HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մասիսի քաղաքապետի կալանավորումը մերժելու որոշումը բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել

Ապրիլի 22-ին Էրեբունիում զանգվածային անկագրությունների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, մեղադրյալներ Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի և Արթուր Խանջյանի, ինչպես նաև նույն օրն Ավանում զանգավածային անկարգությունների գործով մեղադրյալ Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժելու մասին դատական ակտերը բողոքարկելու հիմքեր չեն հայտնաբերվել: Այս մասին մեր հարցին ի պատասխան, թե արդյոք վերը նշված դատական ակտերը բողոքարկվե՞լ են, ասաց gլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը, dատախազության փոխանցմամբ, վկայում է, որ գործով ձեռք բերված՝ վերը նշված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններին կից դատարան ներկայացված ապացույցները չեն բավարարում նշված անձանց կալանավորման միջոցով նրանց ազատության իրավունքը սահմանափակելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի չափանիշին:

«Քրեական գործերի, ինչպես նաև դատական ակտերի ուսումնասիրությամբ պետք է փաստել, որ նախաքննության մարմինը, դրսևորելով անհարկի շտապողականություն, հիշյալ անձանց կողմից նրանց վերագրվող հանցանքը կատարելու վերաբերյալ բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցները չձեռնարկելու արդյունքում վաղաժամ և անհիմն միջնորդություններ է ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, այդպիսի պայմաններում ներկայացված փաստական տվյալները դատարանների կողմից գնահատվել են որպես հիմնավոր կասկածի բացակայություն՝ այլևս քննարկման առարկա չդարձնելով կալանավորման հիմքերը»,- ասաց Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ վերը նշված քրեական գործերով պատշաճ, օբյեկտիվ և արդյունավետ քննություն կատարելն ապահովելու, պատշաճ ապացուցողական բազա ապահովելու նպատակով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների կողմից նախաքննության մարմնին գրավոր ցուցումներ են տրվում:

Նշենք նաև, որ դեպքի հանգամանքները, մասնակիցների շրջանակը լիարժեք պարզելու, նրանց մասնակցությունը հավաստող փաստական տվյալներ ձեռք բերելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից կոնկրետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության պետին:

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝  նախաքննության ընթացքում թույլ տրված բացթողումների վրա հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի ուշադրությունը՝ դրանց պատճառները ծառայողական քննությամբ պարզելու, մեղավորների պատասխանատվության հարցը լուծելու, ինչպես նաև նման դեպքերը բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, ըստ դատախազության, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Դավիթ Համբարձումյանը, Կարեն Օհանյանը, Սարգիս Սահակյանը, Գևորգ Համբարձումյանը, Գոռ Խաչատրյանը, Արթուր Խանջյանը, իսկ նույն վարչությունում՝ Ավան վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում՝ Կարեն Տոնոյանը և Էդմոնդ Պետրոսյանը:

Նախաքննության մարմինը հիշյալ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ է ներկայացրել դատարան: Գոռ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարվել է, իսկ Դավիթ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Սարգիս Սահակյանի, Գևորգ Համբարձումյանի, Արթուր Խանջյանի, Կարեն Տոնոյանի և Էդմոնդ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են՝ մեղադրյալներին վերագրվող հանցագործությունը վերջիններիս կողմից կատարած լինելու մասին հիմնավոր կասկածի բացակայության պատճառաբանությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter