու, որտեղ հավաքված գետի ջուրը 2 կիլոմետրանոց խողովակով տեղափոխվելու է կայան: Արդեն արված են կայանի աշխատանքը նկարագրող նախագծերը, գոյություն ունի քաղաքաշինության նախարարության համաձայնությունն այդ տարածքում շինարարություն սկսելու վերաբերյալ, ջրային ռեսուրսների գործակալությունից տրված է թույլտվություն, որում նշվում է, թե երբ որքան ծավալով ջուր կարող է վերցվել: Մնում է ավագանու համաձայնությունը Վանաձոր գետի տարածքը օգտագործման հատկացնելու համար»,-ավելացնում է Գ. Դավթյանը:

Այլընտրանքային էներգիա ստանալու ուղիներից մեր պետությունն առայժմ ընտրել է հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Վարդանյանը հավատացնում է, որ ՀԷԿ-երը խաթարում են շրջակա միջավայրի էկոլոգիական հավասարակշռությունը, ազդում են շրջապատող աշխարհի բնականոն գործունեության վրա: «9-10-րդ դասարանների օլիմպիադաների հարցաշարերում նույնիսկ հատուկ հարց կա, թե որոնք են ՀԷԿ-երի վնասները շրջակա միջավայրի վրա»,-ասում է գիտնականը:

Զարուհի Վարդանյանը հաստատում է, որ ՀԷԿ-երի բացասական ազդեցությունն անխուսափելի է շրջակա միջավայրի վրա: Առաջին հերթին' տարածքում կատարվող շինարարական աշխատանքների հետեւանքով. կկուտակվի շինարարական աղբ, ցեմենտն ու գաջը կնստեն բույսերի վրա՝ այդ կերպ նվազեցնելով դրանց ֆոտոսինթետիկ ակտիվությունը:

«Ի՞նչ պարտադիր է ծառը կտրեն: Կարելի է նրան ֆիզիոլոգիական մահվան հասցնել: Ցեմենտի փոշին կվնասի ծառի արմատային համակարգը: Կողքից ծառը չի վնասվի, ծառը կանգնած է, բայց չէ՞ որ ծառի արմատային համակարգը ֆիզիոլոգիապես հաստատ կվնասվի, որի հետեւանքները տարիներ հետո մենք կզգանք»,-ասում է Զ. Վարդանյանը:

ՀՀ բնապահպանական տեսչության Լոռու մարզային վարչության պետ Արամ Գրիգորյանը հաստատում է, որ Վանաձոր գետը հատուկ պահպանվող բնապահպանական տարածք չէ: Դա նշանակում է, որ գետի ջուրը կարելի է տնտեսական նպատակներով օգտագործել, եթե միայն չվնասվի շրջակա միջավայրը: Սակայն Զարուհի Վարդանյանը ՀԷԿ-ի կառուցման դեպքում անխուսափելի է համարում նաեւ գետի ջրի միկրոկլիմայի փոփոխությունները: ՀԷԿ-ի գործունեությամբ, բնականաբար, կայան մտնող ջրի ջերմաստիճանը բարձրանալու է:

«Տաք ջուրը կրկին գետ լցվելու դեպքում կազդի գետի կենդանական, բուսական աշխարհի վրա: Կլինեն նաեւ արտադրական թափոններ, քիմիական նյութեր, որոնք կվնասեն շրջակա միջավայրը»,-ասում է Զ. Վարդանյանը:

Այդ տարածքը սողանքավտանգ գոտի է: Եվ եթե ջրափոսը վնասվի, արդյո՞ք ջուրը չի լցվի շրջակա տները:

«Եթե ասեն, որ գետը կչորանա, բնությունը կվնասվի եւ այլն, ինչի՞ պիտի կառուցեմ»,-տարակուսում է Գագիկ Դավթյանը, որը վիճարկվող տարածքում մտադիր է նաեւ ձկնաբուծարան կառուցել, ծաղիկներ աճեցնել, նորոգել հարակից ճանապարհը:

Վանաձորցիները ՀԷԿ-ի կառուցումը համարում են արդյունավետ ու նվազ վտանգավոր, քան՝ ատոմակայանի գործունեությունը:

«Մենք ունեցել ենք մութ ու խավար տարիներ: Աստված չանի, եթե դրանք հետ գան: Չնայած ՀԷԿ-ի կառուցումը կառաջացնի էկոլոգիական խնդիրներ' ամեն դեպքում այն պետք է»,-համոզված է վանաձորցի Նինան: Հայաստանի նման փոքր երկրի համար ատոմակայան ունենալը 35-ամյա Գայանե Թամարյանը վտանգավոր է համարում ու կարեւորում ՀԷԿ-երի կառուցումը. «Միայն թե դրանք նպատակին ծառայեն»:

Վանաձորի քաղաքապետարանում համոզված են, որ եթե Վանաձորի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ը խախտումներով գործի, շատ ջուր վերցնի գետից, ապա կարգելվի այն շահագործել: Մինչ այս, հիդրոէլեկտրակայանի նախագիծը պետք է անցնի մի քանի գերատեսչություններով, որոնք էլ կեզրակացնեն' կառուցե՞լ Վանաձորի գետի վրա ՀԷԿ, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter