
Արարատ Միրզոյան. «Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր»
«Առաջին բորտի օգտագործումը արդարացված էր, քանի որ կար ներկայացվածության խնդիր»,- այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իր գլխավորած պատվիրակության այցին Դուշանբե:
Միրզոյանի խոսքով՝ ԱՊՀ գործընկերներին պետք էր հավաստիացնել, որ առաջին փոխվարչապետը կարող է ներկայացնել վարչապետին: Ինչ վերաբերում է մամուլում իր հասցեին հնչող քննադատություններին և նախորդ փոխվարչապետների հետ զուգահեռներին, որ վերջիններս առաջին բորտով չեն մեկնել պաշտոնական այցերի, Արարատ Միրզոյանն ասաց.
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին բորտն այնպիսի նպատակների համար է օգտագործվել ու այնպիսի հաճախականությամբ, որն ընդհանրապես կապ չունի ոչ միայն պետության շահերի, այլ ընդհանրապես քաղաքականության հետ»,- ասաց փոխվարչապետը:
Անդրադառնալով պատվիրակության ծախսերին՝ Միրզոյանն ասաց, որ 20 միլիոն դրամը ուռճացված է.
«Խոսքը 14 միլիոնի մասին է»,- ասաց Միրզոյանը։
Անդրադառնալով Դուշանբե կատարած այցը լուսաբանած լրատվամիջոցների ընտրությանը՝ փոխվարչապետն ասաց, որ բոլոր լրատվամիջոցներին հրավիրել հնարավոր չէր, ուստի փորձ է արվել պահել համամասնությունը և հրավիրվել են Հանրային հեռուստաընկերությունն ու Factor.am կայքը։
«Այսուհետ ևս ապահովելու եմ ԶԼՄ-ների մասնակցությունն այն ֆորմատով, որ ներկա լինեն առնվազն մեկ ԶԼՄ նախկին արտոնյալ ԶԼՄ-ներից և առնվազն մեկ ԶԼՄ նախկինում մերժվածներից»,- ասաց Միրզոյանը։
Մեկնաբանել