HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետեկամուտների աճ, կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում. վարչապետը՝ կենսաթոշակների բարձրացման ուղիների մասին

Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան այն ժամանակ, երբ  պետական եկամուտներն ավելանան և կառավարությունը համարի, որ կարող է իրեն թույլ տալ լուծել այդ խնդիր։ Այս մասին այսօր Կառավարության նոր ծրագրի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի հարցին։

«Ինձ են դիմում մի խումբ մեր հայրենակիցներ, ուզում են իմանալ՝ համաներում լինելու է, թե՞ ոչ։ Եթե լինելու է՝ մոտավորապես ե՞րբ։ Մյուս հարցս վերաբերում է մեր  երկրում շուրջ 570 հազար թոշակառուներին։ Մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղը 42 հազար դրամ է, իսկ նվազագույն կենսաթոշակը՝ 16 հազար դրամ։  Ստացվում է, որ թոշակառուն իր ստացած թոշակով կարող է ընդամենը 10-12 գոյությունը քարշ տալ, մնացած բոլոր օրերին դատապարտված է սովամահության։ Կարո՞ղ եք ասել՝ մոտավորպես երբ կլինի նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն կենսաթոշակի այնպիսի հարաբերակցություն, որ մարդիկ, գոնե, սոված չքնեն»,- հարցրեց Ն. Ազիզյանը։

Ի պատասխան վարչապետը նշեց, որ ամեն օր աշխատելու են այդ ուղղությամբ և աշխատելու են օր առաջ այդ խնդիրները լուծել ու շոշափելի փոփոխությունների հասնել։ «Բայց ես ուզում եմ այս համատեքստում անել մի դիտակում։ Իմ կարծիքով՝ դրա կարևորագույն լուծումը պետական եկամուտների ավելացումն է, ստվերի կրճատումը և կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց ես ուզում եմ ընդգծել մի բան։ Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարում կարող են լինել դրսևորումներ, որ մարդիկ, որոշակի շրջանակներ, նույնիսկ հրապարակայնորեն, սկսեն հիմնավորել, որ  կոռուպցիան ավելի լավ է, քան կոռուպցիայի բացակայությունը, ստվերն ավելի լավ է, քան օրինականությունը, որովհետև այդ ստվերի դեմ պայքարի արդյունքում կարող են ինչ-որ ապրանքներ ինչ-որ ժամանակահատվածում թանկանալ։ Կամ փորձ արվի նման հետևանքների բերել։ Եվ մարդկանց եզրակացությունը լինի այն, որ փաստորեն ստվերն ավելի լավ է, քան ստվերի դեմ պայքարը, կոռուպցիան ավելի լավ է, քան կոռուպցիայի դեմ պայքարը։ Մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ այս ճանապարհին մենք հետևողականորեն գնալու ենք և մեր խնդիրը պետական եկամուտներն ավելացնելն է։  Եվ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա հրապարակայնորեն։ Եվ այն պահին, երբ մենք տեսնենք, որ պետական եկամուտներն ավելացել են և կարող ենք մեզ թույլ տալ, մենք այդ լուծումները մեզ անպայման թույլ կտանք։ Այսինքն՝ դա մեր ամենօրյա խնդիրն է»,- պատասխանեց Ն. Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ պաշտոնավարելով որպես վարչապետ ոչ մի կողմնակի եկամուտ չի ունենալու, ոչ մի գույք ու բաժնեմասն ձեռք չի բերելու. «Սա այն ուղերձն է հանրությանը, որ մենք ոչ թե մեր սեփական եկամուտների համար ենք աշխատելու, այլ ՝ հանրության։ Սա շատ կարևոր սկզբունք, նրբություն և առանձնահատկություն է։ Մենք ասում ենք, որ գործարարներին ազատում ենք բոլոր կոռուպցիոն պարտավորություններից։ Այս ամենն անում ենք, որ պետական եկամուտներն ավելանան, դրա արդյունքում ավելանան թոշակները, աշխատավարձերը, հնարավոր լինի առողջապահության և մյուս ոլորտներում ավելացնել պետական ծախսերը։»

Ինչ վերաբերում է համաներմանը, ապա ըստ վարչապետի՝ դա պետք է գաղտնիության սկզբունքով լինի։ «Մարդը կարող է ասել՝ սեպտեմբերին լինելու է համաներում, և գնա ու մի քանի տուն կողոպտի։ Այս իսկ պատճառով ես այդ հարցին չեմ պատասխանի: Իսկ քաղաքական համաներման լինելու և չլինելու հարցը, կարծում եմ, քաղաքական նպատակահարմարության հարց է»,- ասեց Փաշինյանը:

Ի պատասխան պատգամավոր Ն. Ազզիզյանը նշեց, որ հասկանում է՝ կախարդական փայտիկ չկա, պարզապես թոշակառուների վիճակը շատ վատ է և իրենք կառավարությունից ակնկալում են կտրուկ միջոցառումներ։

«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ կախարդական փայտիկ կա և այն արդեն իր գործը սկսել է և արդեն իսկ կոնկրետ արդյունքներ է արձանագրել»,- պատասխանեց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր ուղղություններով կառավարությունը կունենա լրջագույն  արդյունքներ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter