
Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կրկին արտոնություն ստացավ
Կառավարությունը այսօրվա նիտում արտոնություն տվեց «Անիտեքս» ընկերությանը: Ինչպես արդեն հայտնել ենք՝ այս ընկերության բաժնետերը Կիպրոսում գրանցված «Նաթքոմ Լիմիթեդ» (NATCOM LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերն են` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկ Ալեքսանյանը, և Լիբանանի էներգետիկայի և ջրային պաշարների նախկին նախարար Արթյուր Նազարեանի որդիները՝ Փիթըր և Գարիի Նազարեանները:
Ընկերությունը Հայաստան կներմուծի թեթև արդյունաբերության մեջ օգտագործվող սարքավորումներ՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով: 13 անուն, մոտ 8 մլրդ 686 մլն դրամ արժեքով ապրանքները կներմուծվեն Չինաստանից, Հնդկաստանից, Թուրքիայից, Ուզբեկստանից, Հարավային Կորեայից:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին նախկին կառավարությունը եւս արտոնություն էր տվել այս ընկերությանը՝ թույլատրելով Հայաստան ներմուծել ապրանքներ՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը երեք տարի հետաձգելով: Այս և «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունները գնել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող «Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան» և որոշել վերջինիս տարածքում տեքստիլ արտադրությամբ զբաղվել:
Աստղիկ Ալեքսանյանի ընկերությունները կառավարության կողմից հաճախ են արտոնություններ ստանում: Կառավարության նախորդ նիստին էլ նրա «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը թույլատրվեց Թուրքիայից և Ուզբեկստանից տրիկոտաժե գործվածքներ ներմուծել Հայաստան՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով:
Լուսանկարում Աստղիկ Ալեքսանյանն է
Մեկնաբանել