HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղի» գործով չորս երիտասարդ ազատվեց կալանքից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում տեղի ունեցավ Սարի թաղում 2016թ. հուլիսի 19-ին զանgվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի, Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը։ Նիստին փաստաբան Գ. Բալասանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Հրայր Իսախանյանի խափանման միջոցի վերաբերյալ, այն է` կալանքը որպես խափանման միջոց վերացնել կամ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրությամբ չհեռանալու մասին։ Իսկ գրավի վերաբերյալ փաստաբանը նշեց, որ դա նախընտրելի չէ, քանի որ իր պաշտպանյալը սոցիալապես անապահով է։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ միանում է ներկայացված միջնորդությանը եւ ընդգծեց ողջամիտ ժամկետում նիստեր անելու պարտավորության մասին:

Նա հիշեցրեց, որ դատավորի զբաղվածության պատճառով նիստերը տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, որն էլ մի քանի անգամ դժգոհության պատճառ է դարձել։ Լիպարիտ Սիմոնյանը եւս միջնորդություններ նեկայացրեց իր պաշտպանյալներ Հարություն Թորոսյանի, Անդրանիկ Քյոսեյանի եւ Էդուարդ Զեյթունյանի վերաբերյալ։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ընդհատեց ներկայացվող միջնորդությունը՝ հայտնելով, որ գուցե մյուս միջնորդության որոշումը հրապարակվի, հետո շարունակեն նիստը, սակայն փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի նշեց, որ այսպես ժամանակն ավելի արդյունավետ կօգտագործեն։ Փաստաբանը միջնորդեց Հարություն Թորոսյանի եւ Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինել ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցով։ Իսկ Անդրանիկ Քյոսեյանի նկատմամբ ստորագրությամբ կամ 500 հազար դրամ գրավ՝ հաշվի առնելով նախկինում դատվածությունը։

Դատախազ Էդգար Պետրոսյանն անդրադարձավ ներկայացված միջնորդությանը, նշեց, որ Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի  վերաբերյալ միջնորդության դեմ չի առարկում, սակայն առարկում է Անդրանիկ Քյոսեյանի վերաբերյալ միջնորդության դեմ։

Դատավոր Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից վերադառնալով` հայտնեց, որ բավարարում է ներկայացված միջնորդությունները: Ըստ այդմ` Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի նկատմամբ ընտրվեց ստորագրությունը որպես խափանման միջոց, իսկ Անդրանիկ Քյոսեյանի նկատմամբ՝ 700 հազար դրամ գրավը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter