HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբանը զղջացել է արարքի համար. պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

Դատավորի և քաղաքացու միջև կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է  դադարեցնել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Իշխան Բարսեղյանի և Էլզա Զաքարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանականերում այսօր տեղի ունեցած դատական նիստին Տիգրան Աթանեսյանը պաշտպանական ճառ ասաց: Պաշտպանը նշեց, որ Էլզա Զաքարյանն ընդունել է իրեն մեղսագրվող արարքը, զղջացել կատարվածի համար, օժանդակել քննություն իրականացնող մարմնին:

Զաքարյանին մեղսագրվող արարքը դասվում է միջին ծանրության արարքների շարքին: Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածը սահմանում է.

«Առաջին անգամ ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հանցանք կատարելուց հետո կամովին ներկայացել է մեղայականով, աջակցել է հանցագործությունը բացահայտելուն, հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը»:

Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն` Զաքարյանը նախկինում դատվածություն չի ունեցել, բացի այդ` երեք երեխայի մայր է, ընդ որում երրորդ երեխան ծնվել է այս գործի քննության ժամանակահատվածում:

Այսպիսով, ըստ պաշտպանի՝ վերը թվարկված հանգամանքները նկատի ունենալով` Զաքարյանին կարելի է քրեական պատասխանատվությունից ազատել Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի կիրառմամբ:

Նշենք, որ դատավոր  Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ ենթադրյալ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի` փաստաբան Էլզա Զաքարյանի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Խոսքը 1000 ԱՄՆ դոլարի մասին է։

Նախորդ դատական նիտին այս գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը հանդես է եկել ճառով: Դատախազը նույնպես միջնորդել է Զաքարյանին ազատել քրեական պատասխանատվությունից՝ կատարված հանցանքում զղջալու հիմքով:

Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հունիսի 21-ին, ճառով հանդես կգան ամբաստանյալ դատավոր Իշխան Բարսեղյանի պաշտպանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter