«Հայկական ժամանակ». երբ շատանում է բոշայի յուղը
Ծաղկաձորում գտնվող շքեղ դղյակի առանձնահատկություններից մեկն այն է, որ սեփականատերը տարածքում կառուցելով հնարավոր ամեն ինչ՝ թենիսի կորտ, մանկական խաղահրապարակներ, լողավազան, տարածքում նաեւ ֆուտբոլի դաշտ է կառուցել: Այս տանը գտնվող լողավազանի մասին, ի դեպ, լեգենդներ են պտտվում:
Ասում են` կառուցված է այնպես, որ դրա պատերից մեկի դերը տարածքում եղած բնական ժայռն է ստանձնել. լողում ես, լողում եւ հասնում հայկական քարափին, եւ այնպիսի տպավորություն է, թե բնական լճում ես լողում, դուրս ես գալիս ափ, իսկ այնտեղ քարեր են, ժայռաբեկորներ:
Որոշ տեղացիների պնդմամբ` լեգենդար առանձնատունը ՊԵ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին է պատկանում եւ գնահատվում է մոտ 3,5-4 միլիոն դոլար:
Խնդիրն այն է, սակայն, որ պարոն Խաչատրյանն արդեն շուրջ մեկ ամիս է` չի պատասխանում առանձնատան հետ կապված «ՀԺ» գրավոր հարցմանը: Չի պատասխանում նաեւ այլ հարցերի, որոնցից կարելի է եզրակացնել, թե որքանով են ճիշտ լուրերն այն մասին, որ իր ընտանիքին է անցել Չինաստանից Հայաստան հագուստ ներկրելու մենաշնորհը:
Սա առաջին անգամը չէ, երբ Խաչատրյանը չի պատասխանում «ՀԺ» հարցումներին: Եվ ստացվում է, որ գործնականում որեւէ մեխանիզմ չկա՝ պարզելու Հայաստանում գործող այս կամ այն պաշտոնյայի ունեցվածքի, գույքի, բիզնեսի ծավալները: Դա թերեւս կարող է անել միայն հետաքննության եւ նախաքննության մարմինը, բայց դրա համար պետք է լինի նախաքննության եւ հետաքննության մարմին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել