HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Ստեփանյան

Կրկնակի «քցվածները»

Տե՛ս նաեւ' «Կարմիր գոտու» բնակիչները

ՀՀ կառավարության 01.08.2002 թվականի թիվ 1151-Ն որոշմամբ Երեւանի պատմական շենքերից եւս ընդգրկվել են «Պետության կարիքների համար վերցվող հողամասերի կառուցապատման ծրագրում»: Այսօր պատմական Երեւանի մասունքներն անխնա ոչնչացվում են «իրացման» անվան տակ, վթարային շենքերի հետ քանդվում են նաեւ մշակութային հուշարձաններ: Հասարակական կազմակերպությունները, ճարտարապետության, արվեստի տասնյակից ավելի գործիչներ վերջերս կրկին դիմել են հանրապետության վարչապետին:

«Պահպանենք հին Երեւանի մշակույթը» խորագրով բաց նամակում, քաղաքի պատմամշակութային միջավայրը պահպանելու նպատակով, հեղինակները կոնկրետ առաջարկություններ են անում: Մասնավորապես, նրանք խնդրում են Փավստոս Բուզանդի 9, 17, 25, 26, 30, 39, Պուշկինի 2, Կողբացու 22, 41, 43, 45, Տերյանի 11-13, Արամի փողոցի 23, 74 շենքերն ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, պատմական միջավայրի ամբողջականության վերականգնման նպատակով կանխել նրանց' տեղափոխման անվան տակ զանգվածային ոչնչացումը: Նամակում բերված են ինչպես ճարտարապետական, քաղաքաշինական, այնպես էլ մշակութային ծանրակշիռ հիմնավորումներ:
Գաբրիել Աբրամովի «ձեռքբերումը»

Երեւանի Բուզանդի փողոցի 25 շենքը կառուցվել է տասնիներորդ դարավերջին: Արդեն կիսով չափով քանդված այդ շենքում է բնակվում Արթուր Սիլդիրյանը' կնոջ եւ երեխայի հետ: Նա հրաժարվում է «Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակի» առաջարկած պայմանագիրը ստորագրել: Ավելին՝ դատի է տվել ԾԻԳ-ին: Արթուր Սիլդիրյանի մոտ պահպանվել են որոշ արխիվային փաստաթղթեր: Ըստ 1932 թվականի «Քաղաքային բնակարանային հաշվառման» տեղեկանքի՝ Արթուր Սիլդիրյանի նախապապին' մեծահարուստ Աբրամովին է պատկանել նախկին Ռուբենի 29 հասցեում գտնվող, 1400քմ ընդհանուր մակերեսով առանձնատունը եւ բակը: Փաստաթղթերը հավաստում են, որ շենքը 1903-ին Գաբրիել Աբրամովը գնել է մի ադրբեջանցուց: Նույն թվականին վերակառուցել է ճակատային մասը: Պահպանվել է նույնիսկ վերակառուցման ճարտարապետական նախագիծը: Խորհրդային իշխանությունը Գաբրիել Աբրամովից խլել է նրա ամբողջ ունեցվածքը՝ բամբակի եւ լիմոնադի գործարանները, իսկ 1933-ին հօգուտ «Հեղափոխության օգնության միջազգային կազմակերպության» ազգայնացրել Ռուբենի 29 հասցեում գտնվող ( Փավստոս Բուզանդի փողոց 25) բնակելի շենքը:

Ավելացնենք, որ Գաբրիել Աբրամովը ժամանակին, Երեւանի տասը այլ մեծահարուստների հետ միասին, ձեռնարկել է Երեւանի խմելու ջրատարի կառուցումը: Աղբյուրների սառը ջուրը «Կռբուլաղ» կոչվող տարածքից Երեւան է հասցվել Ճապոնիայում պատվիրված հատուկ խողովակներով: Խորհրդային իշխանությունը, ըստ պայմանագրի, մինչեւ 1947 թվականը պարտավոր էր վերադարձնել տասնմեկ ազգանվեր գործիչների ֆինանսական ներդրումները: Սակայն հայտնի սցենարով ազգայնացվել են նաեւ այս փողերը:

Տարիների ընթացքում շենքի բակային հատվածում սկսում են վարձով բնակվել Արեւմտյան Հայաստանից գաղթած ընտանիքներ: Պահպանվել է նաեւ արխիվային փաստաթուղթ' վարձակալների մասին: Անկախացումից հետո, երբ անհատույց սեփականաշնորհվում է բնակարանային ֆոնդը, Արթուր Սիլդիրյանը, մյուսների պես, ստանում է վկայական, որով նրա սեփականության իրավունքը ճանաչվում է ընդամենը 76 քմ-ի նկատմամբ: Արթուրը փորձում է վերականգնել պատմական անարդարությունը, դիմում է Սպանդարյան շրջգործկոմ' պահանջելով 1933թ.-ից հետո եղած արխիվային փաստաթղթերը. «1933թ.-ից մինչեւ 1994 թվականն ընկած ժամանակահատվածին վերաբերող որեւէ փաստաթուղթ չի գտնվել: Իմ կարծիքով, հնարավոր է, որ դրանք միտումնավոր ոչնչացվել են: Դիմել ենք փաստաթղթերը վերականգնելու խնդրանքով, սակայն մերժում ենք ստացել «Մենք ցարական թղթերի հետ գործ չունենք» պատճառաբանությամբ»,-պատմում է Արթուր Սիլդիրյանը:

Իրացման աշխատանքները սկսելիս ինչ-որ մարդիկ զարմանալի համառությամբ, բնակարանը լուսանկարելու նպատակով, ցանկանում են մտնել Արթուր Սիլդիրյանի տուն: Տանտերն ընդդիմանում է. «Այդ մարդիկ ասում էին, որ որպես ԾԻԳ-ի հետ պայմանագիր ունեցող անկախ կազմակերպություն՝ իրենք պետք է նկարեն մեր բնակարանը, որպեսզի կարողանան գնահատել իրացվող անշարժ գույքը: Ես ընդդիմացա' ասելով, որ ինքս կհրավիրեմ գնահատող անկախ կազմակերպություն: Նրանք պատասխանեցին, որ ԾԻԳ-ի հետ ունեն գրավոր պայմանագիր: Խնդրեցի ցույց տալ, ոչինչ ցույց չտվեցին: Այդ պայմանագրի, ինչպես նաեւ գործունեության լիցենզիայի կրկնօրինակները նույնիսկ դատարանի պահանջով չներկայացվեցին»:

Սիլդիրյան ընտանիքի հետ մեր հանդիպման օրը ԾԻԳ-ից ստացվել էր հիշեցում, որով նրանց առաջարկվում էր աշխատանքային 5 օրվա ընթացքում ազատել իրացվող տարածքը, հակառակ դեպքում կզրկվեն 14.500 ԱՄՆ դոլարին համարժեք խրախուսական գումարից: Սակայն Ա. Սիլդիրյանն անհողդողդ է. «Թող չտան, չեմ վախենում: Պայքարելու եմ իրացվող տարածքի նկատմամբ պապերիս սեփականության իրավունքի ճանաչման համար»:
Պայքար' հանուն արդարության

Գաբրիել Աբրամովի ծոռը' Արթուր Սիլիդիրյանը, որոշել է վերականգնել պապենական սեփականությունը: Ըստ վերաքննիչ դատարանի քաղաքացիական գործերով դատավոր Արմեն Թումանյանի՝ «Քաղաքացին իրավական հիմքեր չունի դատը շահելու, քանի որ պետության կողմից Սիլդիրյանի սեփականության իրավունքը ճանաչվել է միայն 76քմ-ի նկատմամբ: Մնացածը զգացմունքների աշխարհից է»: Դատավորն ավելացրեց նաեւ, որ 60 նմանատիպ բեկանված դատական գործեր են ներկայացվել երկրորդ ատյան, սակայն հայցվորները որեւէ արդյունքի չեն հասել:

Ենթադրվում էր, որ անկախացումից հետո նախկին խորհրդային հասարակարգի պատմական անարդարությունները, հատկապես մասնավոր սեփականության վերականգնման առումով, պետք է սրբագրվեն, սակայն իշխանությունները նախընտրեցին շրջանցել դրանք: Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարիել Բարսեղյանը նշեց. «Այդ հարցով զբաղվել են ինչպես պետական մարմինները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները: Բանն այն է, որ, ի տարբերություն անկախացած այլ հանրապետությունների, մասնավորապես Մերձբալթյան հանրապետությունների, որոնք ի սկզբանե ընդունեցին օրենք նախկին սեփականատերերի ազգայնացված ունեցվածքը վերադարձնելու մասին, Հայաստանի Հանրապետությունն այդպիսի օրենք չընդունեց: Կային օբյեկտիվ պատճառներ. ազգայնացման հետեւանքով «համաժողովրդական» դարձած ունեցվածքը պետությունն արդեն ինքը տարաբաժանել էր այլ սուբյեկտների' օգտագործման իրավունքով: Նրանք, ովքեր ձեռք էին բերել դրանք եւ հետագայում, անկախություն ստանալուց հետո, ստացան սեփականության իրավունքի վկայականներ, բարեխիղճ ձեռքբերողներ են, ոչնչով մեղավոր չեն, որ նախկին սեփականատերերի նկատմամբ խորհրդային պետությունն անարդար է վարվել»:

Ըստ Տ. Բարսեղյանի՝ պատմական անարդարությունն ուղղելու համար Հայաստանի նորանկախ պետությանը պակասում էին տնտեսական հզորությունն ու քաջությունը. «Որպեսզի արդարացի վարվեին եւ՛ նախկին սեփականատերերի, եւ՛ բարեխիղճ ձեռքբերողների հանդեպ, պետությունը շուկայական արժեքով պետք է փոխհատուցեր նոր սեփականատերերին, ապա հողատարածքն ու անշարժ գույքը վերադարձներ նախկին սեփականատերերին»:

Իշխանությունները որոշեցին մասնակիորեն բավարարել այդ մարդկանց, եւ ընդունվեց «Բռնադատվածների իրավունքները վերականգնելու մասին» ՀՀ օրենքը: Սակայն օրենքը հնարավորություն չտվեց նմանատիպ որեւէ հարց լուծել: Մասնագետների կարծիքով՝ այս օրենքն էլ հեռու է լիարժեք լինելուց:

Անկախությանը հաջորդած տարիների ընթացքում «Ազգայնացված ունեցվածքը վերադարձնելու մասին» օրենքի որեւէ նախագիծ նույնիսկ քննարկման առարկա չի դարձել: Հնարավոր է, որ այս թեմային ընդհանրապես չանդրադառնային, եթե չլիներ «Պետության կարիքների համար օտարվող տարածքների» խնդրահարույց թեման՝ Հյուսիսային պողոտայի, մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման նպատակով իրացվող գոտիների պատմությունը: Խնդիրն այստեղ խիստ կոնկրետանում է. չէ՞ որ իրացվող տարածքը ձեռք է բերում նոր սեփականատեր, եւ եթե պետությունը բավարար միջոցներ չունի պատմական անարդարությունից տուժած սեփականատերերին փոխհատուցելու, ինչու՞ դա չեն կարող անել տարածքի տեր դարձող մեծահարուստները: Մանավանդ որ տարիների ընթացքում խորհրդային համակարգից տուժած սեփականատերերի թիվը զգալիորեն նվազել է. ոմանք վաղուց բնակարաններ են ստացել եւ տեղափոխվել, ոմանց ժառանգները արտագաղթել են եւ այլն: «Անպայման օրենք է պետք, հակառակ դեպքում կլինի խտրականություն. մի մասը կօգտվի որոշակի առավելություններից, առանց օրինական հիմքերի, մյուս մասը այդ առավելություններից չի օգտվի, որովհետեւ պատեհ առիթ չի ունեցել: Քանի դեռ քաղաքական կամքը օրենքի չի վերածվել, ոչ ոք չի կարող այսօր պատասխանատվություն վերցնել նախկին պետության կատարած անօրինականությունների համար, որի իրավահաջորդն է Հայաստանի Հանրապետությունը»,-գտնում է Տարիել Բարսեղյանը:

Նա համոզված է, որ ամեն մի մասնավոր դեպքի համար պարտադիր պետք է լինի օրենսդրական ակտ. «Մեր օրենսգրքով յուրաքանչյուր բնակելի տուն քանդելու համար անպայմանորեն պետք է լինի առանձին օրենք: Այդ օրենքում հստակ պետք է ձեւակերպված լինի, թե առանձին վերցրած՝ ինչպե՞ս պետք է վարվել սեփականատերերի, օգտագործողների, ժամանակավոր եւ մշտական գրանցում ունեցողների, նախկին սեփականատերերի հետ, ովքե՞ր փաստաթղթերով կարող են ապացուցել իրենց սեփականության իրավունքը»:

ԾԻԳ-ը Սիլդիրյան ընտանիքին չի ներկայացրել սեփականության օտարմանն առնչվող որեւէ օրենսդրական ակտ, որտեղ նշված լինի, թե ինչպես պետք է վարվել նախկին սեփականատերերի հետ: Փոխարենը, ամեն հարմար առիթն օգտագործելով, իրացման պատասխանատուները հայտարարում են. «Հերիք է, ինչքան կենտրոնում ապրեցիք: Գնացեք, թող ուրիշները գան, ապրեն»: Սիլդիրյանները գնալու տեղ չունեն. ո՛չ տված փոխհատուցումն է մի բան, ո՛չ էլ խնայողություններ ունեն: Ամեն ինչ ծախել-վաճառել են իրենց երեխայի առողջությունը վերականգնելու համար:

Իսկ իրացվող տարածքների նոր տերերը, ավելի ճիշտ' ԾԻԳ-միջնորդ կազմակերպությունը, նախանձելի արագությամբ «մաքրում է» Երեւանի կենտրոնը նրա պատմական հիշողությունից' հարուցելով ոչ միայն պատմամշակութային, այլեւ բարոյական անլուծելի խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter