HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում ավտորիտար համակարգի ապամոնտաժման ճանապարհային քարտեզը

Երեկ «ՄԻԺԻ» գրասենյակում «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ընտրությունների այլընտրանքը» հրապարակային քննարկումների շարքից երկրորդ՝ «Հայաստանում ավտորիտար իշխանության ապամոնտաժման ճանապարհային քարտեզը» թեմայով սեմինարը։ 

Ստորև «Սարդարապատ» շարժումը ներկայացվում է միջոցառման բանաախոսի՝ քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի զեկույցն ամբողջությամբ։ 

«Ավտորիտար պետական համակարգերի ապամոնտաժման հարցը ժամանակակից քաղաքագիտության ակտուալ խնդիրներից մեկն է: Քաղաքական իրադարձությունները արաբական երկրներում և հետխորհրդային տարածքում, ներառյալ Ռուսաստանում վկայում են, որ անցյալ դարում ձևավորված ավտորիտար պետական համակարգերը այսուհետ չեն բավարարում հասարակությունների պահանջներին:

Տեսականորեն հնարավոր են ավտորիտար պետական համակարգերի ապամոնտաժման երեք տեսակի գործընթացներ: Դրանք կարող են փոփոխվել իշխող վերնախավի նախաձեռնությամբ, իշխող վերնախավի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով կամ քաղաքացիական հասարակության ընդդեմ իշխող վերնախավի պայքարի միջոցով:

Ավտորիտար պետական համակարգի հիմնական թերություններն են պետական իշխանության չարաշահումները և պետական իշխանության անկարողությունը սպասարկել հասարակության հիմնական պահանջները: Հայաստանում առանձնահատկությունն այն է, որ ավտորիտար պետական համակարգի ապամոնտաժման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել արտաքին ռազմական ագրեսիայի հնարավորությունը:

Հայաստանում ավտորիտար պետական համակարգի ապամոնտաժումը կապված է երեք նոր քաղաքական ինստիտուտների ձևավորման հետ:

Առաջին ինստիտուտը, որը պայմանականորեն կարելի է անվանել Սահմանադրական ժողով` նոր պետական իշխանության կոլեգիալ մարմին է, որը ստեղծված է ուղիղ ժողովրդավարության սկզբունքի կիրառմամբ:

Այդ ինստիտուտի նպատակն է սահմանափակել պետական իշխանության չարաշահումները և արդյունավետ պաշտպանության տակ վերցնել Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքները:

Քաղաքացիները իրավունք ունեն իրենց սեփական նախաձեռնությամբ գումարել Սահմանադրական ժողով: Այդ իրավունքը բխում է միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքից և այդ իրավունքի պրակտիկ իրականացումն է: Այդ իրավունքը ճանաչված է նաև մեր պետության սահմանադրության այն մասում, որտեղ ասված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, հետևաբար, եթե ժողովրդի մեծամասնությունը կողմ լինի Սահմամադրական ժողովի գումարմանը, ապա այն կարող է դառնալ մեր երկրում իշխանության նոր լիգիտիմ մարմին: 

Նոր Հանրապետության հիմնադրման իրավական հիմքը 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրավունք ունեն երկրում այնպիսի սոցիալական իրավակարգ ստեղծելու, որի առկայության դեպքում յուրաքանչյուր քաղաքացու համար կապահովվի արժանապատիվ կյանք և իր անքակտելի իրավունքների լիարժեք իրականացում: Այդ նպատակին հասնելու համար քաղաքացիները կարող են հիմնադրել նոր Հանրապետություն:

2. Նոր Հանրապետության հիմնադրման մասին որոշումը պետք է ընդունվի քաղաքացիների մեծամասնության կողմից` նրանց կամքի ազատ դրսևորման հիման վրա: Այս դեպքում այդ քաղաքական որոշումը կունենա ազգային օրենքի ուժ, որը պարտադիր կատարման կլինի երկրի ներսում և կճանաչվի միջազգային հանրության կողմից։

3. Կամքի ազատ դրսևորման ձևը կարող է լինել Հանրային Պայմանագրի ստորագրումը քաղաքացիների կողմից:

4. Հանրային Պայմանագիրը պետք է ներառի հստակ ձևակերպված քաղաքական որոշում` նոր հանրապետության հիմնադրման վերաբերյալ` իշխանության իրավահաջորդության սկզբունքի հիման վրա:

5. Հանրային Պայմանագիրն իրենից ներկայացնում է միավորման համար բաց ազգային կոնվենցիա, որը ազգային օրենքի ուժ է ստանում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների մեծամասնության կողմից՝ այն ստորագրելու պարագայում: Հանրային Պայմանագրի ստորագրման գործընթացը պետք է կազմակերպվի ողջամիտ ժամկետում, լինի թափանցիկ և բոլորին մատչելի:

6. Հանրային Պայմանագիրը պետք է ներառի հետևյալ դրույթները.

6.1 Հիմնադրել նոր Հանրապետություն,

6.2 Դադարեցնել ընտրությունների կազմակերպման համար Հանրապետության պետական մարմինների լիազորությունները,

6.3 Նոր Հանրապետության սահմանադրության մշակման համար գումարել Հիմնադիր Սահմանադրական ժողով,

6.4 Լիազորել Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի համագումարին Ազգային Ընտրական Հանձնաժողով կազմավորելու իրավունք` Հիմնադիր Սահմանադրական ժողովի ընտրությունները կազմակերպելու և նոր Հանրապետության Սահմանադրության հարցի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար,

6.5 Լիազորել Հիմնադիր Սահմանադրական ժողովին պետական գործերի կառավարման համար, մինչև նոր հանրապետության պետական մարմինների ընտրությունները, նշանակել Անցումային Կառավարություն։

6.6 Լիազորել Անցումային Կառավարությանը մինչև նոր հանրապետության պետական մարմինների ընտրություններն իր վրա վերցնել պետական գործերի կառավարումը:

7. Հանրային Պայմանագրի ստորագրումը Հայաստանի քաղաքացիների բաց, գրավոր համաձայնությունն է` վերոնշյալ քաղաքական որոշումների իրականացման համար: Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից Հանրային Պայմանագրի ստորագրումը լեգիտիմ իրավական հիմք է ստեղծում Ազգային ընտրական հանձնաժողովի ձևավորման, ինչպես նաև Հիմնադիր Սահմանադրական ժողովի գումարման և Անցումային Կառավարության նշանակման համար:

Քայլ առ քայլ իրականացվող քաղաքական տեխնոլոգիա 

1. Նախաձեռնող քաղաքական խումբը հրապարակավ պահանջ է ներկայացնում նոր հանրապետության հիմնադրման վերաբերյալ:

2. Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի Համագումարն իր աջակցությունն է հայտնում այդ որոշմանը և հաստատում Հանրային Պայմանագրի տեքստը, որը բաց է Հայաստանի քաղաքացիների համար` այն ստորագրելու համար:

3. Շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերն ազգային ցանց ձևավորելու համար` ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից Հանրային Պայմանագրի ստորագրումն իրականացնելու նպատակով:

4. Հայաստանի քաղաքացիների մեծամասնության ներգրավումը Հանրային Պայմանագիրը կյանքի կոչելու գործին իրականացվում է տեղերում քարոզչության, համաժողովների, հրապարակային քննարկումների և սեմինարների միջոցով:

5. Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի համագումարն հաստատում է բնակչության մեծամասնության ստորագրահավաքի փաստը, նշանակում է Ազգային ընտրական հանձնաժողով և հայտարարում է Հիմնադիր Սահմանադրական Ժողովի գումարման մասին:

6. Ազգային ընտրական հանձնաժողովն անցկացնում է Հիմնադիր Սահմանադրական ժողովի ընտրությունները:

7. Իր առաջին նիստին Հիմնադիր Սահմանադրական ժողովը նշանակում է Անցումային Կառավարություն, հայտարարում է գործող պետական մարմինների լիազորությունների դադարեցման մասին և միջազգային հանրությանը ծանուցում է նոր կառավարությունը ճանաչելու համար:

8. Անցումային Կառավարությունը բանակցություններ է վարում երրորդ Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ` իշխանությունը փոխանցելու հարցի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքում ընդունվում է Հռչակագրի նախագիծ` երրորդ Հանրապետության ժամանակահատվածում կուտակված մասնավոր կապիտալների օրինականացման կանոնների վերաբերյալ:

9. Անցումային Կառավարությունն իր վրա է վերցնում երկրի ղեկավարումը:

10. Հիմնադիր Սահմանադրական ժողովն ընդունում է Հռչակագիր երրորդ Հանրապետության ժամանակահատվածում կուտակված մասնավոր կապիտալների օրինականացման կանոնների մասին, ընդունում է որոշում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ և հայտարարում է հանրաքվե անցկացնելու մասին:

11. Ազգային ընտրական հանձնաժողովը հանրաքվե է անցկացնում նոր Հանրապետության սահմանադրության հարցի վերաբերյալ: Հանրաքվեի արդյունքում Անցումային Կառավարությունն իրազեկում է ՄԱԿ-ին` Հայաստանում նոր Պետության կազմավորման մասին:

12. Անցումային Կառավարությունը ձևավորում է Ընտրական հանձնաժողով` համապատասխան նոր Հանրապետության Սահմանադրության:

13. Ընտրական հանձնաժողովն անցկացնում է նոր Հանրապետության պետական մարմինների ընտրություններ:

14. Նոր Հանրապետության պետական մարմիններն իրենց վրա են վերցնում երկրի ղեկավարման գործառույթները: Անցումային Կառավարությունը դադարեցնում է իր գործունեությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter