HY RU EN

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով Սարգիս Գրիգորյանն ազատ արձակվեց

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի ունեցած՝ «Սարի թաղում» անկարգությունների մեջ մեղադրվող Սարգիս Գրիգորյանի գործով դատական նիսին փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդություն է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց ստորագրությամբ չհեռանալով։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է միջնորդությունը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Սարգիս Գրիգորյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Սարգիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ: Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով։