HY RU EN

Դիանա Ղազարյան

Հրազդանում ԵՄ չափորոշիչներով աղբավայր կառուցելու համար կառավարությունը հողամաս նվիրաբերեց

Հրազդան քաղաքում Եվրոպական Միության չափորոշիչներին համապատասխան աղբավայր կառուցելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում հողամաս նվիրաբերեց «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ընկերությանը: Հողամասը գտնվում է Երևան-Սևան մայրուղի թիվ 51 հասցեում և օգտագործվելու է բացառապես Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսված աղբավայրի կառուցման նպատակով:

Որոշման նախագիծը գործադիրի քննարկմանը ներկայացրել էր տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Համաձայնագրի դրույթների համաձայն` կառուցվող աղբավայրը պետք է սպասարկի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր բնակավայրերը, այն պետք է պատկանի երկու մարզերի 12 քաղաքներին»,- նշեց Պապիկյանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին, դրա սեփականատերերը Կոտայքի և Գեղարքունիքի մարզի 12 համայնքներ են: