
Ներդրված մեծ փողերի փոքր արդյունքը
Լուսաձոր գյուղը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: 213 տուն, 697 բնակիչ ունեցող համայնքում վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Սակայն համայնքի բնակիչները բողոքել են, որ իրենց փոքր գյուղում կատարված մեծ ներդրումներն արդյունավետ չեն եղել:
Գնացի Լուսաձոր, զրուցեցի համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանի, համայնքապետարանի աշխատողների, գյուղի բնակիչների հետ:
2005 թվականից համայնքը ղեկավարող, ՀՀԿ անդամ Սուրեն Քոչարյանը հայտնեց, որ ի թիվս այլ ծրագրերի՝ 2008-2009թթ. ՄԱԿ-ի զարգացման ծրագրով 83 միլիոն դրամով կառուցվել է խմելու ջրագիծ, 6 կմ երկարությամբ ներքին ցանց:
Այդ ջրագծով մոտակա անտառից ջուրը ինքնահոս հասնում է ներքեւ, պոմպի միջոցով մղվում 100 տոննա տարողությամբ 2 ջրամբար, որտեղից էլ կատարվում է առանձնատների սնուցումը: Գյուղապետն ասաց, որ Լուսաձորի տարածքում մի քանի տեղ վթարներ կան, որոնց հետեւանքով փոքր գյուղի կեսը` շուրջ 80 ընտանիք, չէր կարողանում օգտվել այդ ջրագծից: Գյուղապետը տեղեկացրեց, որ Լուսաձոր իմ այցից հետո վթարներից մեկը վերացրել են, եւ այժմ գյուղի 70 տոկոսն օգտվում է այդ ջրագծից:
Լուսաձորցիները վկայեցին, որ այդ ջրագծով օրական 1-2 ժամ ջուր են ստանում: Ներքին ցանցի որոշ հատվածներում ջրի պլաստմասե խողովակներն անցնում են գետնի վրայով. ցրտից դրանք շարքից դուրս են գալիս:
Գյուղացիների մի մասը իրենց տեղադրած ջրի հաշվիչները հանել է, որպեսզի դրանք ցրտից շարքից դուրս չգան: 83 միլիոն դրամով կառուցված ջրագիծը սպասարկող բանվոր չկա, եւ գյուղապետն անձամբ է փականները բացում-փակում: Համայնքի ղեկավարն ասաց, որ մտադիր են 2 տարի առաջ կառուցված ջրագիծը փոխանցել «Հայջրմուղկոյուղի» ընկերության հաշվեկիշռին:
Այդ մտադրությունը վաղուց կա, սակայն մինչ օրս ջրագիծը չի փոխանցվել «Հայջրմուղկոյուղուն»: ՄԱԿ-ի զարգացման ծրագրով՝ Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, 21 միլիոն դրամով Լուսաձորում վերանորոգվել է մշակույթի տունը:
Միհարկանի կառույցի նորոգման համար դա քիչ գումար չէ, եթե հաշվի առնենք, որ 2005թ. ծագումով Կոթիից գործարար Յուրա Հարությունյանն այդտեղ խաղասրահ է նորոգել, կահավորել:
![]() |
![]() |
Վերանորոգված մշակույթի տունը 2008թ. դեկտեմբերի 2-ին մեծ շուքով բացվեց: Այն ժամանակ Հայաստանում Իտալիայի դեսպան Մասիմո Լավեցցո Կասինելին մշակույթի տան առջեւի հրապարակում հանդիսավոր կերպով լուսաձորցիների հետ պարի շրջան մտավ: Եթե հարգարժան Կասինելին հիմա տեսնի մշակույթի տան դահլիճի խոնավ առաստաղը, հաստատ ուրախ չի լինի: Դահլիճի առաստաղը ջրի արտահոսքից վնասվել է:
Լուսաձորի խմելու ջրագիծը կառուցել եւ մշակույթի տունը նորոգել է նույն կազմակերպությունը` Գավառի «№1 Շինվարչություն» ԲԲԸ-ն: Ինչպե՞ս է ստացվում, որ Գավառի շինարարական կազմակերպությունը հաղթող է ճանաչվում Իջեւանի Լուսաձոր գյուղում շինարարության մրցույթներում: Մեր տվյալներով՝ այդ կազմակերպության տնօրեն Հրայր Մնացականյանը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ազգականն է:
Գյուղապետ Սուրեն Քոչարյանից տեղեկացա, որ Լուսաձորում շինարարական գործերը ղեկավարել է Հրայրի եղբայր Հովիկը: Սուրեն Քոչարյանն ասաց, որ գավառցի շինարարների հետ շինարարական աշխատանքներին մասնակցել են լուսաձորցիներ, նաեւ Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղից բանվորներ:
Գյուղի մշակույթի տանը հիմնվել էր ինտերնետային գրադարան, ժամանակակից 7 համակարգիչ միացված էր համացանցին: Սակայն այժմ ինտերնետ կապ չկա: Սուրեն Քոչարյանի խոսքերով` համագյուղացի, Տավուշի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արծրուն Նազարյանն ինտերնետային գրադարանին անվճար կապով ապահովում էր իրեն պատկանող, Իջեւանում գործող պրովայդեր-կազմակերպության միջոցով: Սակայն ժամանակի ընթացքում գյուղում այդ ընկերության տրամադրած կապի որակը վատացել է, իսկ համայնքապետարան այլ կազմակերպությունների ինտերնետ կապից օգտվելու համար ֆինանսներ չունի:
Լուսաձորում միայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով կատարված ներդրումները չեն, որ խնդիրներ են հարուցել: Համաշխարհային բանկի «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» վարկային ծրագրով 2007թ.-ին «Պուճուր» ՍՊԸ-ն 60 հա առվույտ է ցանել: Սակայն սերմացուի մեջ գերակշռել են գայլուկի սերմերը: Կազմվել է վնասը հաշվարկող հանձնաժողով: Այդ հանձնաժողովի որոշմամբ, որպես վնասների փոխհատուցում, 60 հեկտարից 50-ում 2007-ի աշնանը վար է կատարվել, 10-հեկտարում 2008-ի գարնանը առվույտի վերացանք է արվել:
Նույն` «Բնական պաշարների կառավարում եւ չքավորության նվազեցում» ծրագրով գյուղի դեգրադացված տարածքներում 2008 թվականին տեռասներ են հիմնվել. տնկվել է 5 հա պտղատու այգի: Այն ցանկապատվել է, գյուղի բնակիչներն ունեցել են այգու իրենց հատվածը: Գյուղապետի խոսքերով` սկիզբը հաջող էր, տնկիների կպչողունակությունը կազմել է 85 տոկոս: Սակայն…
«Գյուղացիներն իրենց հատվածներին տիրություն չարին: Հրդեհ եղավ, այգու մեծ մասն այժմ գոյություն չունի»,- փաստում է համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Մեկնաբանել