Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում՝ մարզում տեղի ունեցած երկրաշարժի թեմայով
Հունիսի 7-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Վանաձոր քաղաքում գտնվող Լոռու մարզի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 6-ին Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք գրանցված երկրաշարժի և դրանից հետո արձանագրված հետցնցումների արդյունքում ստեղծված իրավիճակն ու արձագանքման հիմնախնդիրները: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու, Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվել է համապատասխան համայնքների ղեկավարների հետ հսկողություն սահմանել սողանքային երևույթների նկատմամբ, հատկապես հետևել Շիրակի մարզի Առափի, Տավուշի մարզի Գետահովիտ, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում տեղադրված էքստենզոմետրերի ցուցիչներին և Լոռու մարզի Թումանյան համայնքի տարածքում երկաթգծին սպառնացող տեղամասում տեղադրված չափիչ սարքերի տվյալներին:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝ ակտիվացնել սեյսմիկ դիտացանցը և ուժեղացնել հսկողությունը հանրապետությունում սեյսմիկ իրավիճակի նկատմամբ պարբերաբար, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես ներկայացնել տեղեկատվություն սեյսմիկ իրադրության վերաբերյալ:
ԱԻ նախարարը ևս մեկ անգամ հանձնարարեց Լոռու մարզային փրկարարական վարչությանը հանրության շրջանում խուճապային տրամադրություններից խուսափելու նպատակով միջոցառումներ ձեռնարկել տեղում բնակչության իրազեկման և բացատրական աշխատանքների իրականացման ուղղությամբ: Բնակչության իրազեկման համար անհրաժեշտության դեպքում ներգրավել ոստիկանության տարածքային և ՄՓՎ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներին, կիրառելով տեխնիկական բոլոր հնարավոր միջոցները, խուճապի կանխումը ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում իրականացնելով շրջայցիկ ելքեր՝ բարձրախոսերի կիրառմամբ: Բնակավայրերում, համայնքների ղեկավարների հետ համատեղ բնակչությանն իրազեկել երկրաշարժի հետևանքով սողանքային և քարաթափման վտանգավոր տեղամասերում այդ պրոցեսների ակտիվացման դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ:
«Հանրության հետ աշխատանքներում պետք է ներգրավենք նաև ՀՀ ԱԻՆ հոգեբանական ծառայության մեր աշխատակիցներին, մարդիկ պետք է լինեն տեղեկացված, զգան, որ իրենք մենակ չեն, զգան, որ ապահով են»,-եզրափակեց ԱԻ նախարար Ռոստոմյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել