HY RU EN

Արաքս Մամուլյան

Պատգամավոր Ֆ. Ցոլակյանը դատարան չէր եկել․«Զինված խմբի» գործով ամբաստանյալին ազատ արձակելու միջնորդության քննությունը հետաձգվեց

Նորքի «զինված խմբի» գործով ամբաստանյալ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննարկումն այսօր չավարտվեց։

Ավելի վաղ գրել էինք, որ Մարգարյանին ԱԺ պատգամավորներ Ալիկ Սարգսյանի և Ֆելիքս Ցոլակյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ այսօր միջնորդություն է  ներկայացվել դատարան, և դատական նիստն ընդմիջվել է, որպեսզի երաշխավորություն ներկայացրած պատգամավորները ներկայանան դատարան։

Վերսկսված դատական նիստին Ալիկ Սարգսյանը ներկայացել էր, իսկ Ֆելիքս Ցոլակյանը հայտնել էր, որ այսօր ներկայանալ չի կարող։ Թեև դատավարության կողմերը, այդ թվում՝ մեղադրող դատախազները չառարկեցին, որ մեկ պատգամավորի դատարան ներկայանալու պայմաններում միջնորդությունը լուծվի, դատավոր Արմեն Բեկթաշյանը հետաձգեց դատական նիստը։ Վերջինս նշեց, որ թեև կողմերն առարկություններ չունեն, օրենքը հստակ սահմանում է, որ անձի համար երաշխավորություն ներկայացրած անձը պետք է զգուշացվի երաշխավորության դեպքում օրենքով սահմանված իր իրավունքների և պարտավորությունների մասին։

Նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնելիս պատգամավորները, որոնց թիվը  երկուսից պակաս լինել չի կարող, պարտավոր են նվազագույն աշխատավարձի հինգ հարյուր հազարապատիկի չափով գումար վճարել դատարանի դեպոզիտ հաշվին։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ երաշխավորողի կողմից մուծված դրամական գումարը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերածվում է պետության եկամտի, եթե երաշխավորողը  չի կատարել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իր պարտավորությունը, ինքնակամ հրաժարվել է երաշխավորությունից:

Նկատի ունենալով, որ Ֆելիքս Ցոլակյանը սահմանված կարգով չի զգուշացվել երաշխավորության վերաբերյալ իր իրավունքների և պարտականությունների մասին՝ դատարանը որոշեց հետաձգել այսօրվա նիստն ու հաջորդը նշանակեց հունիսի 15-ին։

Այս հանգամանքը զայրույթ առաջացրեց գործով ամբաստանյալների մտերիմների ու հարազատների շրջանում։ Նրանցից  ոմանք, ինչպես նաև դատարանի դիմաց առավոտից բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հավաքվել են դատարանի առջեւ ու հայտարարում են, թե թույլ չեն տալու, որ դատախազներն ու դատավորը դուրս գան շենքից։