HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

ԵՊՀ ռեկտորը մակագրել է Իջեւանի մասնաճյուղի տնօրենի հրաժարականի դիմումը

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը այսօր մակագրել է Իջեւանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի հրաժարականի դիմումը՝ գրված դեռեւս մայիսի 25-ին:

Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը։ Նա հայտնեց նաեւ, որ այս պահին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի տնօրենի պարտականություններն իրականացնում է փոխտնօրեն Արտակ Ցուցուլյանը: Վերջինս, հիշեցնենք, իր այդ պաշտոնին նշանակվեց մասնաճյուղի ուսանողների ճնշման ներքո:

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների նախաձեռնած բարեփոխումների շարժման ընթացքում, արդեն նախկին տնօրեն Սամվել Առաքելյանին էր ներկայացվել 8 կետից բաղկացած պահանջագիր, այդ թվում՝ Ցուցուլյանին, որպես մեծամասնության վստահությունը վայելող դասախոսի, փոխտնօրենի թափուր պաշտոնին նշանակելու հարցը։

Չնայած Սամվել Առաքելյանը պատրաստակամություն էր հայտնել բարեփոխումներ իրականացնել եւ հենց առաջին իր քայլով Արտակ Ցուցուլյանին նշանակել էր փոխտնօրեն, ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամները մայիսի 24-ին անվստահություն էին հայտնել մասնաճյուղի տնօրենին եւ պահանջել նրա հրաժարականը։ 

Համաձայն ԵՊՀ կանոնադրության` Իջեւանի մասնաճյուղի տնօրենին նշանակում է ԵՊՀ ռեկտորը: Սակայն այժմ քննարկվում է ընտրության ընթացակարգ, որն իրականացնելու համար անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կանոնադրության մեջ: Գեւորգ Էմին-Տերյանն ասաց, որ այս հարցը դեռ քննարկվում է: ԵՊՀ ռեկտորը ճիշտ է համարել ավելորդ շտապողականություն չցուցաբերել:

Նշենք, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի «Ռեստարտ» նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ Սիմոնյանը հաստատության տնօրենի պաշտոնում կնշանակի Արտակ Ցուցուլյանին, որը, ուսանողների համոզմամբ, լավագույնս կարող է իրականացնել սպասված բարեփոխումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter