HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհի թարմ հետքերով. ահազանգ Երևանի Նորաշեն թաղամասից

Վահե Սարգսյան

Երեկ Երևանի Աջափնյակ համայնքի Նորաշեն (16 – րդ) թաղամասի 33-րդ շենքի 15-րդ հարկում գազի արտահոսքի պատճառով պայթյուն տեղի ունեցավ, որին հետևեց բնակարանում բռնկված հրդեհը: Պետք է խոստովանել, որ դեպքից հաշված րոպեներ անց ժամանեցին պետական բոլոր պատկան մարմինների ստորաբաժանումները և շատ արագ ամեն մեկն անցավ իր գործին:

Նշյալ դժբախտ պատահարը ևս մեկ անգամ ստիպեց մեզ անդրադառնալ Նորաշեն թաղամասի 16 հարկանի շենքերի անվտանգությանը կամ, առավել ճշգրիտ, բնակիչների ձեռքով խաթարված անվտանգությանը: Հիշեցնենք, որ շենքերի համատարած գազաֆիկացմանը զուգահեռ բացվեցին – վերականգնվեցին և' բնակարանների ներսում եղած օդատար համակարգերը, որոնց քանդման հաշվին բնակիչները մի սառնարանի տեղ էին ավելացրել իրենց խոհանոցներում, և' յուրաքանչյուր հարկի երկու կողմերում եղած խորդանոցները, որոնք բնակիչների կողմից զավթվել և ծառայում էին որպես պահեստներ:

Գազաֆիկացման արդյունքում վերակագնվեցին նաև նշյալ խորդանոցների մետաղյա աստիճանները և դռնակները, որոնց միջոցով հրշեջ և փրկարար ծառայությունների աշխատակիցները միանգամից կարող են բարձրանալ շենքի առաջին հարկից մինչև ցանկացած հարկ, ավելին, միայն այդ միջոցով կարելի է ջրի շիթեր արտանետող խողովակները հասցնել վերին բնակարաններ: Հիշեցնենք նաև, որ այդ խորդանոցներն այնպես են կառուցված, որ անմիջականորեն շփում ունեն դրսի միջավայրի հետ, և անգամ եթե հրդեհը արգելակի վերելակը կամ ծխահարի աստիճանները, ապա նշյալ խորդանոցների մետաղյա աստիճաններով փրկարարները շատ արագ և անվտանգ կարող են բարձրանալ վերև:  

Բանն այն է, որ, գազաֆիկացման արդյունքում վերաբացված և տեխնիկապես վերազինված խորդանոցները, որոնք կոչված են ծառայելու միմիայն շենքի անվտանգությանը, կարճ ժամանակ անց կրկին զավթվեցին բնակիչների կողմից: Ներկայումս այդ խորդանոցների մեծ մասում լցված են հիմնականում անպետք իրեր` հին գազօջախներ, բազմոցներ, ներքնակներ, հին կահույք և այլն, որոնցից մեր քաղաքացիները համառորեն չեն ուզում բաժանվել: Ցավոք, նշյալ իրերը ուղղակի դրված են տարբեր հարկերի խորդանոցներն իրար կապող աստիճանների դռնակների վրա, որից ելնելով էլ` հրշեջներն ու փրկարարները պարզապես չեն կարող հրել միջհարկային այդ դռնակները և բարձրանալ վերև: Ավելին` «պահեստավորելով» այդ «հնությունները», բնակիչները չեն զլացել կողպեքներ տեղադրել խորդանոցների պլաստմասսե դռներին, որի պատճառով էլ աղետի դեպքում ուղղակի անհնար է անգամ դռնից մուտք գործել խորդանոց:

Այսօր խնդիր կա պարզելու, թե ո՞ւմ գործառույթների մեջ է մտնում բարձրահարկ շենքերի բնակիչների կյանքի անվտանգության համար այդքան կարևոր խորդանոցների անխափան աշխատանքի ապահովումն իրականացնելը` համատիրությա՞ն, վարչական շրջանի աշխատակազմի՞, Արտակարգ իրավիճակների նախարարությա՞ն, «Գազպրոմ Արմենիա» ընկերությա՞ն (որի անվտանգության ծառայությունների սպասարկման համար մենք վճարում ենք):

Ամեն պարագայում` մենք հուսով ենք, որ ՀՀ ԱԻՆ-ը իր քայլերով կարձագանքի մեր այս մտահոգությանը, քանի որ մեր մատնանշած երևույթն անմիջականորեն ազդում է գերատեսչության աշխատանքի արդյունավետության վրա:

Հ.Գ. Հիշեցնենք, որ, երեկ ԱԻՆ-ի աշխատակիցների մի մասը երկար ժամանակ վերելակի էր սպասում (աբսուրդ !), իսկ մյուս մասը ոտքով (սովորական աստճաններով) բարձրացավ 15-րդ հարկ: Պարզ է, որ այս պայմաններում ջրաշիթի խողովակը բնակարան հասցնելու մասին խոսք չէր էլ կարող լինել, որի անհրաժեշտության մասին, կարծում ենք, քննարկելն ավելորդ է: Պարզորոշ է նաև, որ ԱԻՆ-ի աշխատակիցների բախտից` հրդեհը բնակարանի ներսում էր, և վերելակով կամ սովորական աստիճաններով բարձրանալը` հնարավոր: Իսկ եթե երեկվա հրդեհը բռնկվեր այնպես, որ վերելակը շարքից դուրս գար կամ միջանցքները ծխահարվեին, ապա վերին հարկեր բարձրանալը կդառնար խիստ ռիսկային, եթե չասենք` անհնար: Նման պայմաններում չենք էլ ուզում խոսել բնակչության անվտանգ տարհանման մասին, որը գրեթե անհնար է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter