HY RU EN

Դիանա Ղազարյան

Իրավաբան Վահե Գրիգորյանը Մասիսի քաղաքապետի աջակիցներից մեկին կասկածում է իրեն առեւանգելու փորձի մեջ

«SOS» հաղորդաշարի ստեղծագործական խումբը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում առավոտյան հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երեկ գիշեր փորձել են առևանգել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի իրավաբան Վահե Գրիգորյանին։ Նրանք առևանգման փորձը կապում են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցներից մեկի հետ:

Նշենք, որ օրեր առաջ Վիլեն Գայֆեջյանի և Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանի միջև ֆեյսբուքյան բանավեճ էր ծագել, որի արդյունքում Վիլենը դիմել է Փաստաբանների պալատ՝ Աթանեսյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Վիլենի շահերի պաշտպան, իրավաբան Վահե Գրիգորյանը, երեկոյան հեռախոսազանգ է ստացել Մասիս համայնքի բնակիչներից մեկից, ով հայտնել է, որ ցանկանում է հանդիպել իր հետ, խոսելու բան ունի: «Ասեց՝ խնդրում եմ էլի, մի հատ հանդիպենք, խոսանք: Հեռախոսով չեմ կարող ասել»,-ասաց իրավաբանը:

Վահեի փոխանցմամբ՝ հադիպումը կայացել է իր բնակարանի դիմաց, իսկ խոսակցությունը շարունակվել է այդ տղայի ավտոմեքենայում: Վահեն ասում է, որ հադիպմանը եկած տղամարդն իրեն հայտնել է, թե Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի մերձավորներից մեկն իր մտերիմ ընկերն է:

Տղամարդը իրավաբանից հետաքրքրվել է Վիլեն Գայֆեջյանի՝  Փաստաբանների պալատ ներկայացրած դիմումից, իրավաբանի՝ Գայֆեջյանի հետ ունեցած կապից և Գրիգորյանի գործունեությունից:

Ձախից` Վահե Գրիգորյանը, Վիլեն Գայֆեջյանը

Խոսակցության ընթացքում տղամարդը խոստովանել է, որ իրենց զրույցը հեռախոսով մեկ այլ մարդ էլ է լսում, բացի այդ` իրավաբանը նկատել է, որ նրա հեռախոսը միացված է:

Իրավաբան Վահե Գրիգորյանի խոսքով` իր կամքին հակառակ տղամարդը սկզբում ավտոմեքենան վարել է իր բնակության փողոցի երկայնքով, ապա շրջադարձ է կատարել և ասել՝ գնում եմ խախանդ տեղ խոսալու: Իրավաբանը բացել է ավտոմեքենայի դուռը և դուրս եկել: «Հետո ասեց, որ էս հարցը էսպես չի ավարտվելու, մենք դեռ կհանդիպենք»,-ասում է Վահե Գրիգորյանը:

Առևանգման փորձի առնչությամբ իրավաբանն արդեն դիմել է ոստիկանություն:

Մասիսի քաղաքապետի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հերքեց իր պաշտպանյալի որևէ առնչություն այս դեպքի հետ և դա որակեց զրպարտություն Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ: «Ես անգամ արձագանքի արժանի չեմ համարում նման զրպարտությունը»,-ասաց փաստաբան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Էրեբունի փողոցում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու մեջ մեղադրվող Մասիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը օրեր առաջ ազատ արձակվեց: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ի ուրախություն իր պաշտպանյալի ազատ արձակման, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Համբարձումյանի հետ լուսանկար հրապարակեց` մակագրելով. «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք առայժմ մեղադրյալ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հետ իմ գրասենյակում»:

Այս լուսանկարի տակ «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանը հետեւյալ մեկնաբանությունը գրեց. «Հույս ունեմ ուժեղ սարկազմ ա... Էն կարգի, որ դաժը ես՝ ցինիկս, չընկալեցի»:

Մեկնաբանությանն ի պատասխան` փաստաբան Աթանեսյանը Վիլենին պատասխանեց, թե կարող է համենալ, եւ միասին կհամոզվեն, որ դա ճշմարտություն է:

«Ճշմարտությունը մի բան ա էս պարագայում...որ ինքը ցուցարար ա ծեծել ու դրա համար պետք ա պատասխան տա.. մարդկային հատկանիշները ընկնում են 5-րդ պլան... մերսի հրավերի համար, բայց մեծ հաճույքով մերժում եմ»,-ասել էր Վիլեն Գայֆեջյանը:

Սրան ի պատասխան` փաստաբան Աթանեսյանը վիրավորել էր հաղորդավարին` ասելով. «Դե սիկտիր եղի, այ դիշովկա»:

Այս միջադեպից հետո Վիլեն Գայֆեջյանը դիմել է Փաստաբանների պալատ՝ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու պահանջով: Պալատը վարույթն արդեն հարուցել է: