HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ն. Փաշինյան. «Չենք եկել ասելու՝ որը ՀՀԿ-ի կառավարությունն է որոշել, ջնջվում է»

«Կառավարության ծրագրին ադեկվատ քաղաքական գնահատական տալու համար ծրագիրը պետք է պարունակի չափելի ցուցանիշներ։ Այս ծրագիրն այդ հնարավորություններից զերծ է։ Սա, ըստ էության, խնդիր է առաջացնելու ձեր գործունեությունը քննարկելու կամ քննադատելու համար»,- այս մասին այսօր Ազգային ժողովում նոր կառավարության ծրագրի քննարկմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղելուց առաջ նա երկու դիտարկում ներկայացրեց։ Նախ ողջունեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ այս կառավարության «քաղաքական ողջամիտ վերաբերմունքը»։ Երկրորդը՝ հորդորեց ներդրումների կամ ներդրողների խնդիրներով զբաղվելու հարցը «չվերապահել КГБ-ին»։  

«Անկասկած, ծրագրի քաղաքական պատասխանատուն կառավարությունն է։ Բայց ես հարց ունեմ՝ միայն կառավարությու՞նն է, թե՞ կառավարություն ձևավորող մյուս քաղաքական ուժերը։ Այս ծրագրում ես չեմ տեսնում որևէ դրույթ, որը վերաբերեր ՀՅԴ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի ծրագրային դրույթներին։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը. նրանք չե՞ն մասնակցում այս ծրագրին, չե՞ն ստանձնում պատասխանատվությունը, թե՞ ուղղակի կա այլ հանգամանք։ Ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես էր եկել 15 կետից բաղկացած ծրագրով, որը հանրության մի ստվար զանգվածի աջակցությունն է ստացել, որի արդյունքում «Ծառուկյան» դաշինքը երկրորդն է մեր խորհրդարանում»,- հարց ուղղեց Խ. Հարությունյանը

Ի պատասխան Ն. Փաշինյանը նախ խնդրեց Ազգային անվտանգության ծառայությունը չանվանել КГБ։ Այնուհետև հավելեց, որ «Ծառուկյան» դաշինքի և ՀՅԴ-ի ծրագրերը կառավարության գործունեության տեսադաշտում են լինելու։

«Մենք փորձել ենք այստեղ ավելացնել այն կոմպոնենտը, որը դե ֆակտո ներկա է կառավարությունում, նկատի ունեմ՝ հրապարակի կոմպոնենտն ենք ավելացրել։ Սա չի նշանակում, որ այն ինչ գրված չէ, գոյություն չունի։ Մենք ընդամենը այդ շարքին ավելացրել ենք ևս մեկ գործոն, ևս մեկ ասելիք, և դա հեղափոխական հրապարակի ասելիքն է և օրակարգը։ Այս առումով, բնականաբար, կառավարությունը քննարկելու է և 15 կետերը, և ՀՅԴ-ի ծրագրի դրույթները, որտեղ մենք կարող ենք համատեղելիություն գտնել իրագործելու։ Ինչու չէ՝ նաև ՀՀԿ-ի կամ նախորդ կառավարության ծրագրերը։ Կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը դրանցից մեկն է։ Մենք հո չե՞նք եկել ասելու՝ որը Հանրապետականի կառավարությունն է որոշել, ջնջվում է։ Դա չի նշանակում, որ ավտոմատ ամեն ինչ կշարունակվի և կընդունվի, բայց չի էլ նշանակում, որ ավտոմատ ամեն ինչ կմերժվի»,- ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է  ծրագրում առկա ժամկետներին, ապա ըստ Ն. Փաշինյանի՝ առկա ամենակարևոր ժամկետը մեկ տարին է, որի ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 

«Մենք ասում ենք, որ մի տարվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դա կարող է տեղի ունենալ ինն ամսվա ընթացքում, հինգ ամսվա ընթացքում և այլն։ Սա ամենակարևոր ժամկետն է, որ մենք ֆիքսել ենք»,- նշեց նա։

Ի պատասխան՝ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ ծրագրում պետք է գրված լիներ, որ այս ծրագրի քաղաքական պատասխանատուներն են «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն։

«Ծրագրի հետագա լրամշակումներում հիմք կընդունվեն այս կուսակցությունների նախընտրական ծրագրերի դրույթները, որոնք հիմք են հանդիսանալու, որ այս ծրագրի քաղաքական պատասխանատուները «Ելք» դաշինքը և մնացած կուսակցություններն են։ Համաձայնեք՝ սա սովորական քաղաքական հետաքրքրասիրություն չէ։ Սա հետագայում քաղաքական գնահատականներ տալու հնարավորություն է և երաշխիք»,- նշեց պատգամավորը։

Ն. Փաշինյանը պատասխանեց, որ այս կառավարությունում ընդգրկվելու հնարավորություն ունեցել են բոլոր քաղաքական ուժերը։ Մի մասը օգտվել է այդ հնարավորությունից, մյուս մասը՝ ոչ։  

«Այս ծրագրի իրագործման պատասխանատուն այն ուժերն են, ովքեր կազմակերպել և իրականացրել  են Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը, և մենք լիարժեք կրում ենք այդ պատասխանատվությունը՝ բխող բոլոր դրական և բացասական հետևանքներով»,- ասաց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter