HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականն իր անորակ խաղին համապատասխան շարունակում է նահանջը

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հունիս ամսվա ցուցակը: Հայաստանի հավաքականը, այս տարվա ընկերական հանդիպումներում շարունակելով իր անփառունակ, դժգույն ու անատամ ելույթները, նահանջել է 2 տեղով՝ հայտնվելով 100-րդ հորիզոնականում՝ ունենալով 338 հաշվարկային միավոր: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանի թիմը մայիսի 29-ին 1-1 խաղաց Մալթայի հետ, իսկ հունիսի 4-ին՝ 0-0 Մոլդովայի հետ:

2 ոչ-ոքիներից յուրաքանչյուրը 49,5 միավոր է բերել Հայաստանի ընտրանուն, սակայն փոխարենը հաշվարկից դուրս է մնացել ԱՄԷ-ի հանդեպ 2014-ի մայիսին տարած 4-3 հաշվով հաղթանակը, որը 371 միավոր էր բերել: 

Հայաստանի հետ ոչ-ոքիները 100-ական միավոր են բերել Մալթային ու Մոլդովային, սակայն եթե մալթացիները առաջադիմել են 1 տեղով (184), մոլդովացիները մերոնց պես նահանջել են 2 հորիզոնականով (175): 

Համաշխարհային ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Բելգիան, Պորտուգալիան, Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Չիլին, Իսպանիան: 

Ազգերի լիգայում Հայաստանի առաջիկա մրցակիցներից ՆՀՀ Մակեդոնիան 71-րդն է, Լիխտենշտայնը՝ 180-րդը, Ջիբրալթարը՝ 195-րդը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունեն ուկրաինացիները, որոնք 35-րդն են, Ռուսաստանը 70-րդն է, Բելառուսը՝ 78-րդը, Ղրղըզստանը՝ 92-րդը, Էստոնիան, Ուզբեկստանն ու Վրաստանը հանգրվանել են 94-96-րդ տեղերում: 

Մեր հարեւաններից Իրանն ու Թուրքիան զբաղեցնում են 37-րդ եւ 38-րդ հորիզոնականները, ինչպես ասվեց, Վրաստանը 96-րդն է, իսկ Ադրբեջանը 105-րդն է: Ընդ որում՝ այս ընտրանին գրանցել է ամսվա լավագույն առաջընթացը՝ բարձրանալով 21 տեղով: 

Հաջորդ աղյուսակը կհրապարակվի հուլիսի 19-ին՝ աշխարհի առաջնությունից հետո: 

Լուսանկարը՝ ffa.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter